
Իտալական հաղթարշավ, գերմանական՝ ֆիասկո. չեմպիոնների լիգա
Աջակցիր «Ա1+»-ինՈՒԵՖԱ չեմպիոնների լիգայում ավարտվեց 1/8 եզրափակիչ փուլը: Պատասխան վերջին չորս խաղում հայտնի դարձան հերթական հաջողակներն ու անհաջողակները:
Նախ «Մանչեսթեր Սիթին» սեփական դաշտում 7:0 հաշվով ջախջախեց գերմանական «Լայպցիգին»: Դա անգլիական թիմի երկրորդ նման հաղթանակն էր եվրոգավաթներում: 2018-19թթ մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթին» յոթ անպատասխան գոլ էր խփել գերմանական «Շալկե-04»ին:
«Լայպցիգն» եվրոգավաթներում կրեց իր ամենոխոշոր հաշվով պարտությունը: Նախկինում «կարմիր ցուլերին» ջախջախիչ պարտություն էր հասցրել «Մանչեսթեր Յունայթեդը»՝ 0:5:
Միլանի «Ինտերը», որի կազմում հանդես է գալիս Հենրիխ Մխիթարյանը, Պորտուգալիայում գոլազուրկ ոչ-ոքի խաղաց տեղի «Պորտուի» հետ, և երկու հանդիպումների արդյունքներով հաղթեց 1:0 հաշվով: Իտալական ակումբը 5-րդ անգամ անառիկ պահեց սեփական դարպասն ընթացիկ մրցաշարում: «Պորտուն» 7-րդ անգամ չկարողացավ ռևանշի հասնել առաջին խաղում կրած պարտության դիմաց:
Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալը» սեփական դաշտում նվազագույն հաշվով առավելության հասավ «Լիվերպուլի» նկատմամբ և ընհանուր հաշիվը դարձրեց 6:2: Իսպանական ակումբն առաջինը 300-րդ խաղն անցկացրեց լիգայի հիմնական փուլում: Մադրիդցիները սեփական դաշտում անցկացրած վերջին 66 խաղերում գոլ չեն կարողացել խփել միայն մեկում: «Լիվերպուլը» չեմպիոնների լիգայում անցկացրած վերջին 27 խաղերում միայն 4 անգամ չի կարողացել գրավել մրցակցի դարպասը, որից երեքը հենց «Ռեալի» հետ խաղերում:
Իտալիայի Ա սերիայի ներկայիս առաջատար «Նապոլին» սեփական դաշտում 3:0 հաշվով վստահ հաղթեց գերմանական «Այնտրախտին»: Իտալական թիմն առաջին անգամ է մտնում քառորդ եզրափակիչ: Ընթացիկ մրցաշարում «Նապոլին» տարել է 7 հաղթանակ: Այդ ցուցանիշով իտալացիները զիջում են միայն Մյունխենի «Բավարիային», որը 8 խաղում տոնել է 8 հաղթանակ: Սակայն, նեապոլցիները տանն անցկացրած 4 խաղերում միշտ խփել են 3 և ավելի գոլ, ինչը չի հաջողվել անել մյունխենցիներին:
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլի վիճակահանությունը տեղի կունենա մարտի 17-ին: Այն կանցկացվի կույր եղանակով, այսինքն՝ նույն երկրի թիմերը կարող են հանդիպել իրար հետ: Լիգայի եզրափակիչ խաղը կկայանա հունիսի 10-ին: