Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իտալիայի նորանշանակ դեսպանը (տեսանյութ)

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իտալիայի նորանշանակ դեսպան Ալեսսանդրո Ֆեռանտին։ Նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ։

Նա ընդգծել է, որ պատմական սերտ առնչություններն ու ընդհանուր արժեհամակարգերը նպաստել են Հայաստանի և Իտալիայի ժողովուրդների միջև բարեկամական կապերի ձևավորմանը և զարգացմանը։ Վահագն Խաչատուրյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Իտալիայի հետ փոխշահավետ համագործակցության խորացումը։

Նա վստահեցրել է, որ Հայաստանի ղեկավարությունը պատրաստ է հնարավորինս աջակցել դեսպանին՝ Հայաստան-Իտալիա հարաբերությունների զարգացմանն ուղղված բոլոր նախաձեռնություններում։ Նախագահ Խաչատուրյանը կարևորել է նաև ապակենտրոնացված համագործակցության և խորհրդարանական մակարդակով գործակցության դերը։ Նորանշանակ դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և բարեկամական խոսքերի համար՝ վստահեցնելով, որ իր պաշտոնավարման ընթացքում կգործադրի բոլոր ջանքերը՝ երկկողմ կապերն ամրապնդելու և ընդլայնելու ուղղությամբ։

«Մեծ ոգևորությամբ և պատասխանատվությամբ եմ ստանձնում իմ առաքելությունը Ձեր երկրում»,- նշել է դեսպանը։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները երկուստեք կարևորել են Հայաստան-Իտալիա կապերի առավել ամրապնդումն ու համակողմանի համագործակցության շարունակական զարգացումը, մասնավորապես տնտեսական, տեղեկատվական տեխնոլոգիաների և մշակութային ոլորտներում։

Նախագահը ընդգծել է, որ Հայաստանի համար Իտալիայի հետ հարաբերությունները կարևոր են ոչ միայն երկկողմ, այլև Եվրոպական կառույցների շրջանակում համագործակցության տեսանկյունից։