Կալանավորվել է Միկոյան 64-ի հողատարածքի վիճահարույց վաճառքի հետ կապվող գործարարը
Աջակցիր «Ա1+»-ինԿալանավորվել է գործարար Ռուբեն Կարախանյանը, որի անունը կապվում է Երևանի Միկոյան 64 բնակելի համալիրի բակի շուրջ 4,000 քմ հողատարածքի օտարման գործարքի հետ։ Նրա կինը՝ Աիդա Հովհաննիսյանը, համալիրի կառուցապատող «Ն ԵՎ Ս Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի 62.5% բաժնեմասի սեփականատերն է, իսկ Կարախանյանը «ԿԱ ԷՌ Մայնինգ» ՍՊԸ-ի բաժնետերն է, գրում է «Ազատությունը»։
Քննչական կոմիտեից «Ազատությանը» հաստատեցին այս լուրը՝ նշելով, որ քրեական հետապնդում է հարուցվել երեք անձի նկատմամբ։ Նրանցից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, իսկ մեկի նկատմամբ՝ տնային կալանքը։ Կալանավորվածներից մեկն էլ հենց Ռուբեն Կարախանյանն է։
Կոմիտեի փոխանցմամբ՝ այդ 3 անձանցից մեկին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար։ Մյուս երկուսի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել նույն հոդվածով, ինչպես նաև մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու համար։ Քննչական կոմիտեից չեն հստակեցնում՝ արդյո՞ք այս վարույթը կապ ունի Միկոյան 64-ի շուրջ ծագած վեճերի հետ։
«Հետք»-ի տվյալներով՝ Միկոյան 64 համալիրի կառուցապատող «Ն ԵՎ Ս Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն առանձնացրել էր նախագծով կանաչապատման և բարեկարգման համար նախատեսված շուրջ 4,000 քմ հողատարածքը և դրա օտարման գործարք նախաձեռնել Կարախանյանին պատկանող «ԿԱ ԷՌ Մայնինգ» ընկերության հետ։ Այդ պայմանագիրը հետագայում լուծվել է, իսկ կառուցապատողը նմանատիպ պայմանագիր է կնքել «ԿԱ ԷՌ Բիլդ» ՍՊԸ-ի հետ, որի բաժնեմասի 100%-ը պատկանում է Աիդա Հովհաննիսյանին։ Ընկերության տնօրենը Ռուբեն Կարախանյանի եղբայրն է՝ Կարեն Կարախանյանը։
Համալիրի բնակիչները պնդում են, որ հողատարածքի առանձնացմամբ և օտարման փորձով վտանգվել են իրենց ընդհանուր բաժնային սեփականության իրավունքները։ Նրանք գործընթացում կոռուպցիոն ռիսկեր են տեսել և խնդրի մասին պատմել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին։