Բացել լրահոսը Փակել լրահոսը
20231104_112757
A A
Հասարակություն

«Խատուտիկ»-ի ծրագրի արդյունքը

Հզորացնելով երիտասարդներին. «Խատուտիկ» ԿՀԿ-ի «Պատանիները հանուն քաղաքացիական մասնակցության և համայնքի զարգացման» ծրագիրը ավարտական փուլում է։

 Հայաստանի տարբեր մարզերից ու համայնքներից ժամանած վեց խմբեր մասնակցում են  «Խատուտիկ» ԿՀԿ-ի կողմից իրականացվող «Պատանիները հանուն քաղաքացիական մասնակցության և համայնքի զարգացման» ծրագրի շնորհանդեսին։

Համակարգող Սիլվա Մամիկոնյանն ասում է, որ մինչ ծրագրի սկիզբն անցկացվել են սեմինարներ և նախնական ուսուցում հինգ կարևոր թեմաներով` երեխայի և մարդու իրավունքներ, լրատվություն, հանդուրժողականություն և խտրականություն, քննադատակն մտածողություն և տիկնիկագործություն։ 

«Այդ գիտելիքների շուրջ իրենք նախնական պաշար են կուտակել, հետո մենք անցկացրել ենք քառօրյա խորացված դասընթացներ, որոնց մասնակցել են յուրաքանչյուր ակումբից 6-ական պատանի և երկու մեծահասակ՝ դպրոցի կազմակերպիչն և մարզային համակարգողը։ Այսինքն՝ մոտավորապես 48 հոգի մասնակցել են խորացված ուսուցողական ճամբարին։ Իրենք սովորեցին, հետո իրենց ակումբների մյուս մասնակիցներին փոխանցեցին այդ գիտելիքները»,- պատմում է Սիլվա Մամիկոնյանը: 

Ճամբարում երեխաները սովորել են՝ ինչպես գրել փոքր դրամաշնորհային ծրագրի առաջարկ, որը վերաբերում է իրենց համայնքներին: 

Օրինակ՝ Գեղարքունիքի մարզի «Ճամբարակի կաղնիներ» ակումբը ներկայացնող Ճամբարակի թիվ 2 հիմնական դպրոցի սաները աճեցնում ենք ծաղիկներ, որոնց վաճառքի գումարով և դրամաշնորհով վերանորոգելու են դպրոցի բեմը։ 

«Այսօր մենք եկել ենք ամփոփելու, թե որտեղ էինք, ինչ ենք արել և ուր ենք հասել։ Դեռ ծաղիկները պետք է վաճառենք, բայց չեմ կարող ասել, որ մենք ոչնչի չենք հասել: Մեր երեխաները մեծ փորձ են ձեռք բերել ծրագրի շրջանակներում՝ ստեղծել են թիմ, ձեռք են բերել համարձակություն, ինքնավստահության բարձրացում, նոր գիտելիքներ, որոնք շատ կարևոր են ծրագրի արդյունքի համար»,-պատմում է «Ճամբարակի կաղնիներ» ակումբի մարզային համակարգող  Նունեն: 

Կրթության փորձագետ և ԵՊՀ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դասախոս Սերոբ Խաչատրյանը ծրագրի շրջանակում երեխաներին դասավանդել է քննադատական մտածողություն: Նրա կարծիքով՝ հասարակությունը զարգանում է միայն այն դեպքում, երբ մտածողությունն է հասունանում։ 

«Կարելի է ասել՝ շատ տպավորված էի դասընթացներից, շատ ակտիվ երեխաներ են և ստացած գիտելիքները կիրագործեն իրենց համայնքներում։ Սա մեծ հնարավորություն է նաև դպրոցների կապերի ամրապնդման համար»,-նշում է նա: 

Ծրագրի մյուս համակարգող Սեդա Գալստյանը հավելեց, որ ամենակարևորը վերջնարդյունքն է, որն արդեն ակնառու է:

Տիկնիկագործության դասերից հետո, օրինակ, շատ աշակերտներ ստեղծել են տիկնիկ-հուշանվերներ, որոնք կարող են վաճառել։