Ադրբեջանի ԱԳՆ-ն քննադատում է Նիկոլ Փաշինյանի ուղերձը Փարիզի Խաղաղության համաժողովում
Աջակցիր «Ա1+»-ին«Նոյեմբերի 10-ին Փարիզում կայացած Խաղաղության 6-րդ համաժողովի պանելային քննարկումներում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անհիմն հայտարարությունները ցույց են տալիս, որ Երևանը չի հրաժարվում քաղաքական շահարկումներից և խեղաթյուրված մեկնաբանություններից»:
Այդ մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի նոյեմբերի 10-ին հրապարակած հայտարարությունում, ըստ որի, Բաքուն «խստորեն դատապարտում և մերժում է Հայաստանի վարչապետի այն պնդումները, թե Ղարաբաղի տարածաշրջանի հայ բնակիչներն, իբր, «էթնիկ զտումների» են ենթարկվել»:
ԱԳՆ-ն ընդգծում է, թե Փաշինյանը քաջատեղյակ է, որ հայ բնակիչների՝ Ղարաբաղից Հայաստան վերաբնակեցումն իրենց անձնական որոշումն է եղել և ոչ մի կապ չունի հարկադիր վերաբնակեցման հետ։
«Հայաստանի վարչապետին ևս մեկ անգամ հիշեցնում ենք, որ Ադրբեջանի հասցեին նման անհիմն մեղադրանքներն ակնհայտորեն հակասում են տարածաշրջան այցելած ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունների ներկայացուցիչների զեկույցներին և հայտարարություններին»,- նշում է գերատեսչությունը:
ԱԳՆ-ն նաև կոչ է արել Երևանին «դադարեցնել Ադրբեջանի դեմ ագրեսիվ զրպարտչական հռետորաբանությունը, ինչպես նաև դադարեցնել խաղաղ գործընթացին վնասող հայտարարությունները»։
«Մենք հուսով ենք, որ Հայաստանը մոտ ապագայում համարժեք պատասխան կտա հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի ստորագրման Ադրբեջանի կոչերին»,- ընդգծում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
Ազատություն ռ/կ