Ազգային ժողովում հյուրընկալվել է Եվրոպական խորհրդարանի պատվիրակությունը
Աջակցիր «Ա1+»-ինԱրտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Մխիթարյանը, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հարություն Հարությունյանը, հանձնաժողովի անդամներ Արեգա Հովսեփյանը, Սյուզաննա Սայադյանն ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Ծովինար Վարդանյանը հոկտեմբերի 27-ին հանդիպել են Եվրոպական խորհրդարանի շրջակա միջավայրի, կլիմայի և սննդի անվտանգության հանձնաժողովի պատվիրակության անդամների հետ:
Հանդիպմանը ներկա է եղել ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։
Սարգիս Խանդանյանը ողջունել է ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած հյուրերին։ Հանձնաժողովի նախագահը փաստել է, որ Եվրոպական խորհրդարանի հետ տարբեր ձևաչափերով առկա է արդյունավետ համագործակցություն։
ԱԺ պատգամավորները խոսել են Հայաստան-Եվրամիություն խորացող հարաբերություններից, կարևորել տարբեր բնագավառներում ԵՄ աջակցությունը։
Շնորհակալություն հայտնելով Ազգային ժողովում իրենց հյուրընկալելու համար՝ Եվրոպական խորհրդարանի շրջակա միջավայրի, կլիմայի և սննդի անվտանգության հանձնաժողովի պատվիրակության անդամները բարձր են գնահատել ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ Հայաստանում անցկացումը։ Հյուրերը մի շարք ոլորտներում իրենց հաջողված փորձը ներկայացնելու և համագործակցությունը խորացնելու պատրաստակամություն են հայտնել։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել շրջակա միջավայրի պաշտպանության հարցում երկկողմ գործակցության վերաբերյալ՝ ակնկալելով կոնկրետ արդյունքների արձանագրում։