Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+argentuna-xirvatia 1
A A
Սպորտ

Արգենտինայի հավաքականը շանս չտվեց Խորվաթիային և կխաղա եզրափակիչում. Քաթար-2022

Ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ առաջին խաղում Արգենտինայի հավաքականը աշխարհի գործող փոխչեմպիոն Խորվաթիան։

Խաղի սկիզբն անցավ հավասար պայքարում, առանց գոլային պահերի: Առաջին վտանգավոր հարվածը դարպասին 25-րդ րոպեին կատարեց արգենտինացի Էնցո Ֆերնանդեսը, սակայն խորվաթների դարպասապահ Դոմինիկ Լիվակովիչը գնդակը ետ մղեց ներքևի անկյունից։

Խաղի 34-րդ րոպեին Խուլիան Ալվարեսը դուրս եկավ մրցակցի դարպասապահի դեմ դիմաց և փորձեց գրավել դարպասը, սակայն վերջինը կոպիտ հնարքով փակեց նրա առաջխաղացումը: Նշանակվեց 11մ հարված, որը վստահ իրացրեց Լիոնել Մեսին: Հինգ րոպե անց արգենտինացիներն արագ հակագրոհ ձեռնարկեցին, նույն Խուլիան Ալվարեսը գնդակով անցավ ամբողջ կիսադաշտը, շրջանցեց խորվաթների երկու պաշտպաններին և մոտիկից գրավեց դարպասը՝ 2:0։

Երկրորդ խաղակեսի սկիզբն անցավ Խորվաթիայի հավաքականի տարածքային առավելությամբ, սակայն խորվաթներին չհաջողվեց լրջորեն անհանգստացնել արգենտինացիների դարպասապահին: Իսկ ահա խաղի 70-րդ րոպեին արդեն փայլեց Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսին, որը միայնակ աջ եզրով չեցքեց մրցակցի պաշտպանությունը և հաշվենկատ փոխանցում կատարեց կենտրոն, որտեղ ազատ գտնվող Խուլիան Ալվարեսը գրավեց անպաշտպան դարպասը:

Գոլից հետո արգենտինացիները նույնպես ակտիվացան և մի քանի վտանգավոր պահեր ստեղծեցին, սակայն Լիոնել Մեսիին ու նրա խաղընկերներին չհաջողվեց չորրորդ գոլը խփել: Իսկ ահա խորվաթներն այդպես էլ ուժ չգտան հաշիվը կրճատելու համար:

Արգենտինայի հավաքականը հաղթեց 3:0 հաշվով և առաջինը մտավ եզրափակիչ, որտեղ կհանդիպի Ֆրանսիա – Մարոկո զույգի հաղթողի հետ: Այդ հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 14-ի գիշերը: