Բացել լրահոսը Փակել լրահոսը
52
A A
Պաշտոնական

Վաշինգտոնը ողջունում է հայ-ադրբեջանական բանակցությունները. Պատելն անդրադարձել է Մոսկվայում կայանալիք հանդիպմանը

ԱՄՆ-ն ողջունում է հաղորդումներն այն մասին, որ Հայաստանը և Ադրբեջանը շարունակելու են քննարկումները՝ ուղղված երկու երկրների միջև տևական և արժանապատիվ խաղաղության հաստատմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական բանակցություններին, որոնք պետք է կայանան Մոսկվայում երկու երկրների արտգործնախարարների և ղեկավարների մակարդակով:

Պատելը ողջունելի է համարել հայ-ադրբեջանական բանակցությունները՝ անկախ նրանից, թե որ հարթակում են դրանք տեղի ունենում:

«Մենք կարծում ենք, որ կողմերի միջև ուղիղ բանակցությունները խիստ կարևոր են, և մենք ուրախ ենք, որ դրանք տեղի են ունենում: Անկախ նրանից, թե որտեղ են դրանք տեղի ունենում՝ Արլինգտոնում, Բրյուսելում թե Մոսկվայում, մեր աջակցությունն այդ ջանքերին շարունակական է», - հայտարարել է Պատելը:

Ինչ վերաբերում է այդ բանակցություններից սպասվող արդյունքներին, դիվանագետը հրաժարվել է ենթադրություններ անել: Նա դարձյալ շեշտել է, որ կողմերի միջև խաղաղությունն, ըստ Վաշինգտոնի, հնարավոր է: