A
A
Վարդան Ղուկասյանի անդամությունը «Հանրային Ձայն» կուսակցությունում դադարեցվել է
Աջակցիր «Ա1+»-ինՀունվարի 9-ին տեղի է ունեցել «Հանրային Ձայն» կուսակցության կառավարման խորհրդի նիստ։
Ինչպես հայտնում են «Հանրային Ձայն» կուսակցության կառավարման խորհրդից, նիստում պարզվել է, որ կուսակցության խորհրդի անդամ Վարդան Ղուկասյանը հանդիսանում է նաև ՌԴ քաղաքացի, գրանցված ՌԴ Կալինինգրադ քաղաքում։
«Կուսակցության կանոնադրության 3.8.5 կետի ուժով, այլ պետության քաղաքացիություն ստանալու դեպքում կուսակցության անդամությունը դադարեցվում է։
Այս հիմքով կառավարման խորհուրդը դադարեցված է համարել Վարդան Ղուկասյանի անդամությունը կուսակցությունում։
Սեփական դիմումների հիմքով դադարեցված է համարվել կուսակցության խորհրդի ևս 11 անդամի անդամակցությունը։
Խորհուրդը նաև ի գիտություն է ընդունել, խորհրդի ղեկավար Արտակ Գալստյանի լիազորագիրը, որով վերջինիս կառավարման խորհրդի ղեկավարի լիազորությունները փոխանցվել են խորհրդի անդամ Գագիկ Գալստյանին, դադարեցնելով մինչ այդ կուսակցության խորհրդի անդամ Վահան Ավագյանին տրված նույնաբովանդակ լիազորագրի գործունեությունը։
Բացի դրանից՝ «Հանրային Ձայն» կուսակցության կառավարման խորհուրդը, հաշվի առնելով մամուլում տարածված լուրերը, իրազեկում է քաղաքացիներին և կուսակցականներին, որ «Հանրային Ձայն» կուսակցությունը արտահերթ համագումար հրավիրելու որոշում չունի, նման համագումար հունվարի 19-ին չի անցկացվելու։
Սույն թվականի հունվարի 19-ին, «Մարիոթ» հյուրանոցում, կուսակցության նախկին անդամ Վարդան Ղուկասյան անունը կրող անձի կողմից հրավիրված համագումարը ապօրինի է, որևիցե աղերս չունի «Հանրային Ձայն» կուսակցության հետ։
Դիմում ենք նաև ՀՀ իրավապահներին՝ կասեցնել «Հանրային Ձայն» կուսակցության անունից ապօրինի հրավիրված համագումար կոչվող ապօրինի հավաքը։
Սույնով հայտարարում ենք նաև, որ Վարդան Ղուկասյան անունով անձը այլևս որևիցե քաղաքական առնչություն չունի ո՛չ «Հանրային Ձայն» կուսակցության և ոչ էլ կուսակցության Երևան քաղաքի ավագանիում գործող ֆրակցիայի հետ, և ո՛չ կուսակցության և ոչ էլ ավագանու անդամները չունեն պարտավորություն՝ վերջինիս հրահանգները կամ ցուցումները կատարելու, Երևանի քաղաքապետարանի գործունեության մասին նրան տեղեկատվություն փոխանցելու։
Ցանկացածը, ով կիրականացնի նման գործունեություն, կլինի կուսակցության անդամ թե ավագանի, պետք է գիտակցի, որ դա կատարում է իր անձնական պատասխանատվությամբ և կրելու է դրանից բխող քրեաիրավական հետևանքների ողջ պատասխանատվությունը»,- նշված է հայտարարության մեջ։
-----------------
«Հանրային ձայն» կուսակցության խորհրդի անդամ, հիմնադիր Վարդան Ղուկասյանն ուղիղ եթերում անդրադարձել է իր անդամությունը կուսակցությանը դադարեցնելու հարցին։
Ըստ Ղուկասյանի՝ այս խնդիրն առաջացրել է իշխանությունը, քանի որ ուզում է «պայթեցնել» կուսակցությունը։
Ղուկասյանի պնդմամբ՝ իր լիազորությունները չեն կարող դադարեցնել՝ կուսակցության կանոնադրությամբ։