Բացել լրահոսը Փակել լրահոսը
Իլհամ Ալիեւ
A A
Քաղաքականություն

Միշելը հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ

Բրյուսելյան հանդիպման նախապատրաստական աշխատանքների շրջանակներում Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

X-ի իր էջում Միշելը գրել է, որ Ալիևին է փոխանցել ԵՄ հավատարմությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին։

«Կրկնեցի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ հարգանքի և սահմանների սահմանազատման ուղղությամբ առաջընթացի անհրաժեշտությունը։ Ընդգծեցի նաև Ղարաբաղի հայերի անվտանգությունն ու իրավունքները երկարաժամկետ հեռանկարում ապահովելու անհրաժեշտությունը», - գրել է Միշելը։

Ադրբեջանական Turan գործակալությունը, վկայակոչելով Ադրբեջանի նախագահի գրասենյակը, հայտնում է, որ հեռախոսազրույցի ընթացքում Ալիևը անդրադարձել է Եվրախորհրդարանի ընդունած բանաձևին, այն համարելով՝ «հակաադրբեջանական»՝ շեշտելով՝ դրանում արված պնդումներն «անընդունելի» են և «չեն ծառայում տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանը»։

Նա նաև նշել է, որ Ֆրանսիայի կողմից Հայաստանին զենք տրամադրելու մոտեցումը ծառայում է ոչ թե խաղաղությանը, այլ նոր հակամարտությանը։ «Իսկ եթե տարածաշրջանում նորից հակամարտություն սկսվի, մեղավորը Ֆրանսիան կլինի», - ասել է Ալիևը։
 
Ադրբեջանի նախագահը հիշեցրել է 8 գյուղերի մասին՝ շեշտելով՝ «դրանք դեռ գտնվում են Հայաստանի օկուպացիայի տակ», ապա ընդգծել «դրանց ազատագրման կարևորությունը»։
 
Ալիևը հավելել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և Իրանի միջև տարածաշրջանային տրանսպորտային միջանցք ստեղծելու ուղղությամբ։