Բացել լրահոսը Փակել լրահոսը
311468023_575515741015498_7604875697995241962_n
A A
Հարցազրույց Քաղաքականություն

«Հայ պաշտոնյային թվում է՝ եթե ունի վրաց գործընկերոջ հեռախոսահամարը, ինչ–որ խնդիր կարող է լուծել, բավարար է»

«Ա1+»-ը զրուցել է «Բազմազգ Վրաստան» քաղաքացիական շարժման նախագահ Առնոլդ Ստեփանյանի հետ։  Նրա հետ հանդիպել ենք Հակամարտությունների լուսաբանման թեմայով լրագրողական շրջայցի ընթացքում, որը կազմակերպել էր «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը»։

 

–Պարոն Ստեփանյան, մենք սիրում ենք հիշել, թե Թբիլիսիի հայերը ինչ ներդրում, ինչ դերակատարում և ազդեցություն են ունեցել  Վրաստանում:  Բայց վրացիներն այս մասին հիշել ու հիշատակել առանձնակի  ցանկություն չունեն․ հիմա Ադրբեջանն ու Թուրքիան են Վրաստանի համար կարևոր դերակատար ու գործընկեր։ Այսօր  ի՞նչ դեր ունի հայ համայնքը։

–Թվերը իրականության լավագույն վկաներն են։ Հետխորհրդային երեսուն տարիների ընթացքում մոտ 500 հազարանոց համայնքն այսօր  200 հազարից էլ քիչ է։ Դրական է, որ համայնքը պահպանում է լեզուն ու մշակույթը, դրական է, որ հատկապես երիտասարդները ակտիվ են, սակայն բավարար չէ որոշակի դերակատարում ունենալու համար։ Վերջին տարիներին համայնքը պառակտված էր, հիմա կարծես իրավիճակը որոշակիորեն կարգավորվում է, սակայն համայնքն, ասես, կիսաքնած վիճակում լինի։ Երբ Հայաստանում իրավիճակը լարվում է, կարծես արթնանում են։ Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ համայնքն ակտիվացել էր։ Ես անձնապես գիտեմ մարդկանց, ովքեր մեկնեցին պատերազմ։ Համայնքը ֆինանսական օգնություն ուղարկեց, նաև շտապ օգնության մեքենաներ։ Ինչ խոսք, հետևում են հայկական մեդիառեսուրսներով, թե ինչ է կատարվում Հայաստանում, անհանգստանում են, հուզվում։  

–Ի՞նչ տրամադրություններ կան այսօր համայնքում, ի՞նչ կարծիքներ են հնչում, թե որ կողմ պետք է նայի Հայաստանը՝ դեպի Արևմո՞ւտք, թե Ռուսաստան։

–Ասեմ, որ ռուսական քարոզչամեքենան այստեղ դեռևս մեծ դեր է խաղում։ Չնայած նրան, որ պաշտոնապես երկրում չկան ռուսական ալիքներ, մեծամասնությունը բաժանորդագրված է տարբեր հեռուստափաթեթների և ռուսական քարոզչական ալիքների «թմրանյութը» իր գործն անում է։

Իհարկե քիչ չեն նաև սթափ դատողները, ովքեր ռեալ գնահատում են իրավիճակն ու կողմ են, որ օր առաջ նման դաշնակցից «պոկվենք»։ Դաշնակից, որը տասնամյակներ գործարաններ էր կառուցում ու «պահում» քեզ, հետո մեկ օրում վաճառեց։ Եվ սա ոչ միայն Հայաստանին է վերաբերում։ Ռուսաստանը իմպերիա է, որ առևտուր է անում ժողովուրդների հաշվին։ Բարձրացնում է գինն ու լավ գնով վաճառում։  Սա, ի դեպ իմպերիաների փիլիսոփայությունն է։

Ինչով եք բացատրում փաստը, որ վրացական մեդիան առանձնապես չէր   լուսաբանում  44-օրյա պատերազմը, մինչդեռ ռուս–ուկրաինական պատերազմը գերակա թեմա է։

–Այո, առանձնակի չէր լուսաբանվում, լուսաբանելուց էլ աշխատում էին ավելի «նուրբ» այս խնդրին մոտենալ,  հասկանալի պատճառներով։ Նախ՝ Վրաստանում թե հայկական, թե ադրբեջանական համայքները մեծ են և «բալանսը» պետք է պահել՝ կոնֆլիկտներից խուսափելու համար։ Այսինքն, չի լուսաբանվում, չկա տեղեկատվություն, չկա խնդիր։ Ինչ վերաբերում է ռուս–ուկրաինական պատերազմի լայն լուսաբանմանը, սա ևս հասկանալի է։ Այսօր առանձնակի զգայական կապերով են կապված այս երկու երկրները՝ Վրաստանն ու Ուկրաինան, քանի որ ունեն ընդհանուր քաղաքական հետաքրքրություն և ընդհանուր թշնամի։

