Բացել լրահոսը Փակել լրահոսը
UK-Armenia Strategic Dialogue
A A
Պաշտոնական

Միացյալ Թագավորությունը ողջունում է Հայաստանի հետ նորացված հարաբերությունները Լոնդոնում կայացած ռազմավարական երկխոսության ընթացքում

Մամուլի հաղորդագրություն Բրիտանական դեսպանությունից

· ՄԹ Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթին առաջարկել է սերտացնել Հայաստանի հետ առևտրի և անվտանգության ոլորտում համագործակցությունը՝ օգնելու դիվերսիֆիկացնել Հայաստանի տնտեսությունն ու խթանել տարածաշրջանային անվտանգությունը։

· Դոքերթին ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ուղիղ բանակցությունների հրատապ անհրաժեշտությունը՝ երկարաժամկետ խաղաղության և կայունության հասնելու համար:

Բրիտանիան կընդլայնի Հայաստանի հետ կապերն առևտրի և անվտանգության ոլորտում՝ կառուցելով ավելի սերտ համագործակցություն և դիվերսիֆիկացնելով Հայաստանի տնտեսական հարաբերությունները, ասել է ՄԹ Եվրոպայի հարցերով նախարարը Լոնդոնում երեկ (նոյեմբերի 13-ին) կայացած միջոցառման ժամանակ։

Լեո Դոքերթին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ ՄԹ-Հայաստան առաջին ռազմավարական երկխոսության ընթացքում այս հանձնառությունն է ստանձնել՝ հիմնվելով ընդհանուր շահերի շուրջ քննարկումների վրա:

Նա ողջունել է կառավարման և օրենքի գերակայության ոլորտներում շարունակական համագործակցությունը, որն օգնում է ամրապնդել Հայաստանի քաղաքական ու տնտեսական դիմակայունությունը:

Երկխոսությունից հետո ՄԹ Եվրոպայի հարցերով նախարարն ասել է․

«Իսկապես դրական քննարկում ենք ունեցել ՄԹ - Հայաստան ռազմավարական երկխոսության առաջին հանդիպման ընթացքում: Կա զգալի դրական մղում և հնարավորություն՝ ամրապնդելու և խորացնելու մեր երկկողմ հարաբերությունները։ Մենք տեսնում ենք Հայաստանի կառավարության պատասխանատու և դրական մոտեցումը. դա դիրքորոշում է` միտված խաղաղության կառուցմանը և ցանկություն՝ զարգացնելու առևտրային կապերը ոչ միայն Միացյալ Թագավորության, այլև ողջ Կովկասի հետ: Մենք իսկապես կարևորում ենք Հայաստանի՝ որպես տարածաշրջանային պատասխանատու դերակատարի հետ ունեցած մեր հարաբերությունները»։

Տարածաշրջանում տեղի ունեցած վերջին իրադարձություններին անդրադառնալով՝ ՄԹ նախարարն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի՝ միջազգային միջնորդությամբ բանակցություններում արդյունավետ ներգրավման հրատապ անհրաժեշտությունը՝ խաղաղության պատմական համաձայնագրի հասնելու համար: Սեպտեմբերին Միացյալ Թագավորությունը 1 մլն ֆունտ ստեռլինգ է տրամադրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ)՝ սատարելու Լեռնային Ղարաբաղում և լայն տարածաշրջանում ստեղծված իրավիճակին հումանիտար աջակցությանը:

ՄԹ Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթին վերահաստատել է Միացյալ Թագավորության հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի ժողովրդավարական և կառավարման բարեփոխումներին։

Այս ֆինանսական տարում Բրիտանիան 1,8 միլիոն ֆունտ ստեռլինգ է տրամադրել «Լավ կառավարման հիմնադրամի» (GGF) միջոցով Հայաստանում ֆինանսավորվող ծրագրերի համար, որոնք խթանում են ներառականությունը, նորարարությունը և տնտեսական աճը:

Երեկ տեղի ունեցած ռազմավարական երկխոսությունը համընկել է Հայաստանի դեսպանության նոր՝ Լոնդոնի Փոլ-Մոլ պողոտայում գտնվող շենքի բացման հետ։ Նոր շենքը հնարավորություն կտա ընդլայնել դեսպանության ծառայությունները Միացյալ Թագավորության և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների ամրապնդմանը զուգընթաց:

Դոքերթին կշարունակի ռազմավարական երկխոսության թեմաների քննարկումը Երևանում՝ հաջորդ շաբաթ նախատեսվող իր այցի ընթացքում: