Բացել լրահոսը Փակել լրահոսը
368083306_892028882289148_2472118318334374177_n
A A
Պաշտոնական

«Խաղաղության խաչմերուկը» հսկայական տնտեսական, սոցիալական և քաղաքական օգուտներ կբերի տարածաշրջանի բոլոր երկրներին․ Արմեն Գրիգորյան

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հարգելի՛ նախագահ,
Հարգելի՛ գլխավոր քարտուղար,
Հարգելի՛ պատվիրակներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք:

Ինձ համար մեծ պատիվ է մասնակցել Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի 21-րդ աշնանային նստաշրջանին։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին համաժողովը Հայաստանում անցկացնելու այս կարևոր նախաձեռնության համար։ Ես նաև իմ երախտագիտությունն եմ հայտնում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովին և բոլոր ազգային պատվիրակություններին իրենց ջանքերի համար՝ սատարելու ԵԱՀԿ-ի արժեքները և ամրապնդելու անվտանգությունն ու համագործակցությունը Եվրոպայում և նրա սահմաններից դուրս:

Ժամանակակից գլոբալացված աշխարհի արագ փոփոխվող բնույթը դինամիկ կերպով փոխակերպում է տարածաշրջանային անվտանգության համակարգերը, ինչպես նաև պետությունների ներսում տեղի ունեցող քաղաքական, տնտեսական և սոցիալական գործընթացները, ինչը երկրների կառավարությունների համար զգալիորեն ավելացնում է ռազմավարական մարտահրավերները: Սոցիալական կյանքի բոլոր ոլորտների վրա ազդող ժամանակակից անվտանգային խնդիրների բարդության հաշվառմամբ՝ անհրաժեշտություն է առաջանում լուծումները գտնել ջանքերի միասնության և մասնակցային քննարկումների միջոցով: Այս առումով ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի կանոնավոր հանդիպումները կարևոր դեր են խաղում գլոբալ մարտահրավերների և, մասնավորապես՝ ներկա փուլում ԵԱՀԿ անդամ պետությունների առջև ծառացած մարտահրավերների լուծման գործում։

Վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանն անցել է կտրուկ փոփոխությունների միջով, որոնք նոր տեսլական են ձևավորել միջազգային ասպարեզում նրա դերի մասին։ Ժողովրդավարացման գործընթացը շարունակաբար ամրապնդում է հայկական պետական ինստիտուտները և հայ հասարակությանը դարձնում ավելի դիմակայուն ներքին և արտաքին մարտահրավերների նկատմամբ։ Միաժամանակ, մեր երիտասարդ ժողովրդավարությունը դեռ պետք է անցնի տոկունության փորձության միջով, քանի որ տարբեր ուղղություններից բխող մարտահրավերները լուրջ են և ապակայունացնող։ Այնուամենայնիվ, մենք խորապես համոզված ենք, որ ժողովրդավարությունը կդիմանա փորձություններին, քանի որ Հայաստանի կառավարությունն ունի ուժեղ քաղաքական կամք՝ խորացնելու ժողովրդավարական կառավարումը, իսկ Հայաստանի ժողովուրդը վճռականորեն սատարում է ժողովրդավարական արժեքները: Հայաստանի ժողովրդի և կառավարության հայացքների այս միասնությունը պայմաններ է ստեղծում ժողովրդավարության հաջողության համար։ Այս համատեքստում միջազգային հանրության անսասան աջակցությունը Հայաստանի ժողովրդավարացմանը կապահովի Հայաստանում ժողովրդավարության հաջողությունը։

Հայաստանը ցանկանում է խաղաղություն հաստատել տարածաշրջանում, և մենք հաստատակամորեն հավատարիմ ենք խաղաղության օրակարգին ու շահագրգռված ենք Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմամբ։ Ցավոք, սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակվեց Լեռնային Ղարաբաղի վրա, որտեղ ռուս խաղաղապահների ներկայությամբ տեղի ունեցավ բնիկ հայ բնակչության էթնիկ զտում և ավելի քան 100.000 էթնիկ հայեր ստիպված եղան լքել իրենց տները և անցնել Հայաստան։

Չնայած բոլոր դժվարություններին, որոնց մենք այսօր բախվում ենք, Հայաստանը պատրաստ է աշխատել միջազգային գործընկերների հետ՝ տարածաշրջան խաղաղություն և զարգացում բերելու համար։ Այս համատեքստում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացն էական դեր ունի տարածաշրջանային կայունության ձևավորման տեսանկյունից։ Հայաստանը հրապարակայնորեն և թափանցիկ կերպով հայտարարել է, որ Ալմա-Աթայի հռչակագիրն այն հիմնարար փաստաթուղթն է, որի հիման վրա Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Իրականում, 2022թ. հոկտեմբերի 6-ին Ֆրանսիայի նախագահ Է. Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շ. Միշելի համատեղ ջանքերով Պրահայում կազմակերպված հանդիպմանը վարչապետ Փաշինյանը և նախագահ Ալիևը հաստատել են իրենց հավատարմությունը Ալմա-Աթայի հռչակագրին։ Հատկանշական է նաև, որ բրյուսելյան բանակցային գործընթացների ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել, որ երկու երկրների ղեկավարները հրապարակայնորեն ճանաչում են հարևան երկրի տարածքի ճշգրիտ չափը՝ ազդարարելու իրենց հավատարմությունը խաղաղության գործընթացին։ 2023թ. մայիսի 14-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպումից հետո նախագահ Միշելը հայտարարել է, որ «առաջնորդները հաստատել են իրենց աներկբա հավատարմությունը 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին և Հայաստանի (29.800 կմ2) ու Ադրբեջանի համապատասխան տարածքային ամբողջականությանը (86.600 կմ2)»: Նախագահ Միշելը նույնը կրկնել է 2023թ. հուլիսի 15-ին: Ավելին՝ 2023թ. հոկտեմբերի 5-ին Գրանադայում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շ. Միշելի, Ֆրանսիայի նախագահ Է. Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օ. Շոլցի քառակողմ հանդիպումը, որի ժամանակ վերահաստատվել է վերոնշյալ դիրքորոշումը։
Խաղաղության հաստատման գործընթացում հաջորդ կարևոր քայլը տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանն ուղղված ապագա պայմանավորվածությունների ձեռքբերումն է։ Հայաստանն իսկապես շահագրգռված է Հարավային Կովկասում ներառական տարածաշրջանային և միջսահմանային կապերի խթանմամբ։ Հաղորդակցության ուղիների ապաշրջափակման նպատակին հասնելու համար Հայաստանը կարևորում է հարգանքը հետևյալ չորս սկզբունքների նկատմամբ. ինքնիշխանություն, իրավազորություն, փոխադարձություն և հավասարություն: Մենք կարծում ենք, որ փոխկապակցված և տնտեսապես բարգավաճ տարածաշրջանը կդառնա կայուն խաղաղության գրավականը: Հենց այս ըմբռնմամբ է Հայաստանը ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Այս նախաձեռնությունը միտված է Հայաստանի և հարևան երկրների միջև հաղորդակցության զարգացմանը։ «Խաղաղության խաչմերուկը» մեծ ներուժ ունի Ծոցերը, Սև ծովը և Կասպից ծովը արդյունավետորեն կապելու տեսանկյունից: Այն հսկայական տնտեսական, սոցիալական և քաղաքական օգուտներ կբերի տարածաշրջանի բոլոր երկրներին:

Վերջում հարկ եմ համարում նշել, որ Հայաստանը ցույց է տվել իր միջազգային գործընկերներին, որ դիվերսիֆիկացնում է իր արտաքին և անվտանգային քաղաքականությունը։ Այս համատեքստում Հայաստանը կարևորում է գործընկերությունն արևմտյան և ասիական երկրների հետ։ Ցանկանում եմ նաև ընդգծել, որ Հայաստանում ընթանում է զինված ուժերի բարեփոխման լայնածավալ գործընթաց, որը ներառում է կառուցվածքային և բովանդակային փոփոխություններ։ Հարկ եմ համարում կրկնել, որ մենք ընկալում ենք Հայաստանի զինված ուժերի ժողովրդավարացումը, ինչպես նաև անվտանգության ոլորտում միջազգային գործընկերների հետ մեր համագործակցությունը՝ որպես Հայաստանի ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության և ժողովրդավարության պաշտպանության հիմնասյուներ։

Այս համատեքստում ցանկանում եմ օգտվել առիթից և բարձր գնահատել Հայաստանի Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի հովանու ներքո ԵԱՀԿ հատուկ աջակցությամբ ստեղծված «Անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողության ազգային հարթակը, որի շրջանակում մենք ակնկալում ենք ԵԱՀԿ-ի աջակցությունը հատկապես ՀՀ զինված ուժերի համար նախատեսված հակակոռուպցիոն ռազմավարության մշակման, «Պաշտպանության և անվտանգության ոլորտներում պատշաճ կառավարում և բարեվարքության ամրապնդում» կրթական ծրագրի ու ռազմաուսումնական հաստատություններում դասավանդվող «Մարդու իրավունքները զինված ուժերում» առարկայի վերանայման գործընթացներում։ Ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանի Անվտանգության խորհրդի գրասենյակը հարթակի մաս է և շարունակելու է աջակցել այս կարևոր նախաձեռնությունը։

Ամփոփելով՝ ցանկանում եմ ընդգծել, որ անվտանգությունը բազմաշերտ հասկացություն է և վերաբերում է քաղաքական, ռազմական, տնտեսական, բնապահպանական և անհատի անվտանգությանն առնչվող ոլորտներին։ Իր գոյության ամբողջ ընթացքում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը անդրդվելի է եղել իր տարեկան հռչակագրերի միջոցով հումանիտար և մարդու իրավունքներին առնչվող սպառնալիքները վերհանելու և առկա խնդիրները լուծելու հարցում: Հայաստանը կանգնած է ԵԱՀԿ-ի կողքին իր դժվար աշխատանքում, որն ընդգրկում է ահաբեկչության դեմ պայքարից մինչև կլիմայի փոփոխությանն առնչվող խնդիրները, կանանց իրավունքների պաշտպանության ոլորտը և երիտասարդության համար նախատեսված ծրագրերը, որոնք ուղղված են ավելի լավ ապագայի ստեղծմանը: Մենք բարձր ենք գնահատում նաև Հայաստանում ժողովրդավարական կառավարման ամրապնդմանն ուղղված ԵԱՀԿ շարունակական աջակցությունը:


Հարգելի մասնակիցներ,

Շնորհակալություն եմ հայտնում Ձեզ և հաջողություն մաղթում Երևանում անցկացվող ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի 21-րդ աշնանային նստաշրջանի աշխատանքներում: