Ֆուտբոլի աշխարհի եռակի չեմպիոն Պելեի թաղմանը մասնակցել են երկու չեմպիոններ
Աջակցիր «Ա1+»-ինԲրազիլիայի Սանթուս ծովափնյա քաղաքում սկսվել է անվանի ֆուտբոլիստ Պելեի թաղման արարողությունը:
Ինչպես նշում են տեղի լրատվամիջոցները, «ֆուտբոլի արքային» վերջին անգամ ճանապարհելու են եկել մոտ 230 հազար ֆուտբոլասերներ: Նրանց թվում է նաև Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան: Սակայն, ԶԼՄ-ներին զարմացրել է այն, որ բրազիլացի աշխարհի 67 կենդանի չեմպիոններից միայն երկուսն են ներկա այդ արարողությանը: Նրանք են 1970թ աշխարհի չեմպիոն, Պելեի անմիջական խաղընկեր Կլոդոալդոն, և 1994թ աշխարհի չեմպիոն Մաուրո Սիլվան:
Պելեի մարմինը տեղափոխող բացօթյա ավտոմեքենան կանգ է առել նրա 100-ամյա մոր տան մոտ, որտեղ բազմությունը ծափահարությամբ է դիմավորել իրենց թաղամասի նախկին բնակչին, իսկ ֆուտբոլիստի քույրն արցունքներնաչքին ընդամենը նայել է պատշգամբից։
Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստն իր վերջին հանգրվանը կգտնի 14 հարկանի մասնավոր գերեզմանատանը՝ Memorial Necrópole Ecumênica-յում, որի 9-րդ հարկում նա 19 տարի առաջ ընտանեկան գերեզման է գնել:
Հիշեցնենք, որ Պելեն մահացել է դեկտեմբերի 29-ին, 82 տարեկանում, երկարատև հիվանդությունից հետո: Բրազիլիայում նրա մահվան կապակցությամբ հայտարարվել էր եռօրյա սուգ։