«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության հիմնադիրների հայտարարությունը
Աջակցիր «Ա1+»-ին«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության հիմնադիրներ Նուբար Աֆեյանը, Արթուր Ալավերդյանը և Ռիչարդ Ազարնիան տարածել են հայտարարություն՝ անդրադառնալով հայրենիքի և սփյուռքի առջև ծառացած այսօրվա ծանր մարտահրավերներին:
«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Հարգելի հայրենակիցներ,
Հայաստանում և Արցախում վերջին զարգացումները ևս մեկ անգամ ի ցույց դրեցին համահայկական միասնական տեսլականի և գործողությունների կարևորությունը:
Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտումների վայրի ու հետևողական քաղաքականության արդյունքում Արցախի ամբողջ բնակչությունը ստիպված էր լքել իր հայրենիքը մի քանի օրում: Արցախի պետական ու հանրային հայտնի գործիչները, այդ թվում՝ նախկին նախագահներն ու նախկին պետնախարար, «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը ձերբակալվել ու տեղափոխվել են Բաքու: Հայկական քաղաքակրթության հնագույն բնօրրաններից մեկը 2.5 հազարամյակում առաջին անգամ մնացել է առանց իր բնիկ ժողովրդի:
Այսօր Հայաստանի ինքնիշխանությունը, անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը լրջորեն վտանգված են: Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքները շարունակում են մնալ անտեսված: Նույնչափ վտանգավոր է Հայաստանի հասարակության և սփյուռքահայության շրջանում անտարբերության գերիշխող զգացումը, ինչը խոչընդոտում է ազգային համախմբմանը: Հայաստանի գործող վարչակազմի այս մարտահրավերներին դիմակայելու անկարողությունն ավելի է սրում իրավիճակը:
Այս և մեր առջև ծառացած բազմաթիվ այլ ճգնաժամային խնդիրներն արդյունավետորեն լուծելու համար վճռորոշ նշանակություն ունի ապագայի միասնական տեսլականի ձևավորումը, պատասխանատու ղեկավարումը, Հայաստանում և սփյուռքում կարող մասնագետների և ռեսուրսների ներգրավման արդյունավետ մեխանիզմների հարցում առկա բացի լրացումը:
Մենք հավատարիմ ենք ապագան միասին կերտելու մեր հռչակած առաքելությանը: Կարևորում ենք ջանքերի համակարգումը և մնայուն լուծումների համատեղ որոնման մեջ հայերի ու աշխարհում մեր բարեկամների ավելի խորը և ավելի լայն ներգրավումը:
Հայաստանի առումով մենք հրատապ ենք համարում հավաքական դիմադրողականության ուժեղացումը, առկա բոլոր ռեսուրսների մոբիլիզացիան, պատասխանատու կառավարման հաստատումը, պարտվողականության և խուճապային կեցվածքի մերժումը, ուժեղ և վստահելի գործընկերությունների ձևավորումը:
Արցախի առումով մենք շարունակելու ենք ձգտել այնպիսի լուծմանը, որը Արցախի ժողովրդին թույլ կտա անվտանգ ու արժանապատիվ կերպով վերադառնալ իրենց տները և կերաշխավորի նրանց ազգային, կրոնական, կրթական ու մշակութային իրավունքները՝ ներառյալ հայկական ժառանգության պահպանումը:
Սփյուռքի առումով ճակատագրական նշանակություն ունի մեր հավաքական ուժի օգտագործումը և ամբողջ աշխարհում սփյուռքի քայլերի համար ընդհանուր օրակարգի հաստատումը՝ կենտրոնանալով Հայաստանի անվտանգության և ինքնիշխանության և Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության վրա:
Մենք հանդես ենք եկել «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» հանրային նախաձեռնությամբ 2020թ. ավերիչ պատերազմից հետո՝ զարգացնելով մի երկխոսություն, որը կհանգեցներ փոխըմբռնման և Հայաստանի ու հայության ապագա տեսլականի ընդհանուր շրջանակի ձևավորման: Մեր կոչին արձագանքել է ավելի քան 110,000 մարդ աշխարհի 108 երկրից: Մեր նպատակներն ի սկզբանե պարզ էին. հաղթահարել բևեռացումը, վերացնել գերիշխող հուսահատությունը, ձևակերպել համակարգային լուծումներ, վերակտիվացնել հասարակությունը և զարգացնել պատասխանատվության ընդհանուր զգացում երկրի և դրա ապագայի հանդեպ:
Հայաստանի ու սփյուռքի կազմակերպությունների ու մասնագետների հետ ընդարձակ քննարկումների արդյունքում նախաձեռնությունը սահմանել է 15 նպատակներ՝ ձգտելով անդրադառնալ մեր առջև ծառացած մարտահրավերների ամբողջական շրջանակին և համայն հայության կայուն զարգացմանը:
Այս տարվա գարնանը մենք անցկացրինք առաջին քաղաքացիական ասամբլեան հայկական աշխարհում՝ Ապագա Հայկականի Համաժողովը, որտեղ հայրենիքից ու սփյուռքից մասնակիցները քննարկեցին 15 նպատակներից 3-ը (Պատմական պատասխանատվություն, Հայաստան-Սփյուռք միասնականություն և Բնակչության աճ) և ընդունեցին քաղաքականություն ու ծրագրային առաջարկներ: Համաժողովին նախորդել էր ավելի քան 100 հայ փորձագետների նախապատրաստական լայնածավալ աշխատանքը, որի արդյունքում երեք նպատակների շրջանակում կազմվել էին հնարավոր սցենարներ ու նախագծերի գաղափարներ: Համաժողովի արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Մենք երախտագիտություն ենք հայտնում մեր նախաձեռնությանը միացածներին այս ճակատագրական ժամանակներում իրենց անսասան աջակցության համար:
Մենք՝ հայերս, բոլոր մակարդակներում՝ անձնական, հասարակական և պետական, պետք է հաղթահարենք հուսահատությունը և պառակտվածությունը, դիմադրենք մեր ժողովրդի առջև ծառացած շարունակական մարտահրավերներին ու դժվարություններին և հավաքականորեն կերտենք պայծառ ապագա բոլոր հայերի համար: