Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տոմսի գինը` էկրանին

Հասարակություն
1136bd320b747f8a78d3caacb90152ba

Երկու րոպեում այլեւս հնարավոր կլինի գնացքի տոմս գնել: «Նախկինում մեկ տոմս լրացնելու համար անհրաժեշտ էր 7-8 րոպե, քանի որ ամեն ինչ ձեռքով էր լրացվում»,- ասում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի Ուղևորափոխադրումների տնօրինության փոխտնօրեն Կարինե Գրիգորյանը:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի «Երևան» կայանում այսօր մեկնարկեց 160 հազար ԱՄՆ դոլար արժողության «Օրիոն» ավտոմատացված համակարգը, որի օգնությամբ տոմսի առաջին պատվերն իրականացրեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը:

Կայանի դահլիճում տեղադրված էկրանի վրա ուղևորն արդեն տեղեկանում է, թե ինչքան ազատ տեղ կա տվյալ գնացքում, ինչպես նաև տոմսի արժեքը: «ՀԿԵ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Մարատ Խակովը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ այս համակարգը կվերացնի անցած տարի առկա խնդիրները` տոմսերի պատճենների, ինչպես նաև տոմսերի կրկնակի վաճառքը:

«Հաջորդ քայլում հնարավորություն կտրվի ձեռք բերել տոմսերը էլեկտրոնային տարբերակով,- հայտնեց տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը: -Ինչպես նաև մինչև տարվա վերջ քայլեր կարվեն ավտոբուսներում նման համակարգ տեղադրելու ուղղությամբ»:

Ուղևորափոխադրումների տնօրինության պետ Գագիկ Մովսիսյանը հայտնեց, որ ինտերնետով վաճառքի դեպքում մտավախություն կա, որ մեծ պահանջարկի պատճառով բոլոր տոմսերը կվաճառվեն ինտերնետի միջոցով և տոմսարկղից գնելու տոմս չի մնա: Ուստի ինտերնետի միջոցով տոմսերի վաճառք չի լինի, այլ կլինի տոմսերի պատվիրում, այն էլ որոշակի քանակության:

Քանի որ գնացքների միջազգային երթերի տոմսերը հաշվարկվում են շվեյցարական ֆրանկով, ՀՀ-ում տոմսի գները պայմանավորվում են դրամի բանկային կուրսի հետ:

Նոր համակարգի ներդրման հետ կապված տոմսի արժեքի մեջ ներառված են ապահովագրական վճարները, որոնք կազմում են 200 դրամ` Երևան-Բաթումի-Երևան երթուղու համար և 250 դրամ ` Երևան-Թբիլիսի-Երևան երթի համար:

Ի հեճուկս բոլոր բարեփոխումների, այնուամենայնիվ, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն չի կարող ապահովել Հայաստանի ամբողջ պահանջարկը: «Անցած տարի մոտ 80 հազար ուղևոր է մեկնել Բաթումի, իսկ երկաթուղին այս տարի կարող է սպասարկել մինչև 30 հազար ուղևորի»,- հայտնեց Գագիկ Մովսիսյանը:

«Ա1+»-ը զրուցեց նաեւ ուղեւորների հետ:

«Առաջվա հետ համեմատած որակը լավացել է, բայց գների առումով չէի ասի, որ լավ է, գնաճի հետ կապված ոչ գնացքինն է նորմալ, ոչ ինքնաթիռինը: Իսկ եթե համեմատենք հանրապետության ներսում գործող միկրոավտոբուսների հետ, գերադասելի են գնացքները»,- ասում է Աշոտ Պետրոսյանը:

22-ամյա Կարինե Ֆահրադյանն էլ ավելացրեց, որ Արմավիրի գնացքը անցած տարի 150 դրամ էր, իսկ այս տարի դարձել է 200 դրամ, թեև վագոնները մարդաշատ են, և շատ ուսանողներ են օգտվում:

Բարեփոխումները առայժմ չեն ազդում աշխատակիցների վիճակի վրա. 55-ամյա Ներսես Աբելյանը, ով արդեն 6 տարի աշխատում է այստեղ, ստանում է ընդամենը 60-80 հազար դրամ աշխատավարձ. «Այսպիսի տենդենց կա. չե՞ս ուզում աշխատել, մարդիկ հերթի են կանգնած, կգան, կաշխատեն: Դրա համար էլ աշխատողները վախից ստիպված աշխատում են այդքան ցածր աշխատավարձով»: