Փաստաբան Տիգրան Աթանեսյանի բողոքը բավարարվել է
Աջակցիր «Ա1+»-ինՎարչական դատարանն անվավեր է ճանաչել փաստաբան Տիգրան Աթանեսյանի արտոնագրի գործունեությունը դադարեցնելու ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի որոշումը։
Հիշեցնենք, որ փաստաբան Տիգրան Աթանեսյանի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել էր հրապարակային հարթակներում վիրավորական գրառումներ (արտահայտություններ) եւ հայհոյանքներ կատարելու, ինչպես նաեւ կատարված հայհոյանքները եւ վիրավորական գրառումները կամ արտահայտություններն արդարացնելու եւ հրապարակային հարթակում նույն վարքագիծը շարունակելու վարքագիծը ստուգելու նպատակով:
Նա մեղավոր էր ճանաչվել «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ կետի և Փաստաբանի վարքագծի կանոնակարգի 2.2.3 ենթակետի խախտումների համար, իսկ որպես կարգապահական տույժ ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը որոշել էր դադարեցնել նրա արտոնագրի գործողությունը։
Փաստաբանը վարչական դատարանում վիճարկել էր դատական ակտը։ Դատավոր Անի Չիլինգարյանը գործում առկա ապացույցների հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ եզրահանգել է՝ տվյալ դեպքում չի հիմնավորվել «արտոնագրի գործողության դադարեցում» կարգապահական տույժի կիրառման համար անհրաժեշտ՝ «դիտավորությամբ կատարված ակնհայտ կոպիտ կարգապահական խախտում» փաստակազմն իր բոլոր հատկանիշներով։
Փաստաբանների պալատից, ըստ վճռի, հօգուտ Տիգրան Էդուարդի Աթանեսյանի կբռնագանձվի 10.000 ՀՀ դրամ՝ որպես վճարված պետական տուրքի հատուցում։
Ի դեպ, վճիռը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան։