Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+chess
A A
Սպորտ

Հրանտ Մելքումյանը շարունակում է մնալ անպարտելի. «ՖԻԴԵ Գրանդ սվիսս»

Մեն կղզում շարունակվում է «ՖԻԴԵ Գրանդ սվիսս» շախմատի խոշոր մրցաշարը:

 

Երեկ կայացած 6-րդ տուրում Հայաստանի շախմատիստներից հաղթանակ տարավ միայն Սամվել Տեր-Սահակյանը, որը սևերով պարտության մատնեց ռուսաստանցի Մաքսիմ Մատլակովին: Մեր մնացած 5 շախմատիստներն ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները:

 

Մերոնցից դեռ պարտություն չի կրել գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը: Նա, ինչպես նաև Սամվել Տեր-Սահակյանը, որը տարել է 3 հաղթանակ, վաստակել են 3,5-ական միավոր և այժմ զբաղեցնում են համապատասխանաբար 25-րդ և 32-րդ տեղերը: Երեքական միավոր ունեն Շանթ Սարգսյանն ու Մանուել Պետրոսյանը: Վերջինն ընթացիկ տուրում ոչ-ոքի է խաղացել ադրբեջանցի Նիյաթ Աբասովի հետ:

 

ԱՄՆ-ը ներկայացնող հայազգի շախմատիստներ Լևոն Արոնյանն ու Սամուել Սևյանը նույնպես վաստակել են 3,5-ական միավոր: Վարուժան Հակոբյանն ունի 2,5 միավոր: Տղամարդկանց մրցաշարային աղյուսակը գլխավորում են 8 շախմատիստ, որոնք վաստակել են 4,5-ական միավոր:

 

Կանանց մրցաշարում հանդես եկող Էլինա Դանիելյանի և Մարիամ Մկրտչյանի համար 6-րդ տուրը հաղթական էր: Առաջինը սպիտակներով առավելության է հասել ռումինուհի Միհայելա

Սանդուի նկատմամբ, իսկ երկրորդը սևերով պարտության է մատնել հնդկուհի Վանտիկա Ագրավալին: Մեր շախմատիստուհիները 3-ական միավորով կիսում են 22-29-րդ տեղերը: Այստեղ աղյուսակը միանձնյա գլխավորում է ուկրաինունի Աննա Մուզիչուկը, որը 6 հնարավորից վաստակել է 5 միավոր:

 

Այսօր մրցաշարում հայտարարված է հանգիստ: Վաղը կայանալիք 7-րդ տուրում Հրանտ Մելքումյանը կհանդիպի լեհ Յան-Քշիշտոֆ Դուդայի, իսկ Սամվել Տեր-Սահակյանը՝ իսպանացի Ալեքսեյ Շիրովի հետ: Լևոն Արոնյանի հաջորդ մրցակիցը հնդիկ գրոսմայստեր Նարայանանն է: