Բացել լրահոսը Փակել լրահոսը
Zabel with her husband
A A
Մշակույթ

Գալուց առաջ հայրս ասել էր՝ աղջի՛կս, այնպես չլինի, որ նորից ետ վերադառնաք․ Զաբել Բերբերյան

Հայրենիքում ապրելը երջանկություն է․ Զաբել Բերբերյան

 

 

 «Նոր Թռչնոց բույն» ՀԿ-ն, որի նպատակն է օգնել պատերազմից տուժած ընտանիքներին ու երեխաներին, ստեղծվել է  2020 թվականի պատերազմից հետո Զաբել Բերբերյանի նախաձեռնությամբ ։

«Կյանքիս ուղին՝ Լիբանան, Կանադա, Հայաստան,-պատմում է Զաբել Բերբերյանը,-այս երեք երկրներն են, որ ձևավորել են ինձ։ Երեսուն տարի ապրել եմ Լիբանանում, այնտեղ  սովորել ու աշխատել։ Կանադայում ապրել եմ տասներեք տարի։ Ուսուցչություն եմ արել՝ միշտ հայկական դպրոցներում։ Այնուհետև ձեռք եմ բերել կազմակերպչական հմտություններ, որոնք ինձ հետագայում շատ պետք եկան հենց Հայաստանում»,- պատմում է նա։

  17 տարի է, ինչ Զաբելն իր ընտանիքի հետ ապրում է Պռոշյան գյուղում։

  «Ես ու ամուսինս պսակադրվել ենք Գեղարդում, հետո նորից վերադարձել Տորոնտո, ու այդ ժամական էլ որոշել ենք, որ պետք է վերադառնանք Հայաստան։ Բայց  նախ պետք է աշխատեինք ու գումար հավաքեինք։ Այդ ժամանակ էր, որ մի թատերական ներկայացման էինք գնացել․ մեկը գրող էր՝ աքսորված, մյուսն էլ դուրս էր գնացել իր հայրենիքից, ու միակ նպատակը փող աշխատելն էր, որպեսզի երբ վերադառնա իր հայրենիք ցույց տա, թե որքան է հարստացել։ Այս ներկայացումը շրջադարձային եղավ մեզ համար, իսկ հետո սկսեցի անգլերենով երազներ տեսնել, ասացի վերջ, պետք է վերադառնանք։  Երբ եղավ հոկտեմբեր 27-ը մեզ բոլորը ասում էին, որ հիմա պետք չէ  Հայաստան գնալ։ Մենք և՛ լավ միջավայրում էինք, և՛ լավ աշխատանք ունեինք Կանադայում, ու վախ կար, որ Հայաստանում քաղաքացիական պատերազմ կսկսվի։ Սակայն մենք մտածեցինք, որ ավելի լավ է՝ մեր ճակատագիրը կապենք ողջ հայ ժողովրդի ճակատագրի հետ։ 2000 թվականի Ամանորը ես ու ամուսինս Հայաստանում ենք դիմավորել»,-  հիշում է Զաբելը։

2020 թվականին Պրոշյանից պատերազմին մասնակցել են 25-30 հոգի, ու շատերը նահատակվել են։ Զաբել Բերբերյանը որոշել է այցելել նրանց ընտանիքներին։

 «Ընտանիքներ էինք այցելում Նաիրե Պողոսյան-Մելքոնյանի և քրոջս՝ Անի Բերբերյանի հետ, ով երբեմն մեր հանդիպումներից լուսանկարներ էի տարածում իր սոցիալական մեդիայում։ Եվ շատերը, որ սփյուռքում են ապրում,  ցանկություն էին հայտնում օգնել այդ ընտանիքներին։ Ու մենք րոշեցինք սփյուռքի մի ընտանիք կապել պատերազմից տուժած և անչափահաս երեխա ունեցող հայկական մի ընտանիքի ու այդ նախաձեռնությունը կոչեցինք՝ ընտանիքից ընտանիք։ Երբ սփյուռքի ընտանիքը կցում էինք հայկական ընտանիքի, պայման էր դրվում, որ նրանք մեկ տարի ամիսը 50 կամ 100 դոլար պետք է աջակցություն ուղարկեին այդ ընտանիքին»։

«Նոր Թռչնոց բույն» -ը  Զաբել Բերբերյանը  ստեղծել է դանիացի միսիոներուհի Մարիա Յակոբսենի աշխատանքը մեծարելու համար։ «Այնքան զուգահեռներ կարելի է գտնել այն ժամանակների ու ներկային դրության մեջ»,- ասում է նա։

Թռչնոց բույնը 1922 թվականին Լիբանանի Ջիբեյլ (Բիբլոս) քաղաքում դանիացի միսիոներուհի Մարիա Յակոբսենի կողմից հիմնված որբանոց-վարժարան է, որտեղ հանգրվանել են Հայոց ցեղասպանությունից մազապուրծ հայ որբերը։  1907 թ. Մարիան այլ  միսիոներների հետ մեկնել է Կ. Պոլիս, այնտեղից էլ՝ Խարբերդ։ Տեսնելով հայերի տառապանքն ու որբերի անմխիթար կացությունը՝ Մարիա Յակոբսենը մյուս միսիոներների հետ Խարբերդում, Մալաթիայում, Այնթապում և այլուր հիմնել է որբանոցներ ու հիվանդանոցներ։ Երբ քեմալական կառավարությունը Թուրքիայից վտարել է բոլոր եվրոպական և ամերիկյան բարեգործական կազմակերպությունները, Մարիա Յակոբսենը զրկվել է այնտեղ ողջ մնացած հայերին օգնելու հնարավորությունից և գնացել է Լիբանան։ 1922 թ. Սայդայում բացել է «Թռչնոց բույնը» որբանոցը։

 « Նոր Թռչնոց բույնի» շնորհիվ նվազագույնը 110 ընտանիք և 200 երեխա օգնություն են ստացել։ Որոշ ընտանիքների ապահովել են կարի մեքենաներով, մատնահարդարման համար նախատեսված սարքավորումներով, որոնց միջոցով կանայք կարողացել են աշխատանք գտնել։

  « Ես ու ամուսինս,-ասում է Զաբել Բերբերյանը,- մի այսպիսի գաղափար ունենք, երբ ապրում ես մի համայնքում, անպայման ամեն ինչ պետք է անես այն զարգացնելու համար։ Եվ երջանկություն է հայրենիքում ապրելը, այնպիսի հայրենիքում, որտեղ երեխաները ապահովված են պետության կողմից ու մարդիկ օգնում են մեկմեկու»։

Հայաստանում անգամ ամենադժվար պահերին չեն մտածել ետ վերադառնալու մասին․

«Գալուց առաջ հայրս ասել էր՝ աղջի՛կս, այնպես չլինի, որ նորից ետ վերադառնաք, որովհետև դուք պետք է օրինակ ծառայեք մյուսներին։ Եվ, իրոք ,մենք գիտենք, որ մեր քայլը օրինակ է եղել, և մեզնից հետո շատերն են եկել Հայաստան»։ 

 

Լուսինե Գուլյան

ուսանող