Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մշակույթ

Արմենուհի Սաղդասարյանի Տառերի ճախրանքը

Ծաղկագրեր, թռչնագրեր, կենդանակերպ տառեր. հայոց գրերի գեղարվեստական հմայքը,  ավելի քան 4 տասնյակ կտավի տեսքով, ներկայացվել է Գյումրիում: Լիբանանում ծնված և հայրենիքում ընտանիքով հաստատված Արմենուհի Սաղդասարյանը, հետքրքիր ու ինքնատիպ ճանապարհ է ընտրել՝  այբուբենի ոգին ու մատենագրության զարգացած պատմությունը  պահպանելու և սերունդներին փոխանցելու համար:  «Տառերի Ճախրանք» ցուցահանդեսը նրա անհատական երկրորդ ցուցահանդեսն է։

Ութ տարի առաջ, Արմենուհի  Սաղդասարյանը հաճախել է բատիկ-մետաքսանկարչության դասընթացների՝ նկարելու տեխնիկա սովորելու համար: Որքան նուրբ է կտավի հիմք հանդիսացող՝ մետաքսյա կտորը, նույնքան հեքիաթային՝ թռչնագրերի երկխոսությունը:    

« Պետք է գնահատել այն, ինչ ունենք. մեր մշակութային ժառանգությունը, տառն ու գիրը: Ես ընտրել եմ ոսկեղենիկ հայերենն ապրեցնելու՝ իմ ճանապարհը: Ուզում եմ, որ այս կտավները դիտողը ցուցահանդեսից տանի մտորելու, ինքնաճանաչման, մերը գնահատելու, արժևորելու լիցքեր: Այս ինքնատիպ տառերի մեջ նկատի ոչ միայն բնության չորս տարերքները՝ հողը ջուրը օդն ու կրակը, այլև կյանքի խորհրդանիշը՝ հողի մեջ պահ տված սերմը, ջրից ծլարձակվող սաղարթը, արևից սնվող բնությունն ու օդի՝ շունչ տալու ուժը: Արարչագործական քառյակի այս շղթան համերաշխ երկխոսություն է: Իսկ կենաց ծառի արտահայտած հավերժությունը՝ կարևոր խորհրդանիշ »,-համոզված է հեղինակը:

Գյումրեցիներն ու զբոսաշրջիկները 14 օր հնարավորություն կունենան բացահայտել հայկական մատենագրության, մանրանկարչության, զարդանկարչության և զարդագրության խոսուն պատմությունը: