Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_Tehran International Tourism Exhibition 06
A A
Տնտեսություն

Իրանը հայ զբոսաշրջիկների համար կարող է դառնել հիմնական ուղղություններից մեկը․ տնտեսագետ

Հայ-իրանական քաղաքա-տնտեսական հարաբերությունները չեն եղել և չեն կարող լինել ի վնաս երրորդ երկրների` կարծում է տնտեսագետ Սուրեն Պարսյանը։ Նրա վերջին հոդվածն Իրանի հետ հարաբերությունների մասին ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

Իրանական կողմի հրավերով մեկշաբաթյա այցով Թեհրանում էի։ Սա իմ երկրորդ ճանապարհորդությունն էր Մերձավոր Արևելքի ամենախոշոր երկրներից մեկը, որի հետ Հայաստանն ունի հազարամյակների պատմություն և ցամաքային կապ։ Թեհրանում հնարավորություն ունեցա մոտիկից ծանոթանալու Իրանի պատմությանը, մշակույթին, տուրիզմին և տնտեսության այլ ճյուղերին։ Այցի ընթացքում պատիվ ունեցա մասնակցելու փետրվարի 7-10-ը Թեհրանում կայացած «Տուրիզմի և հարակից ոլորտների 16-րդ միջազգային ցուցահանդեսին», որի ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետության նահանգներն առանձին-առանձին ներկայացնում էին իրենց տեսարժան վայրերը, հյուրանոցային տնտեսությունները, ժամանցի օբյեկտները, մշակութային ժառանգությունը, սովորույթները, հուշանվերները և այլն։

Հատկանշական է, որ Թավրիզը ներկայացնող իրանական որոշ ընկերությունների ցուցանակներում և բուկլետներում առկա էին նաև հայերեն տեղեկություններ՝ հստակ մատնանշելով և կարևորելով այդ շրջանի հայկական մշակութային ժառանգությունն ու սփյուռքը։ Հարկ է նշել, որ Իրանում հայ մշակութային ժառանգությունը մշտապես գտնվում է պետության հոգածության ներքո, ինչն էլ ավելի մեծացնում և հետաքրքիր է դարձնում Իրանի տուրիստական ներուժը։ Այն կարող է դառնալ աշխարհի լավագույն օրինակներից մեկը, թե ինչպես է հնարավոր կողք կողքի ներկայացնել և պահպանել իսլամական և քրիստոնեական մշակութային ժառանգությունները։ Իրանական մշակույթի և զբոսաշրջության կենտրոններ են հանդիսանում Շիրազը, Քազվինը, Թավրիզը, Քերմանը, Սպահանը, Գոմը, Սանանդաջը, Խորասանը և այլն։

«Տուրիզմի և հարակից ոլորտների միջազգային ցուցահանդես»-ը կազմակերպվում է պարբերաբար. այն արդյունավետ հարթակ է նոր գործընկերներ գտնելու, փորձի փոխանակման և ընդհանուր տուրիստական ոլորտի միտումները գնահատելու համար, որին պետք է հրավիրվեն (ակտիվ մասնակցեն) նաև հայկական տուրիստական ընկերություններ։ Ցուցահանդեսի շրջանակներում Իրանի տուրիզմի նախարար Էզաթուլլահ Զարղամը հանդիպեց ԻԻՀ մշակութային ժառանգության, տուրիզմի և ձեռագործ աշխատանքի նախարարության և «Իրան-հայկական բարեկամության ասոցիացիա» ՀԿ-ի հրավերով Հայաստանից ժամանած փորձագետների հետ։

Ուշագրավ է, որ 2022 թվականի ընթացքում ԻԻՀ-ից Հայաստան են ժամանել 116430 տուրիստներ, որը նախորդ տարվա համեմատ ավելի է 27,5 տոկոսով։ Թեև 2022 թվականի ընթացքում Հայաստանից մեկնած ընդհանուր զբոսաշրջիկների թիվն ավելացել է 2,6 անգամ, սակայն դեպի ԻԻՀ Հայաստանի տուրիստական հոսքերը շատ փոքր են, ինչը հիմնականում պայմանավորված է Իրանի մասին սակավ և երբեմն ոչ ճիշտ տեղեկատվությամբ, իրանական և հայկական տուրիստական ընկերությունների պասիվությամբ և այլ հանգամանքներով։ Այնուամենայնիվ, վերջին տարիների ընթացքում հայ զբոսաշրջիկների համար նոր և ակտիվ զբոսաշրջային ուղղություն է դարձել Քիշը (Հորմոզգանի նահանգում), որը Պարսից ծոցում գտնվող իրանական փոքր կղզի է։ Այն հանդիսանում է Իրանի և Պարսից ծոցի ամենախոշոր և հայտնի լողափային հանգստավայրերից մեկը։ Կղզու ամբողջ տարածքը ազատ տնտեսական գոտի է, որտեղ կարելի է շատ մատչելի գներով ձեռք բերել տարբեր նշանակության ապրանքներ։ Դեպի Իրան զբոսաշրջային հոսքերի աճին կարող են նպաստել էժան ավիատոմսերը։ Նշեմ, որ հայկական և իրանական ավիաընկերությունները շաբաթը մի քանի կանոնավոր թռիչքներ ունեն։

ԻԻՀ-ն իր արտաքին քաղաքականությունն իրականացնում է արժանապատվության, իմաստության և նպատակահարմարության սկզբունքների վրա, ինչը թույլ է տալիս զարգացնել և ընդլայնել հայ-իրանական առևտրատնտեսական կապերը բոլոր ուղղություններով։ Հայ-իրանական քաղաքա-տնտեսական հարաբերությունները չեն եղել և չեն կարող լինել ի վնաս երրորդ երկրների, Հայաստանն և Իրանը չունեն զարգացման այլընտրանք։ Հարկ է ընդգծել, որ ներկայում այս տարածաշրջանում Իրանը միակ երկիրն է, որ վարում է կայունացնող, նոր բախումները զսպող քաղաքականություն, ինչը բխում է նաև Հայաստանի շահերից։