Ավագանու նիստում կքննարկվի «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցյանին մանդատից զրկելու հարցը
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի ավագանու սեպտեմբերի 10-ի նիստի օրակարգում ներառվել է «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցյանի և «Հանրային ձայն» խմբակցության անդամներ Անուշ Խուդավերդյանի ու Անուշ Գինոսյանի լիազորությունների դադարեցման հարցը:
Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով դրան, գրել է, որ սա քաղաքապետ Տիգրան Ավինյանի՝ ընդդիմախոսներից ազատվելու և քաղաքական հաշվեհարդարի հերթական փորձն է։
«Երևանի պատմության ամենաձախողված քաղաքապետը քաղաքի բոլոր հրատապ խնդիրները «լուծելուց» հետո իր ավագանու թիմին հրահանգել է նախաձեռնել իմ՝ Երևան քաղաքի ավագանու լիազորությունները դադարեցնելու գործընթաց։
Սա Ավինյանի՝ ընդդիմախոսներից ազատվելու և քաղաքական հաշվեհարդարի հերթական փորձն է, որը վտանգավոր նախադեպ է ստեղծում, քանի որ Հայաստանի նորանկախ պատմության մեջ որևէ իշխանություն մանդատից չի զրկել որևէ ընդդիմադիր խմբակցության ղեկավարի։
Սեպտեմբերի 10-ին ՔՊ-ն պատրաստվում է դադարեցնել ոչ միայն իմ՝ որպես Երևանի ավագանու անդամի, այլև որպես Երևանի ավագանու ընդդիմադիր (մեծությամբ երկրորդ) խմբակցության ղեկավարի լիազորությունները՝ խաթարելով մեր խմբակցության բնականոն աշխատանքը և հերթական անգամ թքելով մեզ ձայն տված տասնյակ հազարավոր երևանցիների վրա։
Թե՛ իշխանությանը և թե՛ ընդդիմությանը ընտրում է ժողովուրդը և միայն ժողովուրդն է ընտրությունների միջոցով որոշում, թե ում լիազորությունները պետք է դադարեցվեն։ Ավինյանն ու իր թիմը չեն ներկայացնում երևանցիներին, և եթե 1 տարի առաջ ստացել են երևանցիների աջակցության 9%-ը, ապա այսօր նրանց վարկանիշը շրիշակից ցածր է»,–ասվում է գրառման մեջ։
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Գրիգոր Երիցյանը, որն Իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է, հանձնաժողովի 7 նիստերից միայն մեկին է ներկա եղել, իսկ ավագանու 5-րդ գումարման երկրորդ նստաշրջանի ընթացքում 5 նիստից դարձյալ միայն մեկին է մասնակցել: Իսկ Անուշ Խուդավերդյանի և Անուշ Գինոսյանի դեպքում նշվում է, որ նրանք բացակայել են ավագանու նիստերի քվեարկություններից կեսից ավելիից: