Հայաստանի տղամարդկանց հավաքականը պայքարում է մեդալների համար. շախմատի ԵԹԱ
Աջակցիր «Ա1+»-ինՉեռնոգորիայում կայացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում մնացել է անցկացնել մեկ տուր:
Հայաստանի տղամարդկանց հավաքականը նախավերջին մրցավեճում ոչ-ոքի խաղաց Հունաստանի հետ՝ 2:2: Մեր թիմից հաղթանակ տարավ Հայկ Մարտիրոսյանը: Գաբրիել Սարգսյանն ու Սամվեր Տեր-Սահակյանն ոչ-ոքի խաղացին իրենց մրցակիցների հետ, իսկ Հրանտ Մելքումյանը պարտվեց։
Ութ տուրից հետո Հայաստանի հավաքականը վաստակել է 11 միավոր և բաժանում է 3-6-րդ տեղերը: Աղյուսակը 13-ական միավորով գլխավորում են Գերմանիայի և Սերբիայի հավաքականները:
Այսօր կայանալիք 9-րդ տուրում մեր թիմը կհանդիպի Անգլիայի հետ: Հայաստանի հավաքականը մրցանակային տեղ կզբաղեցնի միմիայն հաղթանակի դեպքում:
Հայաստանի կանանց հավաքականը նախավերջին տուրում ոչ-ոքի խաղաց Վրաստանի հետ։ Լիլիթ Մկրտչյանը կրկին պարտություն կրեց: Մարիամ Մկրտչյանն ու Սուսաննա Գաբոյանը կիսեցին միավորներն իրենց մրցակիցների հետ։ Մեր թիմին վերահաս պարտությունից փրկեց Էլինա Դանիելյանը, որը հաղթանակ տարավ:
Հայաստանի կանանց հավաքականը դուրս մնաց մեդալների համար պայքարից, քանի որ 2 միավորով ետ է մնում 3-րդ տեղում գտնվող Ֆրանսիայից, որին պարտվել է նաև անձնական խաղում: Առաջնության եզրափակիչ տուրում մեր թիմը կհանդիպի Լեհաստանի հետ։