«ՄանՍիթին» ու «Լայպցիգը» մտան փլեյ-օֆֆ, իսկ «կարմիր աստղերը» մարեցին. չեմպիոնների լիգա
Աջակցիր «Ա1+»-ինՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրից հետո հայտնի դարձան փլեյ-օֆֆի առաջին երկու մասնակիցները: Դրանք են անգլիական «Մանչեսթեր Սիթին» և գերմանական «Լայպցիգը»:
Գործող գավաթակիրը սեփական դաշտում 3:0 հաշվով ջախջախեց շվեյցարական «Յանգ Բոյզին», տարավ 4-րդ անընդմեջ հաղթանակը և անհասանելի դարձավ մրցակցի համար: «Լայպցիգը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց սերբական «Ցրվենա զվեզդային», վաստակեց 9 միավոր և վերջնական «մարեց «կարմիր աստղերի» շանսը»:
Մրցաշարը հաղթանակներով սկսած «Բարսելոնան» հյուրընկալվելիս 0:1 հաշվով պարտվեց Դոնեցկի «Շախտյորին»: Ուկրաինական ակումբը վաստակեց 6 միավոր և մոտեցավ խմբի երկու առաջատարներին՝ «Բարսելոնային» ու պորտուգալական «Պորտուին», որոնք ունեն 9-ական միավոր: Վերջինը ընթացիկ տուրում 2:0 հաշվով հաղթել է բելգիական «Անտվերպենին»: Կարծում ենք, 2-րդ ուղեգրի հարցը կորոշվի վերջին տուրի «Պորտու» - «Շախտյոր» խաղում:
«Միլանը» երկու ոչ-ոքիներից հետո առաջին հաղթանակը տարավ՝ սեփական դաշտում պարտության մատնելով Ֆրանսիայի չեմպիոն «ՊՍԺ»-ին՝ 2:1: Իտալական ակումբը վաստակեց 5 միավոր և բարձրացավ 3-րդ հորիզոնական: Այս խմբում առաջին տեղ բարձրացավ Դորտմունդի «Բորուսիան», որը սեփական դաշտում 2:0 հաշվով հաղթեց անգլիական «Նյուքասլին» և վաստակեց 7 միավոր: Նրանից մեկ միավոր քիչ ունի «ՊՍԺ»-ն, իսկ վերջին տեղում գտնվող «Նյուքասլը» վաստակել է 4 միավոր: Հաջորդ տուրի երկու հանդիպումները անչափ կարևոր նշանակություն ունեն թիմերի համար, քանի որ առաջատարները հանդիպելու են հենց իրենց հատապնդող թիմերի հետ, ուստի հաղթելու դեպքում նրանք կմտնեն փլեյ-օֆֆ, իսկ «Միլանն» ու «Նյուքասլը» դուրս կմնան լիգայից:
Ընթացիկ տուրի ամենամեծ հաշիվը գրանցվեց Մադրիդում, որտեղ տեղի «Աթլետիկոն» 6:0 հաշվով ջախջախեց շոտլանդական «Սելթիկին»: Մադրիդյան ակումբը վաստակեց 8 միավոր և բարձրացավ առաջին հորիզոնական: Նրան հաջորդում է Հռոմի «Լացիոն», որը սեփական դաշտում 1:0 հաշվով հաղթեց «Ֆեյենորդին» և վաստակած միավորների քանակը հասցրեց 7-ի: Չորս տուրից հետո նիդեռլանդական ակումբն ունի 6, իսկ «Սելթիկը»՝ 1 միավոր: