
Լևոն Արոնյանը 2023 Grand Chess Tour-ում փոխարինել է աշխարհի չեմպիոնին
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի նախկին շախմատիստ Լևոն Արոնյանը Վարշավայում ընթացող 2023 Grand Chess Tour-ի երկրորդ փուլում փոխարինել է շախմատի նորընծա աշխարհի չեմպիոն Դին Լիրենին։
Մեր հայրենակիցը հաջող է մեկնարկել այդ մրցաշարում։ Արագ շախմատի առաջին երեք տուրից հետո նա վաստակել է 5 միավոր (հաղթանակի համար տրվում է 2, ոչ-ոքու համար՝ 1 միավոր) և բաժանում է 1-3-րդ տեղերը։ Նա նախ ոչ-ոքի է խաղացել ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ, իսկ հետո պարտության է մատնել նիդեռլանդցի Անիշ Գիրիին և ռումինացի Կիրիլ Շևչենկոյին։
Այսօր կկայանան հաջորդ երեք տուրերը։ Լևոն Արոնյանը կհանդիպի աշխարհի նախկին չեմպիոն Մագնուս Կառլսենի, ռումինացի գրոսմայստերներ Բոգդան-Դանիել Դեակի և Ռիչարդ Ռապորտի հետ։
2023 Grand Chess Tour-ի երկրորդ փուլը կտևի մինչև մայիսի 25-ը։ Մրցաշարի 10 մասնակիցները նախ ուժերը կփորձեն արագ, ապա՝ կայծակնային շախմատում։ Հաղթողը կստանա 40 հազար դոլար պարգևատրում, իսկ 10-րդ տեղը՝ 7 հազար դոլար։