Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Վարչապետը Ֆինանսների նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆինանսների նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Վահե Հովհաննիսյանին: Վարչապետը նախ շնորհակալություն է հայտնել նախկին նախարար, նորանշանակ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին՝ Ֆինանսների նախարարի պաշտոնում կատարած աշխատանքի համար և շնորհավորել ու հաջողություն մաղթել Վահե Հովհաննիսյանին՝ հետագա աշխատանքում: «Տեղյակ եք, որ այս փոփոխությունը տեղի է ունենում պարոն Խաչատրյանի՝ փոխվարչապետ նշանակվելու բերումով: Իհարկե, այդ հանգամանքն էլ պիտի շեշտեմ և ընդգծեմ, որովհետև առիթ չեմ ունեցել այդ թեմայով խոսելու. պարոն Խաչատրյան, ուզում եմ Ձեզ հաջողություններ մաղթել փոխվարչապետի կարգավիճակում: Նաև պիտի արձանագրեմ, ասեմ, որ այդ որոշման մեջ ամենևին երկրորդական դեր չի խաղացել Ֆինանսների նախարարության արդյունավետ աշխատանքը Ձեր գլխավորությամբ, և հույս ունեմ, որ այդ արդյունավետությունը, իհարկե, կդրսևորվի նաև փոխվարչապետի լիազորությունների և գործունեության տիրույթում: Իհարկե, հույս ունեմ, որ պարոն Հովհաննիսյանը, ով վերջին մեկ տարվա ընթացքում նաև աշխատել է Ֆինանսների նախարարությունում, կկարողանա այդ էստաֆետը վերցնել և զարգացնել: Միևնույն ժամանակ, հույս ունեմ, որ փոխվարչապետի և նախարարի կարգավիճակում արդյունավետ գործունեություն կծավալեք: Իր հերթին, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ բարձր վստահության և նոր պատասխանատու պաշտոնում աշխատելու հնարավորության համար: «Ինձ համար կրկնակի պատասխանատու է այդ պաշտոնավարումը, հատկապես՝ այն խոսքերից հետո, որոնցով Դուք գնահատում եք Ֆինանսների նախարարության անցած մեկուկես տարվա աշխատանքը: Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել նախարարության անձնակազմին, քանի որ դա եղել է թիմային աշխատանք, եղել է այստեղ ներկա և ոչ ներկա մեր բազմաթիվ գործընկերների 12 ժամը գերազանցող ամենօրյա աշխատանքի արդյունք: Ամենակարևորը, որ այդ աշխատանքի հիմքում ունեցել ենք միասնական տեսլական և նպատակ՝ ամեն օր բարելավել մեր աշխատանքի որակն այնպես, որ արդյունքը մեր հասարակության շահերին ծառայի լավագույն ձևով: Ես դա ինձ թույլ եմ տալիս ասել, որովհետև չի եղել մեզ մոտ որևէ առարկայական, բովանդակային քննարկում, երբ մենք առաջինը խոսացած չլինենք այդ հարցի, հետո՝ նոր անելիքների մասին: Իսկ այդ նպատակը լավագույն ձևով ձևակերպված է կառավարության 2021-2026 թվականների ծրագրում: Մեզ համար շատ հեշտ է եղել, որովհետև եղել է ուղեցույց, եղել է շրջանակ, որին միտված են եղել մեր բոլոր քննարկումները և այդ շրջանակներում լուծումներ գտնելու մտքով է, որ հավաքվել ենք այդ հարցերին լուծում տալու համար: Առիթ եմ ունեցել ասելու, պարոն վարչապետ, նաև, երբ ինձ մեկուկես տարի առաջ գործուղում էիք Ֆինանսների նախարարի պաշտոնում աշխատելու, որ Ֆինանսների նախարարությունում առկա է բարձր պրոֆեսիոնալիզմով և մարդկային բարձր հատկանիշներով անձնակազմ, ովքեր թե լավ օրերին, թե վատ օրերին միշտ եղել են համախմբված: Վատ օրերին՝ նկատի ունեմ նաև այն դեպքում, երբ գուցե և ոչ բոլորն են իրենց սպասելիքներն արդարացրել, որովհետև ոչ միշտ է, որ աշխատանքը բերել է հաջողություն: Եղել են նաև անհաջողություններ, ժամանակավոր դժվարություններ: Վստահ եմ, որ պարոն Հովհաննիսյանը և գործընկերները լավագույն ձևով են կատարելու 2023 թվականի այն ծրագիրը, որը դրված է իրենց առջև: Իմ պատրաստակամությունն է եղել և շարունակում է լինել նոր պաշտոնում նույնպես ամենայն աջակցություն ցուցաբերել, որ նախարարության կողմից կատարված աշխատանքը լինի արդյունավետ»,- ասել է Տիգրան Խաչատրյանը: Ֆինանսների նորանշանակ նախարար Վահե Հովհաննիսյանը ևս շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ վստահության և գնահատականի համար: «Ինձ համար մեծ պատիվ է ծառայել Հայաստանի Հանրապետությանը՝ նման աշխատանք կատարելով: Իհարկե, պարոն Խաչատրյանի սահմանած նշաձողից հետո բավականին դժվար է լինելու շարունակել համապատասխանել՝ հաշվի առնելով այն պրոֆեսիոնալ մասնագիտական մոտեցումը, նաև որպես ղեկավար՝ այն մոտեցումները, որոնք սահմանել է պարոն Խաչատրյանը: Վստահ եմ, որ մենք՝ Ֆինանսների նախարարության ամբողջ անձնակազմը, կանենք առավելագույնը Հայաստանում հանրային ֆինանսների կառավարումը բարձրացնելու և հասցնելու մի այնպիսի մակարդակի, որը կհամապատասխանի աշխարհի ամենազարգացած երկրների մակարդակին»,- ասել է Վահե Հովհաննիսյանը: Բայց մեր նպատակադրումն, ի վերջո, բոլոր ինստիտուտների կայացումն է: Իհարկե, մեզ համար մեծագույն խնդիր է, և մենք բազմիցս ենք քննարկել ու մտքում պետք է ունենանք այն, որ պետական հատվածում աշխատանքը պիտի բավարար չափով գրավիչ և մրցունակ լինի մասնավոր հատվածի հետ: Այս առումով հույս ունեմ, որ հանրային կառավարման բարեփոխումները, որոնք շատ ծանր և բարդ փաթեթ են, ի վերջո, մեզ կհաջողվի պատշաճ հանգրվանի հասցնել և առաջիկա կառավարման մեր շրջանը մաքսիմալ շեշտադրված լինի ինստիտուտների կայացման վրա: Սա կարևորագույն խնդիրներից է, որը ես շատ ուրախ եմ, որ և՛ փոխվարչապետը, և՛ նախարարը հնարավորություն կունենան գործնականում իրագործելու, կամ շարունակելու դրան միտված այդ աշխատանքը: Կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր ներկաներին այս ընթացքում կատարած արդյունավետ աշխատանքի համար»: