Սեյրան Օհանյանը մանրամասներ է հայտնել ԳՇ պետի և ԱԱԾ պաշտոնյայի հետ փակ հանդիպումից
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը մանրամասներ ներկայացրեց, թե ինչ են քննարկել ԶՈՒ ղեկավար կազմի հետ փակ հանդիպմանը, որը նախաձեռնել էին ադրբեջանական վերջին ագրեսիայից հետո:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԺ-ում փակ հանդիպումից հետո Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ պատգամավորների հետ փակ քննարկմանը մասնակցել են ԳՇ պետը և ԱԱԾ-ից ռազմական հակահետախուզության դեպարտամենտի պետի տեղակալը:
Օհանյանի խոսքով՝ շուրջ 3 ժամից ավելի բավականին բուռն քննարկում է տեղի ունեցել:
«Եվ այդ առաջին հերթին իրենք ներկայացրեցին իրավիճակը Տեղ գյուղի հատվածում, նաև պատասխանեցին շատ մտահոգիչ հարցերի, որոնք վերաբերվում են ուժային կառույցներին, ԶՈՒ-ին, այլ հատվածներում հակառակորդի հնարավոր սադրանքների և մեր պատրաստության վերաբերյալ»,-ասաց Օհանյանը:
Օհանյանի գնահատմամբ՝ մի քանի խնդիրներ կան:
«Առաջինն այն է, որ Հայաստանի Հանրապետությունն ու Արցախի Հանրապետությունն իրար կապող միջանցքի շրջանակներում է դա տեղի ունեցել: Եվ, քանի որ դիվանագիտական հարցեր են, խոսքը վերաբերում է բանակցային գործընթացին, ակնհայտ է, որ ԳՇ պետը շատ հարցերի չէր տիրապետում: Բացթողումները վերաբերվում են ՀՀ քաղաքական իշխանությունների գործողություններին, որոնք պետք է կանխավ համագործակցություն կազմակերպեն ուժային կառույցների միջև, որպեսզի ցանկացած այդպիսի փոփոխությունների՝ դիրքերի զբաղեցման, փոխարինման գործընթացը կարողանանք առաջընթացով կատարենք, կանխարգելենք շատ միջոցառումներ և չուշանանք»,-ասաց ընդդիմադիր խմբակցության ղեկավարը:
Նա նշեց նաև, որ Տեղ գյուղի հատվածում տեղի ունեցածի հետ կապված ծառայողական քննություն է հիմա անցկացվում: Քննության արդյունքում կներկայացնեն, թե ով է թերացել:
ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը ապրիլի 12-ին առաջարկել էր ադրբեջանական հերթական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի պայմաններում խորհրդարանում Զինված ուժերի ղեկավար կազմի կամ իրավասու այլ անձանց մասնակցությամբ քննարկում անցկացնել:
Ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սկսել էին կրակ բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել էր պատասխան գործողությունների: Ապրիլի 11-ին Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր: Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմը դիրքային որևէ կորուստ չունի: