Էս երկրում, այո՛, քաղաքականությունը շատ պրիմիտիվ բան է դառել․ Հրաչ Բայադյան
Աջակցիր «Ա1+»-ինԵղիշե Չարենցի տուն-թանգարանում տեղի ունեցավ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի և ԱՐԻ գրականության հիմնադրամի համատեղ կազմակերպած «Հիշողության մշակույթ. խորհրդային անցյալը և նրա արտացոլումը հայ գրականության մեջ» խորագրով հետազոտական նախագիծն ամփոփող համաժողովը։
Համաժողովին ներկայացվեց նաև մշակութային քննադատ Հրաչ Բայադյանի և մեդիայի ու հաղորդակցության մասնագետ Մարիամ Կարապետյանի կողմից նախագծի շրջանակում իրականացված «Գրական դիմադրությունը և մտավորական ազատությունը 60-70-ականներին» հետազոտական աշխատանքը։
Փիլիսոփայության դոկտոր Աշոտ Ոսկանյանի կարծիքով՝ լավ է, որ նման քննարկումներ են տեղի ունենում, քանի որ մենք շատ պարզունակ պատկերացումներ ունենք այն մասին, ինչ է ազգայինը, ինչ է ազգայնականը, ինչ է սոցիալիստականը։
«Երբ ցույց է տրվում, որ այս ամենը բազմանիստ է, մեկը մյուսից կախված, մեկը մյուսին անցնող, հաղթահարման ենթակա, դա մեզ հարստացնում է և մի քիչ «խելք է սովորեցնում» »,– նշեց պարոն Ոսկանյանը «Ա1+»–ի հետ զրույցում։
Նրա խոսքով՝ Խորհրդային Հայաստանը ահռելի զարգացում է ապրել և՛ տնտեսական, և՛ մշակութային, և՛ այլ բնագավառներում։ Միևնույն ժամանակ դա կապված է եղել ոչ միայն մտածողության առանձին սահմանափակումների հետ, այլ նաև իրական ճնշումների հետ, որի ամենադաժան դրսևորումն էին ստալինյան բռնաճնշումները։
«Ե՛վ դրականը, և՛ բացասականը՝ երկուսն իրար հետ են եղել, մեկը մյուսից անջատելի չի։ Դա մի երևույթ է, որը պետք է վերլուծել, հասկանալ, այդ ահռելի արժեքը գնահատել և փորձել այսօր ինտեգրել։ Բայց վերադառնալ խորհրդային աշխարհին այլևս հնարավոր չէ»,– ասաց պարոն Ոսկանյանը։
«Գրական դիմադրությունը և մտավորական ազատությունը 60-70-ականներին» հետազոտության հեղինակ Հրաչ Բայադյանի խոսքով՝ սա մի փոքր հետազոտական քայլ էր, ընդամենը։ Կլինեն առիթներ նորից խոսելու, չեն լինի,հետազոտությունը գիրք կդառնա, թե ոչ՝ ժամանակը ցույց կտա։
«Նման քննարկումների լսարանը Հայաստանում մեծ չի իրականում։ Հետխորհրդային շրջանում եղել են շրջաններ, երբ նման հանդիպումներն ավելի ինտեսիվ էին։ Ժամանակին նման հրավերները ինձ շատ էին, հիմա բացառիկ դեպքեր են։ Հիմա, միգուցե, նման պահանջարկ չկա։ Այնպես չի, որ երբ ինձ նման քննարկումների հրավիրում են, ես մերժում եմ։ Երբեմն ես երևի ավելի հոռետես եմ։ Մտածում եմ՝ միգուցե կյանքից կտրված եմ տարիքի բերումով, սակայն մարդիկ անընդհատ, կարծես թե, քաղաքականությունից են խոսում, բայց դա քաղաքականացվածություն չի, դա «իդիոտացում» է, ապուշացում է։ Էս երկրում, այո՛, քաղաքականությունը շատ պրիմիտիվ բան է դառել»,–խոսքը եզրափակեց պարոն Բայադյանը։