Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մշակույթ

Ես հավատում եմ, որ բարձր արվեստով շատ բան կարելի է փոխել մեզ շրջապատող իրականությունում․ Կոնստանտին Օրբելյան

«Ա1+»- ի զրույցը դիրիժոր, դաշնակահար Կոնստանտին Օրբելյանի հետ

- Մաեստրո, աշխարհը խաղաղ ժամանակներ չի ապրում։ Ինչպիսի՞ն պետք է լինի արվեստի, մշակույթի դերակատարումը։

- Արվեստով, բարձրարժեք երաժշտությամբ կարելի է աշխարհում բարության «չափաբաժինն» ավելացնել։ Աշխարհին բարություն է պետք, և մեզնից յուրաքանչյուրը՝ որպես արվեստի մշակ, պարտավոր է հնարավորն ու անհնարինն անել՝ ոգեշնչելու մարդկանց։ Ես հավատում եմ, որ բարձր արվեստով շատ բան կարելի է փոխել մեզ շրջապատող իրականությունում։

- Ինչպե՞ս կբնութագրեիք այսօր մեր անհանգիստ օրերում երաժշտական աշխարհում տեղի ունեցող զարգացումները։

- Համավարակ, պատերազմներ, ամենուր խառը իրավիճակ։ Բնական է, որ այս պայմաններում որևէ բնագավառ՝ առավել ևս մշակութայինը, չի կարող բնականոն զարգացում ունենալ։ Իսկ, առավել ևս, քանի որ սա առավել դյուրազգաց ոլորտ է։

Համավարակը փորձություն էր, որի լուծման ուղիները, բարեբախտաբար, գտնվեցին։

- Իսկ Դուք գտա՞ք այդ փորձությանը դիմակայելու Ձեր անձական ստեղծագործական լուծումները։

- Ինչպես ասում են՝ չկա չարիք առանց բարիքի։ Համավարակի ընթացքում բացի այն, որ հեռավար պետք էր կարգավորել բոլոր գործերը՝ այդ թվում նաև հայրենիքում, ես լիարժեք կարողացա հագեցնել «կարոտս» դաշնամուրից՝ ինչի արդյունքում որպես դաշնակահար համերգային նոր ծրագրով ներկայացա ամերիկյան մի քանի քաղաքներում։ Հանդիսատեսի արձագանքը շատ ոգևորեց, և միգուցե այս ծրագիրը նաև շարունակական դարձնենք։

- Իսկ հնարավո՞ր է նաև Հայաստանում կարողանանք վայելել Օրբելյան դաշնակահարի կատարումները։ Վստահ եմ, որ սա հիանալի նվեր կլինի Ձեր արվեստի երկրպագուների համար։

- Այդ մասին չէի մտածել, բայց նկատի կունենամ, ինչու՞ ոչ։ Ստեղծագործական ծրագրերը իսկապես շատ են, և պետք է հասցնել առավելագույնս արդյունավետ օգտագործել ժամանակը։

- Պարոն Օրբելյան, Ձեր վերջին իրագործած նախագծերից որո՞նք կառանձնացնեիք։

- Վերջերս մեր սիրելի Հասմիկ Գրիգորյանի հետ բացառիկ համերգ ունեցանք Կաունասում։ Ներկա էր 6000 հանդիսատես։

Հաջորդ տարի հունվարին պլանավորված է համերգ կանադացի, հայազգի նշանավոր օպերային երգչուհի Իզաբել Բայրակդարյանի մասնակցությամբ Los Angeles Virtuosi Orchestra-ի հետ համատեղ։ Մարտից հյուրախաղերով հանդես կգանք նաև նշանավոր օպերային երգչուհի Էլինա Գարանչայի հետ, որը կավարտվի հունիսի 27-ին Բրազիլիայում։ Հունիսին նախատեսված են նաև համերգներ մեր ժամանակի լավագույն ռուս դաշնակահարներից մեկի՝ Դանիիլ Տրիֆոնովի հետ Մեքսիկայում։ Ապրիլին Կարնեգի Հոլլում կկայանա Լերա Աուերբախի «Լույսի անոթներ» թիվ 6 սիմֆոնիայի ամերիկյան պրեմիերան։ Համերգին կմասնակցի Նյու Յորքի քաղաքային օպերայի նվագախումբը և երգչախումբը։ Սիմֆոնիան նվիրված է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Լիտվայում Ճապոնիայի հյուպատոս Չիունե Սուգիխարային, ում շնորհիվ 1940 թվականին 6000 հրեաներ Ճապոնիա մուտքի վիզա ստացան։ Ելույթ կունենա նաև նշանավոր թավջութակահարուհի Քրիստինա Կուպերը։

– Ձեր ստեղծագործական ծրագրերում Հայաստանին և հայ երգիչներին ու երաժիշտներին առնչվող նախագծերը շատ են։ Հուսով ենք, որ այս նախագծերով կներկայանաք նաև երևանյան բեմում։ Եվ շնորհակալ եմ զրույցի համար։