Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_photo1682080849
A A
Պաշտոնական

Կհստակեցվեն վարչապետի կողմից հանրային պաշտոնի նշանակված անձի լիազորությունների ստանձնման և դադարեցման ժամկետները

Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանն Ազգային ժողովի պետական և իրավական հարցերի մշտական հանձնաժողովին է ներկայացրել «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է հստակեցնել Կառավարության անդամի պաշտոնի ստանձնման և պաշտոնից ազատման իրավահարաբերությունները:

Մասնավորապես՝ Հանրային ծառայության մասին օրենքով սահմանված չեն վարչապետի որոշմամբ հանրային պաշտոնի նշանակված և հանրային պաշտոնից ազատված անձի լիազորությունների ստանձնման և դադարեցման պահը կանոնակարգող հարաբերությունները, իսկ համապատասխան կարգավորման բացակայությունը կարող է գործնական խնդիրներ առաջացնել հանրային պաշտոնի նշանակվելու, հանրային պաշտոնից ազատվելու վերաբերյալ Վարչապետի որոշումների ուժի մեջ մտնելու պահի որոշման իմաստով:

Նախագծով առաջարկվում է նախատեսել այնպիսի դրույթ, որն ուղղված կլինի համապատասխան լիազորությունների ստանձնման և դադարեցման պահի որոշմանը՝ այն համապատասխանեցնելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով և 5-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգավորումներին:

Նախագծով առաջարկվող կարգավորումների ընդունման արդյունքում Վարչապետի կողմից հանրային պաշտոնի նշանակված անձի լիազորությունների ստանձնման և դադարեցման պահ կհանդիսանա Կառավարության պաշտոնական կայքէջում Վարչապետի որոշումների՝ Կառավարության www.e-gov.am (էլեկտրոնային կառավարում) կայքէջում հրապարակման պահը, բացառությամբ վարչապետի համապատասխան որոշումներով լիազորությունների ստանձնման կամ դադարեցման մասով ավելի ուշ ժամկետ նախատեսող դեպքերի։