Բացել լրահոսը Փակել լրահոսը
1108826
A A
Պաշտոնական

Ոստիկանությունը հասարակական կարգի ապահովման և հանցավորության դեմ պայքարի առաջնագծում է. ՆԳՆ նախարար

 ՀՀ ներքին գործերի նախարարը Վահե Ղազարյանը շնորհավորական ուղերձ է հղել Ոստիկանության օրվա առթիվ՝ նշելով, որ Ոստիկանությունը միշտ եղել և այսօր էլ հասարակական կարգի ապահովման և հանցավորության դեմ պայքարի առաջնագծում է։

 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ներքին գործերի նախարարությունը, ուղերձում նշված է.

«Հայաստանի Հանրապետության ոստիկանության հարգելի՛ ծառայողներ,

ՀՀ ներքին գործերի նախարարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ոստիկանության ողջ անձնակազմին մասնագիտական տոնի առթիվ:

Ոստիկանությունը միշտ եղել և այսօր էլ հասարակական կարգի ապահովման և հանցավորության դեմ պայքարի առաջնագծում է։ Այսօր մեր քաղաքացիների անվտանգությունն ու ապահովությունը նաև և հատկապես ձեզնից յուրաքանչյուրից է կախված։ Քաղաքացին ոստիկանության հետ շփվելիս պետք է վստահության բարձր զգացումով լի լինի և սրան այլընտրանք չկա։ Ձեր ամենօրյա սրտացավ, նվիրված աշխատանքն է, որը պետք է ապահովի այս մթնոլորտի առկայությունը հասարակություն-ոստիկանություն երկխոսության շրջանակներում։

Ոստիկանության բարեփոխումների նպատակը ժամանակակից մարտահրավերներին դիմակայող, մասնագիտացված ու տեխնիկապես հագեցած, բարեվարք և հարգանքի արժանի ոստիկանության վերափոխումն է, որը բնորոշ է ժողովրդավարական իրավակարգին։ Մենք պատվով, կուռ վճռականությամբ և հետևողականությամբ անցնում ենք այս ճանապարհը։

Պարեկային ծառայության ստեղծումը այս նպատակին հասնելու առաջին քայլն է եղել, որի շրջանակներում ոստիկանության փորձառու ծառայողները և քաղաքացիական անձինք համախմբվել են՝ նոր շնչով, նոր որակով ապահովելու ծառայությունը օրենքին, իրավակարգին և մեր հանրությանը։

Այս սկզբունքով է զարգանալու նոր Ոստիկանությունը՝ հենասյունային 4 ուղղություններով՝ քրեական ոստիկանություն, պարեկային ծառայություն, համայնքային ոստիկանություն և ոստիկանության գվարդիա։ Առաջիկայում կգործարկվի նաև ոստիկանների ատեստավորման նոր համակարգը, որը թույլ կտա էականորեն բարելավել 24-ժամյա ռեժիմով քաղաքացուն ծառայություն մատուցող ոստիկանի կյանքը, սոցիալական երաշխիքների փաթեթը։

Ցանկանում եմ ընդգծել հատկապես կանանց ներգրավվածությունը ոստիկանական գործում, ինչը վկայում է մեր հավատարմությունը բոլոր ոլորտներում կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների ու լիարժեք մասնակցության սկզբունքին և միանգամայն նոր որակ է բերում և բերելու ոստիկանության գործունեությանը:

Համոզված եմ, որ այս գործընթացները շարունակվելու են ողջ ծավալով, և բոլորիս ներդրած ջանքերի և սրտացավության շնորհիվ շատ շուտով ունենալու ենք այն Ոստիկանությունը, որն ի զորու կլինի լիարժեք կատարելու իրեն առաջադրված բոլոր խնդիրները:

Այդ նպատակի իրականացմանն են իրենց անմնացորդ ծառայությունը բերել հազարավոր ոստիկաններ ինքնիշխան Հայաստանի գոյության տասնամյակներում:

Հանուն այդ նպատակի են Հայրենիքի պաշտպանության մարտերում ու ծառայողական պարտքը կատարելիս իրենց կյանքը զոհել հարյուրավոր ոստիկաններ:

Հավերժ փառք ու խորին խոնարհում մեր զինակիցների պայծառ հիշատակին:

Սիրելի՛ ծառայողներ,

Կրկին շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի առթիվ:

Շնորհավորում եմ մեր սիրելի վետերաններին և մաղթում երկար ու անխռով տարիներ:

Շնորհավորում եմ ոստիկանական ընտանիքներին, որոնց սերն ու սպասումը ուժ է տալիս ոստիկանին լիարժեք կատարելու իր ծառայությունը, որոնք ոստիկանի աշխատանքի բարդությունն ու ծանրությունը զգացող առաջնային օղակն են:

Արժանապատիվ և անփորձանք ծառայություն եմ մաղթում բոլորիդ»: