Ինձագին հզոր է Գվարդիոլայից. Չեմպիոնների լիգայի եզրափակչի գնահատականը
Աջակցիր «Ա1+»-ինԵվրոպայի ակումբային ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ մեկ երկրի երեք թիմերը պարտություն են կրել գավաթային բոլոր եզրափակիչներում: Խոսքը վերաբերում է իտալական «Ինտերին», «Ռոմային» ու «Ֆիորենտինային», որոնք տանուլ տվեցին չեմպիոնների, Եվրոպայի և Կոնֆերենսիաների լիգաների եզրափակիչներում:
Չնայած այդ պարտություններին, Իտալիայում մեծ հպարտությամբ են խոսում թիմերի ելույթների մասին: Թեմային անդրադարձել են նաև քաղաքական թերթերը:
«Ռոմային», «Ֆիորենտինային» և «Ինտերին» չհաջողվեց հաղթել իրենց համապատասխան եզրափակիչներում: Իտալական երեք ակումբները տուն են վերադառնում առանց գավաթների, բայց միակ ափսոսանքը մնում է կորցրած հնարավորությունները։
«Սևիլիային» պարտվեցինք 11 մետրանոցներով, իսկ «Վեսթ Հեմին» միայն վերջին րոպեին: «Ինտերը» նույնպես վերջում ստիպված եղավ խոնարհվել «Մանչեսթեր Սիթիին», որը ամենաուժեղն էր բանկում, ոչ թե խաղադաշտում: Տասն օրում հիասթափությունը և զայրույթը եռապատկվեց, բայց դա չէր արտահայտվում խաղում. իտալական ֆուտբոլը ողջ է, այն կռվում է, նրան հարգում են, նրան գովում են, մինչդեռ ժամանակին նրանից նույնիսկ զզվում էին:
«Մանչեսթեր Սիթին» մեծ գումարներ է ծախսել Չեմպիոնների լիգայի տիտղոսը տուն տանելու համար, բայց թիմը մեկուկես ժամ դժոխքի միջով անցավ, քանի որ Ինձագին մտքով հզոր էր Գվարդիոլայից և ավելի լավ էր նախապատրաստվել տարվա հանդիպմանը: Նա մարտահրավեր նետեց և ֆուտբոլի դաս տվեց նրանց, ովքեր ֆուտբոլային ռազմավարության մեջ համարվում են ուսուցիչներ:
Մինչդեռ՝ մյուսները ծիծաղում և տոնում են, իսկ մենք լաց ենք լինում դառն արցունքներով: Բայց սա սպորտ է, անելիք դեռ շատ ունենք», - գրում է Corriere della Sera քաղաքական թերթը:
Հիշեցնենք, որ չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Ինտերը» 0:1 հաշվով պարտվել է «Մանչեսթեր Սիթիին»: Հայաստանի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը փոխարինման է մտել 84-րդ րոպեին և մասնակցել է խաղին: