Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Վերլուծաբաններն «աննախադեպ» են որակում Հայաստանի ու Ադրբեջանի միջև կալանավորների փոխանակումը (տեսանյութ)

Ամերիկայի Ձայն

ԱՄՆ պետքարտուղարությունն ու ամերիկյան փորձագիտական շրջանակները անդրադառնում են Երևանի ու Բաքվի միջև ընթացող զարգացումներին: Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու լինել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին. հայացք Վաշինգտոնից

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր է, և մենք կաջակցենք՝ դրան հասնելուն՝ երեկ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը:

Նախօրեին՝ պետքարտուղարությունում «Ամերիկայի ձայնի» բյուրոյի ղեկավար Նայք Չինգին տված հարցազրույցում Երևանի ու Բաքվի միջև խաղաղության հաստաման հույս էր հայտնել Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ’Բրայենը․ «Հուսով ենք, շատ շուտով ականատես կլինենք, որ կողմերը հասնում են խաղաղության համաձայնագրի [կնքմանը]։ Երկու կողմն էլ հայտարարել է, որ շահագրգռված է այդ անել: Մենք, նաև Եվրամիության մեր գործընկերները և մյուսները պատրաստ ենք օգնել: Կցանկանայինք տեսնել, որ այս ամենը շուտով իր ավարտին է հասել, քանի որ շուտափույթ խաղաղության կնքումը հսկայական օգուտներ կբերի»:

Օ՛Բրայենը գոհունակություն էր հայտնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև կալանավորվածների ու այլ հարցերի շուրջ համաձայնության կապակցությամբ՝ շեշտելով, թե կարևորն այն է, որ երկու երկրները խոսում են միմյանց հետ և գործնական համաձայնությունների հասնում․ «Նրանք համատեղ հայտարարություն տարածեցին, որն ի ցույց է դնում աջակցություն միմյանց նկատմամբ՝ բազմաթիվ առումներով, ներառյալ [աջակցություն] նրանց միջազգային ձգտումներին, որ [, օրինակ,] Ադրբեջանը հյուրընկալի կլիմայի հարցերով ՄԱԿ-ի հաջորդ համաժողովը, ինչի իրավունքն այժմ նա ստացավ: Հուսով ենք, դա շահավետ կլինի երկու երկրների համար, ինչպես նաև՝ Հայաստանի միջազգային ձգտումներին: Նման տեսակի աջակցության դրսևորումը՝ երկկողմանի նորմալ հարաբերություններ կառուցելուն ուղղված կարևոր քայլ է»։

Ընդգծելով ամերիկյան կողմի պատրաստակամությունը աջակցել գործընթացին և կրկին հյուրընկալել կողմերին՝ Օ՛Բրայանը տեղեկացրել էր՝ Վաշինգտոնը խրախուսում է երկու կողմերին հանդիպել, և մինչ այժմ յուրաքանչյուրն արձագանքել է, որ պատրաստ է աշխատել այդ ուղղությամբ:

Այդքանով հանդերձ՝ բարձրաստիճան ամերիկացի դիվանագետը նշել էր. «Այս տարվա համար բավարար ժամանակ չի մնացել [հանդիպում կազմակերպելու համար], բայց մենք ամեն ինչ կանենք»:

Վաշինգտոնում գործող վերլուծական կենտրոններից մեկի՝ «German Marshal Fund»-ի փորձագետ Դեյվիդ Սալվոն զգուշավոր լավատեսություն է հայտնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև կալանավորների փոխանակման ու այլ դրույթների շուրջ համաձայնության առնչությամբ՝ այն որակելով «աննախադեպ»:

Նրա խոսքով, նշվածն առաջին քայլն է հայ-ադրբեջանական հարաբերությունների բարելավման և առկա անվստահության նվազեցման երկարատև գործընթացում․ «Լիովին անակնկալ էր՝ շատ առումներով: Ռազմական գործողությունների ավարտից անմիջապես հետո երկու [երկրների] առաջնորդները հանդես եկան համատեղ հայտարարությամբ՝ առանց որևէ միջնորդի ստորագրության»:

Վերլուծաբանի կարծիքով, չնայած կողմերն այսօր շատ ավելի մոտ են խաղաղության պայմանագրին՝ բանակցային գործընթացը պարունակում է բազմաթիվ չկարգավորված հարցեր և խոչընդոտներ, որոնք դեռ անհրաժեշտ է հաղթահարել: Բայց հիշատակված համաձայնությունը որոշակի ցուցիչ է, որը վկայում է դեպի խաղաղություն առաջ շարժվելու կողմերի պատրաստակամության մասին․ «Կարծում եմ, երկու երկրներում էլ առկա է տրամադրվածություն՝ տարածաշրջանում խաղաղության և միմյանց հետ նորմալ հարաբերությունների հաստատման ուղղությամբ»:

Ադրբեջանում հայտարարված արտահերթ նախագահական ընտրությունները Դեյվիդ Սալվոն դիտարկում է խաղաղ գործընթացի համատեքստում՝ պարզաբանելով, թե հաղթանակած պատերազմի շնորհիվ այսօր նախագահ Ալիևի ժողովրդականությունը շատ բարձր է Ադրբեջանում: Հետևաբար՝ չափազանց հարմար պահ է արտահերթ ընտրություններ անցկացնելու և նոր մանդատ ստանալու համար․ «[Ընտրություններում տպավորիչ հաղթանակը] նրան կտա քաղաքական կապիտալ, որպեսզի այնուհետև կարողանա համաձայնության հասնել Հայաստանի հետ՝ խաղաղության պայմանագրի շուրջ»:

Վերլուծաբանի կարծիքով, խաղաղության ճանապարհին երկու կողմերի հասարակությունները պետք է հաղթահարեն տասնամյակների անվստահությունը, ցավն ու փոխադարձ թշնամանքը: Սալվոն հույս է հայտնել, որ արդեն գալիք տարում այս ուղղությամբ առաջընթաց կգրանցվի: