Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց․ 29-ը հոկտեմբերի․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարում է, որ Ղարաբաղի հակամարտությունը կարող է լուծվել միայն ՄԱԿ-ի բանաձեւերի շրջանակուՄ (տեսանյութ)

1994-ի հոկտեմբերի 29-ին Վրաստանից եռօրյա այցով Հայաստան է ժամանում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բուտրոս Բուտրոս Ղալին: Նույն օրը նրան ընդունում է նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Հանդիպումից հետո Բուտրոս Ղալին հայտարարում է, որ Ղարաբաղի հակամարտությունը կարող է լուծվել միայն ՄԱԿ-ի բանաձեւերի շրջանակում:

1997-ի այս օրը Երեւանի պետական համալսարանում սարսափի երեկո է: Ուսանողները նշում են ամերիկյան Հելոուինը: Բազմաթիվ սարսափ-դիմակներին փոխարինում է Հելոուինի այս միակ սիմվոլը՝ դդմե դիմակը: Ուսանողներին արտասահմանցի հյուրը խորհուրդ է տալիս այս գիշեր զգույշ լինել, որպեսզի չզրկվեն գլխից, իսկ ուսանողները պարում են:

1997-ի այս օրը Գրողների Միությունում մեծարում են սրտի վիրաբույժ, ամերիկահայ Հրայր Հովակիմյանին:

1991-ին  երբ նա եկել է Հայաստան, Առողջապահության նախարար Բաբլոյանը հարցրել է՝ ինձանից ինչ-որ բա՞ն ես ուզում, ասել է՝ ոչ: Նախարարն ուրախությամբ ասել է՝ այդ դեպքում սկսիր աշխատել: Այդ օրից մարդը փրկել է մոտ հազար մարդու կյանք:

1997-ի այս օրերին Հայաստանում ռուսական լրատվամիջոցների դեսանտ է: Հայ լրագրողները նրանցից փորձում են տեղեկանալ, թե ինչու են ռուսական եթերով այդքան շատ կեղտ շպրտում միմյանց վրա: Ելցինի խորհրդի անդամ Միհրանյանը լրագրողների փոխարեն ասում է՝ նրանք գործիք են սեփականատերերի եւ նրանց միլիարդների պայքարում:

Արկադի Վոլսկին 1997-ի այս օրերին Երեւանում մասնակցում է հայ-ռուսական գործարար համաժողովին: Ուրախ է, որ հայերն ու ռուսները կրկին միասին փորձում են գործ անել՝ կորցրել էինք իրար, վերագտանք: Ի դեպ, Վոլսկին Խորհրդային Միության նախագահ Միխայիլ Գորբաչովի ներկայացուցիչն էր Լեռնային Ղարաբաղում 1988 թվականին: Ինչպե՞ս է պատկերացնում հակամարտության լուծումը՝ միայն փաթեթային եղանակով:

1998-ի հոկտեմբերի 28-ին հայ կոմունիստները տոնում են կոմերիտմիության ստեղծման 80-ամյակը: Դահլիճում երիտասարդներին բաժանվում են կոմերիտականի տոմսեր: Կոմկուսի առաջնորդ Սերգեյ Բադալյանն ասում է, որ այսօրվա կոմերիտականները, ցավոք, զրկվել են իրենց իրավունքներից, որոնք կային Խորհրդային Միության օրոք; Այս օրերին Հայաստանում է սփյուռքահայ ռաբիզ երգիչ Փոլ Բաղդադյանը: Նա հանդիպում է «Դավիթ Անհաղթ» համալսարանի ուսանողների հետ, որոնց հընթացս բացատրում են, թե ինչ ասել է սփյուռք: Փոլն ասում է, որ իր ռաբիզով ինքը քարոզում է հայեցիություն:

2001-ի հոկտեմբերի 29-ին Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը ստիպված է պարզաբանել, թե ինչու է Ամերիկան փոփոխություններ մտցրել 907-րդ բանաձեւի մեջ եւ ավելացրել Ադրբեջանի օգնությունը՝ նրան ընդգրկելով հակաահաբեկչական պայքարի գործընկերների ցանկի մեջ եւ բազմաթիվ ռազմական սարքավորումներ նվիրել: Օսկանյանն ասում է, որ Ադրբեջանում էլ կան «Ալ Ղաիդայի» անդամներ, որոնց պետք է չեզոքացնել Ադրբեջանի իշխանությունների օգնությամբ:

2004-ի հոկտեմբերի 29-ին Երեւանի կենտրոնում սպանվում է երկու հոգի: Սպանվածներից մեկը վրացահայ է: Ոստիկանությունը օպերատիվ նկատառումներով հանցագործությունը կատարած անձի ինքնությունը չի հրապարակում: 2010-ի հոկտեմբերի 29-ին Րաֆֆի Հովհաննիսյանը հույս ունի, որ Հանրապետականը կհասունանա եւ կողմ կքվեարկի Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին իրենց օրենքի նախագծին: