Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արտահանման «աքիլլեսյան գարշապարը» (տեսանյութ)

Տնտեսություն
3c057dc3480e6b9bd13f875b900e5059

Հայ արտահանողների «աքիլլեսյան գարշապարը» արտադրանքի որակի` միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելն է:

Հենց այդ պատճառով ըստ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության նախագահ Արսեն Ղազարյանի` եվրոպական շուկաներում հայ գործարարները հանդիպում են բազմաթիվ խոչընդոտների:

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կոլեգիայի եւ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության նախագահության այսօրվա համատեղ նիստի ժամանակ քննարկվեցին արտահանման վրա հիմնված արդյունաբերական քաղաքականության ձեւավորման, գործարար եւ ներդրումային միջավայրի բարելավման եւ տնտեսության զարգացմանն առնչվող ծրագրերը:

Արսեն Ղազարյանի կարծիքով` միջազգային ստանդարտացման ու սերտիֆիկացման համակարգի արագ ներդրման համար անհրաժեշտ է, որպեսզի պետական ու միջազգային կազմակերպության ցանկացած ռեսուրս ուղղվի հենց այդ ոլորտ: Ըստ նրա` առաջնահերթ պետք է դիտարկել սննդի որակի խնդիրն ու այն միջազգային անկախ փորձաքննության ենթարկել:

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն հայտարարեց, որ կառավարության գերակայությունների մեջ է արտահանման ուղղվածություն ունեցող արդյունաբերական քաղաքականության ռազմավարության ձեւավորման խնդիրը: «Հայաստանի ներքին շուկան բավականին փոքր է եւ այդ պատճառով արտադրության ու ներդրումների ծավալները պետք է ուղղորդված լինեն ոչ միայն ներքին, այլեւ արտաքին շուկա»,- նշեց նախարարն` ավելացնելով, որ այս պարագայում պետությունն իր կողմից պարտավորվում է բարելավել օրենսդրական դաշտը:

Նախարար Դավթյանի վստահեցմամբ` օրենսդրությունն արտահանման առումով բավականին ազատական է եւ բոլոր տեսակի հարկերը հանվել են` ԱԱՀ, ակցիզային հարկ եւ այլն` բացառությամբ` երկակի ու ռազմավարական նշանակության ապրանքների արտահանման. «Այժմ աշխատում ենք Եկամուտների պետական կոմիտեի հետ, որ արտահանման հետ կապված ընթացակարգերը պարզեցնենք: Անցյալ տարի, օրինակ, էականորեն կրճատվեցին արտահանման գործընթացների համար պարտադիր փաստաթղթերի ցանկը` հասցնելով 3 պարտադիր փաստաթղթի»:

Ինչ վերաբերում է ազատ առեւտրային ռեժիմներին, ապա Տիգրան Դավթյանը նշեց, որ այժմ բանակցություններ են ընթանում, որպեսզի ԱՊՀ տարածքում ձեւավորվի միասնական ազատ առեւտրի գոտի:
«Մաքուր երկաթ» ԲԲԸ-ի տնօրեն Գենիկ Կարապետյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ իրենք արդեն 14-15 տարի է արտահանում են տարեկան միջինում 100 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք միայն եվրոպական շուկա. «ԱՊՀ-ի հետ խուսափում ենք աշխատել, քանի որ այնքան էլ ցանկալի չէ. նրանք ավելի շատ «ճարպկություն» են փորձում անել, իսկ մենք ուզում ենք օրինական ձեւով աշխատել: ԱՊՀ երկրների հետ շատ փոքր քանակությամբ ենք աշխատում, սակայն միշտ ինչ-որ խնդիրներ են լինում»: