Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled Design (29)
A A
Հասարակություն

Երեք րոպեի ընթացքում յոթ գործողություն է տեղի ունեցել, այդ թվում փոխել են կոդերը և գաղտնաբառերը

«Առավոտի» յութուբյան ալիքն անհասանելի է դարձել. հարստացած հեղափոխականների մասին ֆիլմը կցուցադրեն ֆեյսբուքյան էջում

«Առավոտ» լրատվամիջոցը երեկ կորցրել է  հասանելիությունը իր յութուբյան էջին։ Այդ թեմայով Ա1+ը զրուցել է առցանց «Առավոտ»-ի գլխավոր խմբագիր Աննա Իսրայելյանի հետ։

Տիկին Իսրայելյան, կներկայացնեք` ի՞նչ է տեղի ունեցել։

-Յութուբյան մեր ալիքին  հասանելիությունը կորցրեցինք երեկ` 19։46-ին։ Երեք րոպեի ընթացքում հեռացրել են մեր հեռախոսային համարներն ու էլեկտրոնային հասցեները, որոնցով կարող էր վերականգման հնարավորություն լիներ։ Երեք րոպեի ընթացքում յոթ գործողություն է տեղի ունեցել, այդ թվում փոխել են կոդերը և գաղտնաբառերը։

Իսկ մինչ այդ  յութուբի կողմից զգուշացումներ եղե՞լ են։ 

-Յութուբի կողմից տարիներ առաջվա մի տեսանյութ էր ֆիքսվել, որտեղ կառավարության շենքի դիմաց ինքնահրկիզման փորձ էր եղել, և գիտեք որ յութուբի կանոններով դա համարվում է անթույլատրելի և սահմանվել էր դրա համար ժամկետ, որը լրանում էր ապրիլի 8-ին, սակայն մեկը մյուսի հետ կապ չունի։ 

Իսկ ինտերնետային կայքի վրա հարձակումներ եղե՞լ են այս մի քանի օրվա ընթացքում։

-Կայքի չէ, բայց մենք կորցրել էինք նաև Թվիթերի նկատմամբ մեր հասանելիությունը, բայց այն հնարավոր եղավ վերականգնել։ Բարեբախտաբար, կայքի նկատմամբ այդպիսի բան տեղի չի ունեցել։

Որքա՞ն հետևորդ ուներ ձեր յութուբյան էջը։

-30000

Իսկ դուք որոշակի պատկերացում ունե՞ք, թե ովքեր կարող էին կազմակերպել այ ամենը։

-Ես չեմ կարող որևէ մեկին մեղադրել, որովհետև դրա համար փաստեր են պետք, ուսումնասիրություններ, ես չեմ կարող բացառել հակերային հարձակման հնարավորությունը, բայց չեմ կարող չնշել, որ երեկ մինչև 19։15 մեր ֆեյսբուքյան և տելեգրամյան էջերում հրապարակված էր անոնս, որ ցուցադրվելու էր ֆիլմ հարստացած պաշտոնյաների վերաբերյալ։ Անոնսը փոխվեց, որ ցուցադրվելու է հաջորդ օրը, բայց 19։46 ալիքի վրա մեր հասանելիությունը արդեն կորցրել էինք։

Հիմա դուք հնարավորություն ունե՞ք ալիքը վերականգնելու, թե նորը պետք է ստեղծեք։

-Ալիքը փորձում ենք վերականգնել, մեկ պահեստային ալիք ունենք, որը հունվարին էր ստեղծվել։ Առայժմ տեսանյութերը այնտեղ են ներբեռնվում։

Իսկ ֆիլմը, որը պետք է լինի, որ հարթակով եք այժմ ցուցադրելու։

Ֆիլմը կարող եք դիտել «Առավոտ»-ի ֆեյսբուքյան էջում։       

Հավելենք, որ ֆիլմը կոչվում է   Ովքե՞ր են մեր օրերի «Չախչախ թագավորները»:

Ֆիլմում ներկայացվում է, թե  ինչպե՞ս և որքա՞ն հարստացան հեղափոխական պաշտոնյաները պատերազմող երկրում: