Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_Foto QC (1)
A A
Պաշտոնական

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման ևս մեկ անդամ կալանավորվել է, իսկ պարագլխին որոնում են

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում, ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ դատախազության և ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ, շարունակվում են իրականացվել մեծածավալ քննչական գործողություններ և անհրաժեշտ միջոցառումներ՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու և ներգրավելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «օրենքով գողի» քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող և «Էրո Տոմսկի» մականվամբ հայտնի Է.Ջ.-ն ղեկավարել է իր կողմից ստեղծված, քրեական ենթամշակույթ կրող խմբավորումը. դրա կողմից հետապնդվող նպատակների իրականացմանն ուղղված գործողություններ կատարելու միջոցով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամներ հանդիսացող անձանց տվել է հանձնարարություններ, ինչպես նաև իր հեղինակությունն օգտագործելով՝ կայացրել է պետության կողմից սահմանված վարքագծի համապարտադիր կանոններին չհամապատասխանող և իր կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոններով շարժվելու վերաբերյալ «որոշումներ»:

Քրեական վարույթի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման երեք անդամի նկատմամբ ավելի վաղ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով, և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել կալանավորումը։

Նախաքննության ընթացքում քրեական ենթամշակույթ կրող հանցախմբի անդամներից մեկը՝ Վ.Մ.-ն, ներկայացել է Քննչական կոմիտե, ձերբակալվել, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։

Հանցախմբի պարագլուխ, Իսպանիայի Թագավորությունում գտնվող «Էրո Տոմսկի» մականվամբ հայտնի Է.Ջ.-ի նկատմամբ ևս հարուցվել է հանրային քրեական հետապնդում, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ վերջինիս հայտնաբերելու ուղղությամբ։

նախաքննությունը շարունակվում է:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: