Իսրայելի ոստիկանության կողմից ձերբակալված երեք հայերն ազատ են արձակվել
Աջակցիր «Ա1+»-ինԵրուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» կալվածքում իրավիճակը շարունակվում է մնալ լարված, բայց կայուն: Օրեր առաջ Իսրայելի ոստիկանության կողմից ձերբակալված երեք հայերն ազատ են արձակվել արդեն: Այս մասին «Հայերն Այսօր»-ին հայտնեց Երուսաղեմի հայ համայնքի անդամ Հակոբ Ճռնազյանը:
«Հողատարածքի մեծ մասը հիմա հայերի վերահսկողության տակ է: Բայց դեռևս մտավախություն կա, որ կրկին տարածք կներխուժեն ընկերության կողմից վարձված մարդիկ և ներկայացուցիչները, որպեսզի ձեռք բերեն մնացած տարածքները և ամբողջովին «Կովերի պարտեզը» իրենցը դարձնեն», - նշեց Հակոբ Ճռնազյանը:
Հիշեցնենք, որ Երուսաղեմի հին քաղաքի հայկական թաղամասի մի հատված Հայոց Պատրիարքարանը 99 տարով վարձակալության էր հանձնել իսրայելական «Խանա Գարդենս» ընկերությանը: Գործարքի հետևանքով Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունում և հայ համայնքում ստեղծվել էր մտահոգիչ իրավիճակ, քանի որ պարզվել էր, որ պայմանագիրը խաբեյությամբ է ստորագրվել և ընկերությունը պատրաստվում է վտարել հայ բնակիչներին և քանդել նաև կալվածքից դուրս այլ տարածքներ:
Ստեղծված իրավիճակի առնչությամբ Երուսաղեմի հայկական համայնքը մի քանի բողոքի ցույցեր է կազմակերպել։ Երուսաղեմի Հայոց պատրիարքը պայմանագիրը չեղարկելու մասին նամակ էր ուղարկել ընկերությանը, ինչը չի ընդունվել: Ի վերջո, Հայոց Պատրիարքությունը դատարան է դիմել՝ իրավիճակը հանգուցալուծելու համար: