Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Բիզնես Տնտեսություն

Թվային փոխակերպումը ոչ թե տեխնոլոգիաների, այլ մարդկանց մասին է․ Քրիս Սքիներ

Երևանում մեկնարկեց առաջին Doing Digital ֆորումը «Բացահայտելով թվային ապագան» խորագրով, որի հիմնադիրն ու կազմակերպիչը SPRING PR ընկերությունն է, համակազմակերպիչը՝ Ամերիաբանկը: 

Doing Digital ֆորումի գլխավոր խոսնակը՝ աշխարհում տեխնոլոգիաների և ֆինանսական շուկաների ամենաճանաչված մասնագետներից Քրիս Սքիներն էր, ով, ի դեպ, առաջին անգամ է հյուրընկալվում Հայաստանում։ Նա The Finanser խորհրդատվական ընկերության հիմնադիրն է, ֆինանսական տեխնոլոգիաների և բանկային գործունեության մի շարք գրքերի հեղինակ է։

Իր զեկույցում նա մասնավորապես ասաց․ «Աշխարհը, ըստ էության չունի սահմաններ և մեր ունեցած մարտահրավերը թվայինի հետ կապված այն է, որ թվայինը չի ճանաչում երկրներ, չի ճանաչում սահմաններ։ Եվ արդյունքում մենք պետք է դրսևորենք այլ տեսակի մտածողություն աշխարհի ընկալման համար, աշխարհի, որը չի ճանաչում սահմաններ։

Ալբերտ Էնշտեյնն ասել է, որ ժամանակ գոյություն չունի, որ այն մենք պարզապես հնարել ենք։ Համացանցն ու թվայինն աշխատում են իրական ժամանակում։ Եվ, հետևաբար, եթե ժամանակը նույնը չէ, եթե ժամանակը մենք հնարել ենք, փողն էլ ենք հնարել։ Երբ դիտարկում ենք, թե ինչ է տեղի ունենում կրիպտոարժույթների հետ, ապա տեսնում ենք, որ սա մի բան է, որը չի ճանաչում կենտրոնական բանկերին, չի ճանաչում կառավարություններին և նորից մենք ունենք մի աշխարհ, որը չի ճանաչում ժամանակը, չի ճանաչում ազգային արժույթը։ Հետևաբար, այլ մտածողություն է պահանջում»։  

Լրագրողների հետ հանդիպմանը միջազգային փորձագետը պարզաբանեց, թե ինչու է այսօր չափազանց կարևոր գիտակցել` ինչպես է աշխարհը թվայնացվում ու փոխակերպվում, և ինչու է կարևոր փոխակերպման և թվայնացման հետ կապված այս ընկալումը բերել Հայաստան։

«Դրա համար, կարծում եմ, կա երկու պատճառ։ Նախ, որ եթե երկիրը չներգրավվի թվայնացման և փոխակերպման մեջ, կկորցնի տնտեսության մրցակցային առավելությունները և տարածաշրջանային մյուս երկրներից հետ կմնա։ Եվ, երկրորդը սա հնարավորություն է, որ տարածաշրջանի երկրների շարքում Հայաստանը, շեշտում եմ, մասնավորապես Հայաստանը կարող է դիրքավորվել որպես թվայնացման ու ֆինանասական տեխնոլոգիաների՝ ֆինտեքի հիմնական հաբ»։

Քրիս Սքիներն ընդգծեց` երկրի ղեկավարությունն ու բանկերը, պետք է ստանձնեն այդ փոխակերպումն իրականացնելու առաջնորդությունը, և եթե այդ ընկալումը չլինի, ապա այն չի կարող իրագործվել:

Իսկ, քանի որ այս ֆորումում, նրա խոսքով, պետական ապարատը ներկայացված է փոխվարչապետի և ԿԲ-ի նախագահի մակարդակով, իսկ «Ամերիաբանկը» հանդես է գալիս որպես համակազմակերպիչ և կա նման կազմակերպիչ, ինչպիսին SPRING PR ընկերությունն է, սա ցույց է տալիս, որ երկրի ղեկավարության մոտ կա այդ ընկալումը և հանձնառությունը ստանձված է, որպեսզի թվային փոխակերպումը իրականանա։

«Թվային փոխակերպումը վերևից ներքև իջեցվող գործառույթ չէ, այն պետք է ընկալվի ու իրականացվի բոլոր մակարդակներում, հակառակ դեպքում՝ չի ստացվի: Կան բազմաթիվ խնդիրներ ու մարտահրավերներ` կապված թվային փոխակերպումների հետ։ Հատկապես մեծ ընկերությունների աշխատակիցները մտահոգություն կարող են ունենալ, որ թվային փոխակերպման արդյունքում կարող են վտանգվեն իրենց աշխատատեղերը։ Վառ օրինակը նաև դուք եք, լրագրողները։ Պատկերացրեք, որ արհեստական բանականության ծրագիրը կարող է ձեր փոխարեն գրել հոդվածներ։ Եվ դա կարող է վերաբերել բոլոր ոլորտներին։  «Դոյչե» բանկի գլխավոր գործադիր տնօրենն, օրինակ ասել է, որ եթե իր բոլոր աշխատակիցները լինեին հաշվապահներ, ապա նա կարող էր բոլորին թվայնացնել: Նման ուղերձը միայն նպաստում է, որ թվային փոխակերպման գնացքը կանգնեցվի։ Իսկ այն ընկերությունները, որոնց հետ ես աշխատում եմ, փորձում են այնպես անել, որ իրենց աշխատակիցները անգործ չմնան։ Թվային փոխակերպումները ոչ թե տեխնոլոգիաների, այլ, առաջին հերթին մարդկանց մասին են։ Արհեստական բանականությունը չի կարող փոխարինել հուզական աշխարհը»:

Բացի ֆինանսական ոլորտից, որոնք են այն ոլորտները, որ անցնում են թվային փոխակերպումների՝ հարցին ի պատասխան փորձագետն ասաց, որ որոշ ոլորտներ արդեն անցել են, օրինակ՝ առևտրի ոլորտը։

««Ամազոնն» առաջամարտիկներից է, որ թվային փոխակերպումն ընդունեց ու գրանցեց մեծ հաջողություն։ Տրանսպորտային ոլորտը՝ ավիաուղիները, գնացքները նույնպես ընդունում են այդ փոխակերպումները։ Ոլորտներից մեկը, որ հետ է մնում այս փոխակերպումներից՝ առողջապահության ոլորտն է։ Եվ ես, ի նկատի չունեմ մասնավոր կլինիկաները։ Խոսքը հանրային հիվանդանոցների մասին է։ Երբ խոսում եմ առողջապահության ոլորտի մասնագետների հետ, կարծիքս այն է, որ նրանք հետ են մնում այս փոխակերպումներից»,-ասաց պարոն Սքիները։

«Ա1+»-ի հարցին, որ մասնավորապես Հայաստանում, հասկանալի պատճառներով այս փոխակերպումները ավելի հեշտ կարելի է իրականացնել մայրաքաղաքում, ի տարբերություն մարզերի, և թե ինչպիսի լուծումներ են այս դեպքում հնարավոր, Քրիս Սքիները պատասխանեց․

«Ես Հայասատանի փորձագետ չեմ, բայց ասեմ, որ իմ զեկույցում ներկայացրեցի հոլանդական մի բանկի օրինակ, որը իր տեխնոլոգիական հնարավորություններով, ֆերմերների հետ հենց դաշտային մակարդակի կապ է ապահովում։ Իրական ժամանակով բանկերը կարող են հետևել ֆերմերներին, որոնք իրենց բանկային ծառայությունների հաճախորդներն են, ինչպես նաև իրենց ապահովագրությունից օգտվողները։ Նրանք տեղյակ են, թե ինչ է տեղի ունենում, արդյոք պարարտանյութը ժամանակին է տրվում, արդյոք փոշիացումը կատարվում է, կամ բերքատվությունը պատշաճ մակարդակի է։ Այսինքն,  իրական ժամանակում կենտրոնական մասնաճյուղից կարող են հետևել, թե իրենց հաճախորդ ֆերմերի դաշտում ինչ է տեղի ունենում։ Եվ այս ամենի համար մեծ ներդրումներ հարկավոր չեն»։

Նա նաեւ հավելեց․

«Եթե դուք չունեք 4G, կամ 5G ինտերնետ, իհարկե որևէ գործարք կատարել հնարավոր չէ։ Այդ իսկ պատճառով, հարկավոր է առավել շատ մարդկանց ներգրավել ֆինանսական և այլ տեսակի  ծառայությունների մեջ, քանի որ, եթե ավագ սերնդի ներկայացուցիչները, կամ հեռավոր շրջաններում ապրող մարդիկ ներգրավված չեն, ապա այդ ծառայությունների օգտակարությունը պակասում է։ Խնդիրը նրանում է, որ հնարավորինս շատ բնակչության ներառել թվային ծառայությունների ոլորտում»։

Ամերիաբանկի Ինովացիաների և թվայնացման գծով տնօրեն Արտյոմ Շամցյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ անցել են փոխակերպումների երեք փուլեր՝ սկզբնական բանկից կորպորատիվ և կորպորատիվից՝ թվային տեխնոլոգիաների վրա հիմնված բանկ։ Եվ սա արվում է միջազգային բոլոր ստանդարտներին համապատասխան։ Մշակել են  համապատասխան ճարտարագիտություն, որ սահուն կերպով, առանց վնասելու ընթացիկ աշխատանքը կարողանան դեպի թվային փոխակերպում անցումը սահուն կատարել։  

Doing Digital ֆորումը, կազմակերպիչների խոսքով ամենամյա բնույթ է կրելու, նաև այլ հարթակներ են ձևավորելու, որտեղ տարվա ընթացքում ևս հրավիրվելու են մասնագետներ, որոնք կկիսվեն իրենց փորձով հայ գործընկերների հետ։