Բացել լրահոսը Փակել լրահոսը
1131267
A A
Քաղաքականություն

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը և ԵՀ պաշտոնյան կարևորել են ԼՂ-ից տեղահանվածների զբաղվածության հնարավորությունների բարձրացումը

 Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության Արևելյան հարևանության և ինստիտուտների հզորացման հարցերով նորանշանակ տնօրեն Ադրիեն Կիրալիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:

Ինչպես տեղեկացրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակը, ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել Ադրիեն Կիրալիին Հայաստան կատարած այցի համար և հակիրճ ներկայացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց առաջնային կարիքների հասցեագրման, այդ թվում՝ կեցության աջակցության ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից ձեռնարկված քայլերը: Մանրամասն անդրադարձ է կատարվել բռնի տեղահանվածների բնակարանային ապահովության ուղղությամբ նախատեսվող աշխատանքներին: Բռնի տեղահանված անձանց համար կայուն կենսապայմանների ապահովման տեսանկյունից զրուցակիցները կարևորել են զբաղվածության հնարավորությունների և դիմակայունության բարձրացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շարունակականությունը։

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։