Հայերի հետ այսօր, ցավոք, չկա նման զգայական վերաբերմունք։ Խորհրդային երկրի փլուզումից հետո զգայական կապերը ևս «փլուզվեցին»։ Երկար տարիներ վրացիները չէին ներում ու հիշեցնում էին վրաց–աբխազական պատերազմի ժամանակ «Բաղրամյան» գումարտակի դերակատարումը։ Կա նաև հայկական եկեղեցիների խնդիրը, Ջավախքի խնդիրը։ Այս ամենը չէր կարող իր բացասական հետքը չթողնել։

Թերևս ամենակարևոր հանգամանքն այն էր, որ Հայաստանի ղեկավարները, կարելի է ասել, բացարձակ որևէ քայլ չէին ձեռնարկում բարիդրացիական հարաբերությունները ավելի սերտացնելու համար։ Սա մեծագույն սխալ էր։

Ադրբեջանը հետաքրքիր է, քանի որ լուրջ ռեսուրսներ է ներդնում: Մինչդեռ Հայաստանի դեպքում նման ներդրումներ չկան։ Այսինքն, չկան տնտեսական հետաքրքրություններ: Յուրաքանչյուր ղեկավար համարում է, որ եթե ունի վրաց գործընկերոջ հեռախոսահամարը, որի միջոցով էլ ինչ–որ խնդիր կարող է լուծել, բավարար է։

Պետական մտածողություն է պետք, հեռանկարային ծրագրեր են պետք, ասենք հիսուն տարվա կտրվածքով։

Առանց հեռանկարային ծրագրերի ու տնտեսական ներդրումների Հայաստանը Վրաստանի համար ընդամենը դաշնակից հարևան է։ Հարևան, որը սփյուռքի ներուժ ունի, որը, սակայն,  չի օգտագործվում:

–Պարոն Ստեփանյան, ինչպե՞ս կգնահատեք արևմուտքի աշխուժացումը տարածաշրջանում։ Մասնավորապես,  Ֆրանսիայի նախագահ Մակրոնի վերջին հայտարարությունը։

–Ուրախալի փաստ է, որ հանձինս Եվրոպայի նոր խաղացող է ի հայտ եկել։ Ռուս–ուկրաինական պատերազմի ընթացքում արևմուտքը ավելի համարձակ է դարձել և ոչ միայն Ուկրաինայում, այլև Հարավկովկասյան տարածաշրջանում, ինչը շատ կարևոր է։ Պարզ է դառնում, որ մենք Ուկրաինա անունով գնացքի կցորդը չենք, այլ տարածաշրջան ենք նրանց հետաքրքրությունների շրջանակում։

–Իսկ ինչպե՞ս  կարելի է «պոկվել» ՀԱՊԿ–ից։

–«Պոկվել» հնարավոր է, հարցը գինն է։ Ամեն ինչ պետք է գեղեցիկ արվի, ինչպես «Փարիզի, կամ Լոնդոնի լավագույն տներում»։ Կարծում եմ, տղաները դա այժմ հասկանում են։

–Իսկ գինը Արցախն է․․․

–Եթե միայն․․․ Բարդ իրավիճակ է։ Նայած թե ինչպես խաղաքարտերը կդասավորվեն։ ամեն ինչ այնքան արագ է փոխվում։ Կարևորը՝ իրավիճակի կայունացումն է։ Ցավոք, Հայաստանն ամենաթույլն է տարածաշրջանում։  Ես կարծում եմ, որ Հայաստանի մոդելը Իսրայելը չի, Հայաստանի մոդելը՝ Սինգապուրն է։ Պետք է տնտեսապես հարուստ երկիր դառնալ։

– Ռուբեն Վարդանյանին առաջարկվել է Արցախի պետնախարարի պաշտոնը, սակայն նա դեռ իր համաձայնությունը չի տվել։ Շատ արցախցիներ դիտարկում են նրան իբրև «փրկիչ»։

–Ինչ կարող եմ ասել։  Նրա դեպքում դժվարանում եմ կանխատեսումներ անել։ Երկար տարիներ հետևել եմ նրա գործեունեությանը։ Կասեմ, որ նա որևէ բան հենց այնպես չի անում։ Սակայն կդժվարանամ ասել, թե որն է նրա քայլերի մոտիվացիան։ Եթե առանց «խորանալու» նայենք, ապա Արցախում պաշտոն զբաղեցնելն է, հետագայում Հայաստանում պաշտոն զբաղեցնելու ակնկալիքով։

–Պարոն Ստեփանյան, եթե փորձենք դրական ինչ-որ բան գտնել մեր դժվար իրականությունում․․․

–Փորձենք։ Ինչ կարող էր լինել, արդեն եղավ։ Իսկ որպես  դրական փաստ կարելի է գնահատել Եվրամիության դիտորդական առաքելությունը։ Սա փոքր, բայց էֆեկտիվ քայլ է։ Եվրոպան այստեղ իր «աչքերը» կունենա։

Զրուցեց  Ռուզաննա Մկրտչյանը