Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց․ 3-ը փետրվարի․ Հրաժարական է ներկայացնում Լեւոն Տեր-Պետրոսյանը (տեսանյութ)

ՀՀՇ վարչության փոխնախագահ Անդրանիկ Հովակիմյանը 1998-ի փետրվարի 3-ին տեղեկացնում է, որ քաղաքապետի պաշտոնից հեռացած Վանո Սիրադեղյանը չի հրաժարվել ՀՀՇ վարչության նախագահի պաշտոնից : Արդեն այսօր պարզ է, որ խորհրդարանում ՀՀՇ-ի ղեկավարած բլոկից հեռացել է 40 պատգամավոր: Խմբակցությունում մնացել է 50 հոգի:

Խորհրդարանի հաջորդ ընտրություններ ՀՀՇ-ն կգնա արդեն առնետներից մաքրված ցուցակներով:

1998-ի փետրվարի 3-ի մամուլը հիմնականում անտեղյակություն է ցուցաբերում այս օրերին Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական կտրուկ զարգացումների հարցում: Խորագրերը սակայն դիպուկ են՝ Վանոն ցեցը գցեց, առնետները լքում են խորտակվող նավը: Խորտակվողների համար աղետյալ նավը «Հանրապետություն» խմբակցությունն է, իսկ փրկարար նավը՝ «Երկրապահը»:

Ընդդիմադիր կուսակցություններից Ազգային Ինքնորոշում միավորումը 1998-ի այս օրը հանրապետությունում տեղի ունեցող հրաժարականների շքերթը բնութագրում են որպես թավշյա հեղափոխություն:

1998-ի փետրվարի 3-ին Հանրապետության նախագահի պաշտոնից հրաժարական է ներկայացնում Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նախագահն այդ օրը չի խոսում, թե հատկապես ովքեր են ներկայացրել այդ պահանջը, սակայն ավելացնում է, որ Արցախի հարցը միայն պատրվակ էր հրաժարականի պահանջի համար: Նախագահը նկատում է, որ միեւնույն է, խաղաղությունը վաղ թե ուշ հարթելու է իր ճանապարհը: Նոր նախագահի Լեւոն Տեր-Պետրոսյանը մաղթում է ամենայն հաջողություն:

Երկու տարի հետո այս օրերին, ըստ ՀՀՇ առաջնորդներից մեկի, Տեր-Պետրոսյանը զայրացած է: Նա նկատում է, որ առաջին նախագահի զայրույթի պատճառն այն է, որ Հայաստանի բախտի հետ խաղում են օտար պետությունների գաղտնի ծառայությունների լեյտենանտների մակարդակի մարդիկ:

Ի դեպ, 2000-ի փետրվարի 3-ին ՀՀՇ վարչությունում նախագահի հրաժարականի 2-րդ տարին անցկացնում են մոմի լույսի տակ եւ վառարանի կողքին: Վարչության անդամները խորհրդանշանական են համարում այս փաստը, որի ներքո մի ժամանակ գտնվում էր ամբողջ Հայաստանը:

Ազգային Ժողովի նախկին փոխնախագահ Արա Սահակյանը 2001-ի փետրվարի 3-ին ասում է, որ իշխանությունը թողնելուց հետո ՀՀՇ-ն պետք է գրավեր ընդդիմության տեղը: Քոչարյանի վարչախումբն ըստ Արա Սահակյանի տառապում է նախկիններին բանտում տեսնելու մաղձով: Ի դեպ, պարոն Սահակյանը ՀՀՇ-ի հեռանալուց հետո Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման համար վատ ժամանակներ է սպասում :

2002-ի այս օրերին հրատարակվում է բանասեր Վլադիմիր Գրիգորյանի պատմական փաստերով հագեցած «Օրագրերը»: Ի դեպ, ըստ հեղինակի բարեկամների, Գրիգորյանը պնդում էր, որ Հայաստանը միշտ պետք է Ռուսաստանի կողքին լինի, սակայն ոչ թե փոքր եղբոր, այլ հավասար իրավունքների կարգավիճակով:

2008-ի փետրվարի 3-ին Արթուր Բաղդասարյանը ընդդիմության ամենացանկալի թեկնածուներից է նախագահի պաշտոնում: Հրապարակը լեփ լեցուն է, մարդիկ բղավում են հաղթանակ, թեկնածուի դեմքին լայն ժպիտ կա: Առաջին նախագահի հրաժարականից 13 տարի անց խորհրդարանի նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանն ասում է, որ այդքան էլ ճիշտ չէր ամբողջ թիմուվ հրաժարական տալը: Կարապետ Ռուբինյանի համոզմամբ, այդ օրերին հայտնի ուժերի, այսինքն, Ռոբերտ Քոչարյանի, Վազգեն եւ Սերժ Սարգսյանների կողմից տեղի ունեցավ իշխանության զավթում։

Հրազդանում 2012-ի այս օրը քաղաքապետի ընտրությունների նախընտրական քարոզարշավի օր է։ Մրցակից թեկնածուն ընդդիմադիր ազատամարտիկ Սասուն Միքայելյանն է, որի արցախյան հերոս լինելը հրազդանցիներից ոմանց համար չափանիշ չէ։ Սասուն Միքայելյանի նախընտրական հանդիպումներն անցնում են խոչընդոտներով։ Նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանին 2013-ի այս օրը դուր չի գալիս, որ նախագահի թեկնածուները միմյանց աչքերի մեջ չեն ուզում նայել։ Արմավիրցիներին հետաքրքիր է ՝ Հայրիկյանի հանդեպ մահափորձից հետո Բագրատյանը մտադիր չէ՞ դիմել Սահմանադրական դատարան նախագահի ընտրությունները հետաձգելու հարցով: