Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մշակույթ Հասարակություն

Մեր երազանքն է, որ «Բուկինիստ»–ը ոչ միայն առք ու վաճառքի կետ լինի միայն, այլ դառնա մշակութային կենտրոն

«Բուկինիստը» գրախանութը դեկտեմբերի 12-ին կնշի 90-ամյակը «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Նախատեսված է գրախանութի իննսունամյա գործունեության մասին ֆիլմի ցուցադրություն, հայտնի երաժիշտների կատարումներ և մրցանակաբաշխություն՝ «Տարվա թարգմանական լավագույն գիրք», «Տարվա մանկական լավագույն գիրք», «Օտարագիր հայ հեղինակի լավագույն ստեղծագործություն», «Ամենաբարձր վարկանիշ ունեցող գիրք» անվանակարգերով:

«Ա1+»–ը զրուցել է «Բուկինիստ» գրախանութների ցանցի հիմնադիր-տնօրեն, հրատարակիչ Խաչիկ Վարդանյանի հետ։

 

Գրքին տալ երկրորդ կյանք կամ գլավլիտ Լենդրոշի ու դիսիդենտական գրականության տարիները

Գրախանութում սկսել եմ աշխատել 1973 թվականից։ Այս բնագավառում իմ աշխատանքի հիսուն տարին կլրանա հաջորդ տարվա հունվարի 15–ին։ Այդ օրը լավ եմ հիշում, մինչև անգամ հրամանն եմ պահել, աշխատանքային գրքույկն էլ եմ պահել։ Ընդունվել եմ աշխատանքի Սարի թաղի գրախանութում որպես վարիչ, աշխատել եմ մեկուկես տարի։ Հետո, միգուցե բախտս բերեց, միգուցե նկատեցին, որ վատ չեմ աշխատում, տեղափոխեցին Ակադեմիայի շենքի տակ գտնվող գրախանութ, այնտեղ էլ տաս տարի աշխատեցի։ Այն ժամանակ գրքի առևտուրը, որը հիմա «գրքի բիզնես» է կոչվում, պետական մենաշնորհ էր։ Գրահրատարակչությունը, գրախանութները վերահսկվում էր Կենտկոմի կողմից և պատկանում էին ոչ թե առևտրի բաժնին, այլ պրոպագանդայի։ Գիրքը դիտվում էր որպես պետական քարոզչության միջոց։ Այո, գիրքը ոչ միայն գիտելիքի, այլև գաղափարախոսության հզոր միջոց է։ Քաղաքակիրթ հասարակություն ունենալու համար կրթված քաղաքացիներ են հարկավոր։

1983–ին, երբ ես 33 տարեկան էի, առաջարկեցին տեղափոխվել բուկինիստական մասնագիտացված խանութ։ Քանի որ բոլոր գրախանութներն այն ժամանակ համարակալված էին, սա համար 26-ն էր։ Ինչ որ առումով, կարելի է ասել, որ առաջարկը կարելի էր դիտարկել որպես պաշտոնի իջեցում։ Հիմնավորեցին այսպես՝ ասացին, որ բուկինիստական ոլորտում Հայաստանը լավ ցուցանիշներ չունի։ Դա իրոք այդպես էր։ Կարող էի հրաժարվել, սակայն համաձայնեցի, քանի որ խոստացան, որ ծրագիր կա «Գրքի տուն» բացելու, և եթե արդարացնեմ բուկինիստում գործունեությունս, ապա «Գրքի տան» տնօրեն կնշանակեն։ Ասեմ, որ «Գրքի տունը» երազանք էր։ Անգամ տեղի ընտրությանն եմ մասնակցել։ Աբովյանի վրա պետք է կառուցվեր, Բժշկական ինստիտուտի հարևանությամբ։ Ցավոք, մնաց անկատար, քանի որ խորհրդային երկիրը փլուզվեց։ Ի դեպ, տարիներ հետո միայն իմացա, թե որն էր իրական պատճառը, որ ինձ առաջարկվեց “N26 բուկինիստական մասնագիտացված գրախանութ» տեղափոխվել։ ԿԳԲ-ն հայտնաբերել էր, որ տնօրենը, որը իմ ընկերն էր՝ հրաշալի մի անձնավորություն, արգելված գրականություն է վաճառում։ Սակայն, քանի որ հարգված ու վաստակ ունեցող մարդ էր, որոշեցին անաղմուկ հանել, իսկ դրա միակ ճանապարհը նրան այլ գրախանութ տեղափոխելն էր, ինչն էլ արվեց։

Ի՞նչ էր այն ժամանակների արգելված գրականությունը՝ դիսիդենտական, մերժված հեղինակների գրքերն էին։ Անգամ սփյուռքում հրատարակված գրքերը, որ մեր հայրենակիցները որպես նվեր տալիս էին այնտեղ հրավերով մեկնած մտավորականներին, պետք է տարվեր Գլավլիտ, որը պետք է անցկացներ իր ցուցակներով և որոշեր՝ դա կարելի՞ է դնել վաճառքի, թե՞ ոչ։ Հիմնականում դաշնակցական գրականություն էր, որն արգելված էր Հայաստանում։ Նվեր ստացածներից ոմանք՝ ավելի «հեռատեսները», «մոռանում» էին այդ գրքերը ինքնաթիռում, ոմանք էլ նախընտրում էին «չմոռանալ»։ Մաքսատունը կնիքներ էր դնում այդ գրքերի վրա։ Կային կնիքների տեսակներ՝ բազմանկյուն կնիքի դեպքում, օրինակ, այդ գրքերը պահելու ենթակա չէին, եռանկյուն կնիքի դեպքում՝ թույլատրվում էր նվեր գիրքը պահել, սակայն ուրիշին տալու կամ վաճառելու իրավունք չկար։ Երբ դարձա տնօրեն ու գրախանութ վաճառքի էին բերում այսպես կոչված «մերժված գրականություն», տանում էի գլավլիտի մոտ, որի անունը, հիշում եմ, Լենդրոշ էր, բայց տանելուց առաջ, իհարկե կարդում էի։ Երբ սփյուռքահայ բանաստեղծուհի Մարի Աթմաճյանի գիրքը գլավլիտն արգելեց վաճառել, հարցրեցի նրան, թե ո՞րն է պատճառը, չէ՞ որ որևէ հակասովետական բան չկա գրված։ Լենդրոշը պատասխանեց, որ դա կարևոր չի, բավական է որ այդ մարդը որևէ անգամ, որևէ միջոցառման ժամանակ Սովետի դեմ որևէ անթույլատրելի կարծիք է հայտնել, դա էլ բավարար է, որ արգելվի։

Բուկինիստական ոլորտը բացարձակ այլ բնագավառ էր, ինձ համար չինական այբուբեն էր։ Սովորական գրախանութներում, պետության կողմից հրատարակված գրքերն էին միայն վաճառվում, նաև պարտադիր էր ունենալ կոմունիստական քարոզչական գրականություն։ Մշակվում էր թեմատիկ պլան մանկական գրականությունից մինչև գեղարվեստական ու գիտական գրքերի համար։ Մինչև անգամ ունեինք հասարակական կարգով գրքասերների խորհուրդ, որոնք մեզ օգնում էին կողմնորոշվել, պատվերներ ձևավորել։ Իսկ բուկինիստականի սկզբունքն էր ժողովրդից գնել, ժողովրդին վաճառել։ Այսինքն՝ գրքին տալ երկրորդ կյանք։ Գրքեր կան, որ անգամ չորս կամ հինգ անգամ են խանութ մտել ու դուրս եկել։ Ինչ գիրք ասես, որ չեն բերել խանութ, մինչև անգամ հազվագյուտ, 1800-ականների գրքեր։

Սակայն ասեմ  նաև, որ բուկինիստական գրախանութների համար ևս հրահանգներ կային, որով պետք է առաջնորդվեինք։ Այդ հազվագյուտ գրքերը՝ կարելի է ասել թանգարանային նմուշները, որոնց արժեքի մասին անգամ հանձնողներից շատերը չգիտեին, առաջին հերթին պետք է առաջարկվեր պետական գրապահոցներին։ Եվ ինչքան գրքեր համալրեցին Մատենադարանի, Ազգային, այն ժամանակ հանրային գրադարանի, Սարդարապատի և այլ թանգարանների ֆոնդերը։ Երբ եկա գրախանութ, կարելի է ասել, դարակները դատարկ էին։ Մի քանի գիրք էր ու հիմնականում Համաշխարհային գրականության 200 հատորյակը՝ ռուսերեն։ Սկսեցինք մարդկանցից գրքեր գնել, դարակները սկսեցին լցվել գրքերով։ Սկզբում աշխատողները թերահավատ էին՝ ընկեր Վարդանյան, ասում էին, էս ի՞նչ եք անում, ո՞վ պետք է այդ գրքերն առնի։ Հետո տեսան, որ լավ էլ վաճառվում է։

Այստեղ, ի տարբերություն այլ գրախանութների, չկային Բրեժնևի կամ Գորբաչովի «ճառերը»։ Գրքերը ես էի ընտրում։ Կարող էի ասել՝ չի վաճառվում ու վերջ։

Սեփականաշնորհման ալիքի տակ «փոշիացած» գրախանութներն ու գրախանութը ցրտից փրկած Լենինի 37-րդ հատորը

Երկրաշարժ, անկախություն, պատերազմ։ Մութ ու ցուրտ դաժան տարիներ։ Մարդիկ գրքեր չէին գնում, մարդիկ գրքերը վառում էին վառարաններում։ Հիշում եմ, որ գրախանութը տաքացնելու համար պահեստից բերեցի Լենինի 37-րդ հատորը, որը «սարերով» դրած էր։ Երևի, չգիտեմ ինչի, մեծ տպաքանակով էր տպվել ու տարիներով մնացել էր պահեստում։ Ասեմ, որ թուղթը կավճապատ չէր ու լավ էր վառվում։ Հիշում եմ, հանրապետական դատախազության մի աշխատակցի՝ Չարխիֆալաքյան Գյուլիբեկին, ով բարձր կարգի գրքասեր էր։ Քանի որ հանձնած գիրքը նույն օրն էլ կարող էր վաճառվել, համարյա ամեն օր իր աշխատանքային ընդմիջմանը գալիս էր գրախանութ` տեսնելու, թե ինչ նոր գիրքն են բերել վաճառքի, որն իրեն կարող էր հետաքրքրել։ Զարմացավ, երբ տեսավ, որ Լենինի հատորը վառում եմ, բացատրեցի, ասաց` մի օրինակը կարո՞ղ եմ վերցնել որպես կպչան, ասացի՝ իհարկե, մի կապոց կարող եք վերցնել։

Այդ տարիներին տնտհաշվարկի անցանք, հետո սկսվեց սեփականաշնորհման գործընթացը։ Գրախանութները հիմնականում սեփականաշնորհվեցին և փոխեցին իրենց ոլորտը, դարձան սրճարան, դեղատուն կամ սննդի կետ։ Գրախանութների մեծ մասը վերացան։ Երևանում մինչև անկախության տարիները 67 գրախանութ կար, բայց  «փոշիացան» սեփականաշնորհման ալիքի տակ։ Մեր գրախանութը գնահատեցին 2500 դոլար, որն անասելի մեծ գումար էր ինձ համար, յոթը սարի հետևում էր, չկարողացա սեփականաշնորհել, հետո գինը դարձավ 3500, հետո՝ 5000, հետո էլ արգելեցին սեփականաշնորհումն ու ասացին, որ կորպորացիա պետք է ստեղծեն։ Մամուլի կոմիտեն դարձավ ինֆորմացիայի նախարարություն։ Ղեկավարը Սաֆարյան Էդիկն էր, որի մոտ գնացի ու բացատրեցի, որ գումար չունենալու պատճառով չեմ կարողացել սեփականաշնորհել, բայց եթե հնարավորություն լինի, թեկուզ կորպորացիա մտնելու սկզբունքով, պատրաստ եմ։ Ասաց՝ դիմում գրի։ Գրեցի ու սեփականաշնորհեցին։ Դա 1997 թիվն էր։ Սկսեցինք, կարելի է ասել, զրոյից։ Միութենական կապերը խզվել էին։ Ինչևէ, պահեցինք, պահպանեցինք գրախանութը։

Մարդը կոտորակ է։ Համարիչը՝ ուրիշների կողմից քո գնահատականն է, հայտարարը՝ ինքդ քեզ տված գնահատականը

Հիմա նոր փուլ է սկսվում, ժամանակին համահունչ։ Հիմա, փառք Աստծո, նոր գրախանութներ են բացվել, նույնիսկ մրցակցություն կա։ «Բուկինիստն» էլ այս տարիներին աճեց, դարձավ ցանց։ Վստահություն ձեռք բերեցինք գնորդների, գրքասերների շրջանում սպասարկման որակով, տեսականու ընտրությամբ։ Իհարկե, խնդիրներ միշտ կան։ Այնպես չէ, որ հիմա չենք դիմակայում։ Սակայն համեմատության կարգով ասեմ, որ 1997-ի դեկտեմբերին, երբ գրախանութը սեփականաշնորհեցինք, երեք-չորս մարդ էր աշխատում։ Հիմա հարյուրից ավել աշխատակիցներ ունենք, 2000 քմ պահեստ, վաճառակետեր, ադմինիստացիա։ Ունենք նաև, այսպես ասած, «ուղեղային կենտրոն»։ Առաջ ինքս էի պատվերներ անում Ռուսաստանից, հիմա արդեն նաև Անգլիայից ենք պատվիրում գրքեր և պատվերներն անում են երիտասարդ աշխատակցուհիներ, որոնք հրաշալի են կատարում այս աշխատանքը։ Ի դեպ, կարևորն այն է, որ մեր աշխատակիցները գիրք սիրում են և աշխատանքն էլ սիրով են անում։

Այսօր «Բուկինիստի» ցանցը առաջատարներից է Հայաստանում։ Ունենք 18 վաճառակետ։ Սակայն ես յուրացրել եմ Լեվ Տոլստոյի ասացվածքը․ «Մարդը կոտորակ է։ Համարիչը՝ ուրիշների կողմից քո գնահատականն է, հայտարարը՝ ինքդ քեզ տված գնահատականը։ Ես ուզում եմ, որ համարիչը մեծ լինի։ Ինչևէ։ Մեծ ու փոքր վաճառակետերը, իհարկե, ձեռքբերում են, սակայն Մաշտոցի 20–ի մայր գրախանութը մեր հպարտությունն է։ Մեր ողջ կարողությունը, տեսականին այստեղ է։ Նաև մեր նպատակն ու երազանքը, որ «Բուկինիստը» դառնա Երևանի այցեքարտերից մեկը։

Ռուսական «հոսքը» զգացվեց նաև մեր ոլորտում։ Այն, որ ասում են Հայաստան են եկել IT ոլորտի մասնագետներ, կարծում եմ, այդքան էլ այդպես չի։ Հիմնականում միգուցե, սակայն կան նաև այլ ոլորտների մասնագետներ, կարևորը՝ մտավոր ոլորտների։ Ի դեպ, գրախանութը ռուս աշխատակից ունի՝ Սերգեյը, ով ռուսական գրականության բաժնում է աշխատում։ Եկավ, ասաց որ աշխատանք է փնտրում, որ Մոսկվայում հինգ գրախանութի տնօրեն է եղել։ Ասում եմ՝ ինչպե՞ս ես այստեղ աշխատելու, լեզու չգիտես, պատասխանեց՝ գուգլ–թարգմանիչով։ Գիտեք, ես չեմ ամաչում ասել, որ այն գիտելիքները որ ունեմ այս ասպարեզում, աշխատանքային հմտությունները, փորձը ձեռք եմ բերել ռուսներից, դեռ խորհրդային տարիներին և շատ դրական կլինի նաև մեր աշխատակիցների համար նման շփումները։ Հաստատ սովորելու բան կունենան։

Ռուսները ընթերցասեր, գիրքը գնահատող ազգ են, դա այդպես է։ Սակայն դա չի նշանակում, որ այլ ազգեր գրքասեր չեն։ Խորհրդային տարիների գաղափարախոսության միֆերից է, որ ամերիկացիները կամ անգլիացիները կամ գերմանացիները գիրք չեն կարդում։ Այդ երկրներում վերաբերմունքը դեպի գիրքը շատ բարձր մակարդակի վրա է։ Դրա վկայությունը՝ գրահրատարակչությունն է։ Որևէ հրատարակիչ իր միջոցները հենց այնպես չի վատնի, եթե պահանջարկ չլինի։ Տեսեք գրքի ինչ միջազգային ցուցահանդեսներ են կազմակերպվում։ Ամեն երկրում էլ կան թե՛ ընթերցասեր, ու թե՛ գիրքն անտեսող մարդիկ։

Գրքի պահանջարկը տարեցտարի մեծանում է։ Ասում ենք՝ նոր սերունդը գիրք չի կարդում։ Չկա նման բան։ Հիմնականում երիտասարդներն են գիրք գնում։ Հրաշալի սերունդ ունենք։ Իսկ թե հատկապես ինչ գրականություն են նախընտրում, ասեմ՝ և՛ գեղարվեստական, և՛  գիտական, և՛ մասնագիտական:

Աճել է գեղարվեստական գրականության նկատմամբ պահանջարկը։ Օտար լեզուներով գրականության պահանջարկ կա՝ հատկապես անգլերեն, գերմաներեն։ Ռուսերենը արհեստական ձևով հետ մղեցին։ Շատ սխալ էր։ Հիմա որոշ չափով մոտեցումը փոխվել է։ Ռուսերենով մեծ ինֆորմացիայի աղբյուր կա։ Ինչքան էլ որ հիմա թարգմանվում է, դա չնչին մասն է։ Կան գրքեր, որ թարգմանելն անիմաստ է, քանի որ պահանջարկը մեծ չի լինի, իսկ փոքր տպաքանակի դեպքում՝ ծախսատար է ստացվում։  Ինչ վերաբերում է թարգմանչական գրականության որակին, ապա թյուր կարծիք կա, որ խորհրդային տարիներին թարգմանություններն ավելի որակյալ էին։ Թարգմանչական գրականության լավագույն ավանդույթները շարունակվում են։ 

Նախկինում սփյուռքից ներգաղթածներն էին նաև թարգմանությամբ զբաղվում, օրինակ Արման Կոթիկյանն էր ֆրանսերենից թարգմանություններ անում, քանի որ լեզվի կրող էր։ Ռուսերենից էլ թարգմանություններ կային, որոնք հաջողված էին՝ օրինակ Սուրեն Խաչատրյանի թարգմանությունները։ Ի տարբերություն խորհրդային տարիների, երբ մեծ մասը ռուսերենից էր թարգմանվում և համեմատաբար քիչ էին բնագրից թարգմանությունները, այսօր թարգմանվում են հիմնականում բնագրերից։ Հիշում են Խաչիկ Դաշտենցի անունը, ով հիանալի Շեքսպիր էր թարգմանել։ Իհարկե պետք է հիշեն։ Բայց այսօր էլ անուններ ունենք՝ օրինակ Արամ Թոփչյանը, ով նույնպես հիանալի Շեքսպիր է թարգմանել, նաև հին հունարենից «Իլիականն» է թարգմանել։

Ես համարում եմ հաջողված թարգմանությունն այն թարգմանությունն է, երբ գիրքը կարդալիս թվում է կարծես հայերեն է գրված։ Հիմա էլ կան թարգմանություններ, որ ստիպված կարդում ես, քանի որ ընտրություն չունես։ Կան և հիանալի թարգմանություններ։ Երբ հրատարակում էինք մեր «Գիտելիքների հանրագիտարանները», անգլերեն թարգմանչուհուց բացի՝ նաև մասնագետ խմբագրեր ունեինք։ Իսկ «Տիեզերքի հանրագիտարանի» թարգմանիչը Բյուրականի աստղադիտարանի նախկին տնօրենը՝ Հայկ Հարությունյանն էր, ով բացահայտեց, որ հայերի անունով անվանակոչված աստղեր կան, որոնք հանրագիտարանում ներառված չէին։ Գրեցինք անգլիացիներին, սակայն պատասխան չստացանք։

Ինչպես յուրաքանչյուր գործում կա՛մ պետք է պրոֆեսիոնալ ու բարեխիղճ արվի, կա՛մ ավելի լավ է չմոտենալ այդ գործին։ Պետք է սիրես քո աշխատանքը, որպեսզի կարողանաս հաջողություն ունենաս։

Մենք մեր գործը սիրում ենք և ժամանակն է է՛լ ավելի ընդլայնվելու, մեծ, ընդարձակ տարածք ունենալու, որ «Բուկինիստ»–ը ոչ միայն առք ու վաճառքի կետ լինի միայն, այլ դառնա մշակութային կենտրոն, որտեղ մարդիկ պահանջ կունենան գալ, հանդիպել, հաղորդակցվել, քննարկել, նոր բան սովորել։

Ինչ վերաբերում է Մաշտոց 20 հասցեում գործող գրախանութի հոբելյանին, հինգ տարի առաջ հայտնաբերեցինք, որ 85 տարեկան է։ Նշեցինք ինչ որ ձևով։ Այս տարի 90-ամյակն է։ Երկրորդ 90–ը չի լինելու, հարյուրն էլ շատ հեռու է, դեռ տաս տարի կա։ Մտածեցինք՝ իսկ ինչո՞ւ չնշենք։ Սա երևույթ է։ Հայաստանում ուրիշ նման գրախանութ չկա։

Զրուցեց Ռուզաննա Մկրտչյանը