Դա շատ վտանգավոր է. Զախարովան՝ Հայաստանի ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորության մասին
Աջակցիր «Ա1+»-ինՄոսկվան շփվում է Երևանի հետ և զգուշացնում Արևմուտքի հակառուսական կուրսի ռիսկերի և հնարավոր հետևանքների մասին՝ РИА Новости-ի հետ հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Ռուսական կողմը ցանկանում է, որ Հայաստանը պահպանի ինքնիշխանությունը և զարգացնի քաղաքականությունը՝ հաշվի առնելով ազգային շահերը»,- հավելել է Զախարովան:
Զախարովայի խոսքով՝ Ռուսաստանի մտադրությունների անկեղծության մասով հայկական կողմի կասկածների պատասխանը պատմությունն է:
«Մեր տղաները պաշտպանել են Հայաստանը։ Ռուսաստանի ղեկավարությունը և Վլադիմիր Պուտինն անձամբ բազմիցս ջանքեր են գործադրել տարածաշրջանում արյունահեղությունը դադարեցնելու համար»,- շեշտել է Զախարովան, հավելել՝ Ռուսաստանը նաև ֆինանսական և տնտեսական օգնություն է ցուցաբերել՝ փոխարենը ոչինչ չպահանջելով:
ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հնարավոր դադարեցումը պետք է բխի Հանրապետության իրական կարիքներից, այլ ոչ թելադրվի Արևմուտքի կողմից՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: Նա պնդել է, թե ՀԱՊԿ-ից դուրս գալը չի բխում Հայաստանի ազգային շահերից:
Միաժամանակ, Մարիա Զախարովան նշել է, որ յուրաքանչյուր երկիր ազատ է ընտրելու, թե որ կազմակերպությունների հետ է ցանկանում զարգացնել հարաբերությունները՝ հիմնվելով կոնկրետ պատճառների ու գործոնների վրա։
«Դա պետք է արվի՝ հաշվի առնելով իրականությունը: Պետք չէ խաղեր խաղալ, դա շատ վտանգավոր է, քանի որ խոսքն անվտանգության մասին է»,- ընդգծել է Զախարովան:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը կրկին պնդել է, թե ՀԱՊԿ-ին ուղղված մեղադրանքներն անհիմն են: