Բացել լրահոսը Փակել լրահոսը
Հելսինկյան
A A
Քաղաքականություն

Ակումբում բոլորին պառկացրել են հատակին և բռնի ուժով տարել ոստիկանական բաժանմունք եւ մերկացրել․ հայտարարություն

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ իրավապաշտպան ՀԿ-ն խստորեն դատապարտում է ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից Պոլիգրաֆ թիմի և նրա այցելուների նկատմամբ դրսևորած նման գործելաոճը և կոչ անում իրավասու մարմիններին՝ միջոցառումները ձեռնարկել բացառապես օրենքով սահմանված կարգով և հիմքերով՝ խստորեն պահպանելով անձանց իրավունքների, ազատությունների և արժանապատվության նկատմամբ հարգանքն ու  մարդկային վերաբերմունքը։

 «Միաժամանակ, իրավական աջակցություն տրամադրելու մեր պատրաստակամությունն  ենք հայտնում ՀՀ ոստիկանության աշխատակիցների ոչ իրավաչափ գործողություններից տուժած Պոլիգրաֆ թիմի անդամներին և այցելուներին, ևս մեկ անգամ ընդգծելով, որ մարդու ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիությունը և արժանապատվությունը անօտարելի արժեքներ են և պիտի լինեն պաշտպանված ժողովրդավարական և իրավական արժեքներ որդեգրած Հայաստանի Հանրապետությունում»,-ասված է հայտարարության մեջ։

   Հիշեցնենք,որ  «Պոլիգրաֆի» թիմը հայտարարություն է տարածել ակումբում տեղի ունեցած ոստիկանական ռեյդի վերաբերյալ, նշելով․

«Անցած գիշեր՝ ժամը 1-ի մոտակայքում, ՀՀ ոստիկանությունը առանց որևէ իրավական հիմք ներկայացնելու ներխուժել է Պոլիգրաֆ: Ակումբում բոլորին պառկացրել են հատակին և բռնի ուժով տարել ոստիկանական բաժանմունք։ Մեր աշխատակազմն ու այցելուները ենթարկվել են դաժան ծեծի և խուզարկվելու համար մերկացվել ոստիկանության բաժնում։ Մենք արդարություն ենք պահանջում բոլոր տուժածների համար։

Սա հարձակում է ոչ միայն Poligraf-ի, այլև՝ ամբողջ ակումբային համայնքի վրա: Մենք բոլորս՝ որպես եզակի մշակութային ու ստեղծագործական ոլորտի մի մաս, վտանգի տակ ենք: Խոսքը միայն պարելու կամ ինքնարտահայտվելու մեր իրավունքի մասին չէ, այլ՝ մեր հասարակության բուն էության։ Մենք մի համայնքի մասն ենք, որը խթանում է ստեղծարարությունը, բազմազանությունն ու ներառականությունը։
 
Այժմ, սակայն, մենք հարձակման տակ ենք։ Այն ուժերը, որոնք ձգտում են ճնշել մեր ապրելակերպը, սպառնում են մեր գոյությանը։ Նրանք փորձում են լռեցնել մեր ձայնը, խեղդել մեր ստեղծարարությունը, պարտադրել մեզ իրենց նեղ աշխարհայացքը: Մենք չենք կարող թույլ տալ, որ սա տեղի ունենա։
 
Կոչ ենք անում բոլոր ակումբներին ու ժամանցային տարածքներին, տեղի ու միջազգային հանրության ներկայացուցիչներին, արվեստագետներին և բոլոր նրանց, ովքեր կիսում են մեր արժեքները՝ ոտքի կանգնել մեզ հետ և բարձրաձայնել այս անարդարության դեմ: 
Պահանջում ենք, որ Poligraf-ի ապօրինաբար պլոմբված դռները բացվեն։ Մեր հետագա գործողությունների մասին շուտով կտեղեկացնենք բոլորիդ»։