
Շանթ Սարգսյանին պետք են միմիայն հաղթանակներ. Dubai Open 2023
Աջակցիր «Ա1+»-ինԴուբայում ընթացող շախմատի Dubai Open 2023 միջազգային մրցաշարում հաջող հանդես եկող մեր գրոսմայստեր Շանթ Սարգսյանը 7-րդ տուրում սպիտակներով զիջեց չինացի Յու Վանջիին և կրեց առաջին պարտությունը: Նա վաստակած 4,5 միավորով այժմ զբաղեցնում է 15-րդ տեղը: Սակայն, մեր շախմատիստն ընդամենը մեկ միավորով է ետ մնում մրցաշարի երկու առաջատարներից, ուստի նա դեռ հավակնում է մրցանակային տեղերի, սակայն դրա համար հարկավոր է հանթանակներ տանել վերջին երկու տուրերում:
Ընթացիկ տուրում մերոնցից հաջող հանդես եկան Էմին Օհանյանն ու Մարիմ Մկրտչյանը: Առաջինը հաղթեց իր հայրենակից Մամիկոն Ղարիբյանին, վաստակեց 4 միավոր և բարձրացավ 25-րդ հորիզոնական: Մարիմ Մկրտչյանը պարտության մատնեց եգիպտացի Ալի Ալոթմանին և միավորների քանակը հասցրեց 2,5-ի: Նա առայժմ զբաղեցնում է 72-րդ տեղը: Մեր շախմատիստ Արթուր Դավթյանը, ավաղ, պարտվեց թուրք մրցակցին և 36-րդ տեղից նահանջեց 46-րդ հորիզոնական:
Այսօր կկայանան նախավերջին տուրի պարտիաները: Շանթ Սարգսյանը սևերով կմրցի ուկրաինացի Վիտալի Բերդանսկու հետ: