Վճռորոշ է ագրեսոր պետության՝ ՌԴ-ի նավթի և գազի արտահանումից ստացված շահույթը խլելը․ Զելենսկին ԵԽԽՎ-ում ․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՈւկրաինայի սահմանն անցնելուց բացի՝ Ռուսաստանը հատել է նաեւ մեր կազմակերպության կարմիր գծերը, ԵԽ-ի, որը ստեղծվել է ամբողջ Եվրոպայում խաղաղությունը պաշտպանելու, օրենքի գերակայությունը խթանելու համար՝ հենված մարդու իրավունքների և ժողովրդավարության հարգման սկզբունքների վրա,- այսօր ԵԽԽՎ նիստի սկզբում ասաց կառույցի նախագահ Թինի Կոքսը։ Ըստ նրա՝ դա է պատճառը, որ իրենք հեռացրել են ՌԴ-ին կառույցից։
ԵԽԽՎ պատվիրակների հարցերին այսօր պատասխանում էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, որը միացել էր օնլայն։
«Մենք բոլորս Ռուսաստանի միակողմանի ագրեսիան դիտարկում ենք որպես հարձակում մեր բազմակողմ համագործակցության դեմ, որը կոչված է պաշտպանելու Եվրոպայում մեր բոլոր քաղաքացիներին։ Այդ իսկ պատճառով մենք փորձում ենք անել այն ամենը, ինչ մեր մանդատի մեջ է, որպեսզի աջակցենք ձեր երկրին և ձեր քաղաքացիներին այս ամենադժվար և վտանգավոր ժամանակներում»,- դիմելով Զելենսկուն՝ ասաց ԵԽԽՎ նախագահը։
Ըստ նրա՝ կառույցը ամեն կերպ կաջակցի Ուկրաինային։
«Մեր պարտավորությունն է օգնել ձեզ, որպեսզի ոչ ոք չխուսափի պատասխանատվությունից»,- ասաց նա։
Վլադիմիր Զելինսկին շնորհակալության հայտնեց աջակցության համար, բայց շեշտեց․
«Ես կխնդրեմ ձեզ բոլոր մակարդակներում՝ քաղաքականության մեջ, լրատվամիջոցներում, երբ զրուցում եք ձեր ընտրողների հետ, առաջ մղեք Ուկրաինային համապատասխան քանակությամբ ժամանակակից հակաօդային պաշտպանության և հակահրթիռային համակարգեր մատակարարելու գաղափարը։ Մենք պետք է պաշտպանենք մեր երկինքը ռուսական տեռորից։
Եթե դա արվի, ապա դա կլինի հիմնարար քայլ՝ մոտ ապագայում պատերազմն ավարտին հասցնելու համար»։
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ պետք է ամեն ինչ անել կրճատելու պատերազմը շարունակելու՝ Ռուսաստանի ֆինանսավորման հնարավորությունները․
« Մասնավորապես, վճռորոշ է ագրեսոր պետության նավթի և գազի արտահանումից ստացված շահույթը խլելը։
Ռուսաստանը պետք է տեսնի զրոյացված հաշիվներ, որպեսզի մտածի խաղաղության օգուտների մասին։ Ահա թե ինչպիսին պետք է լինի ԵՄ-ի պատժամիջոցային փաթեթների իմաստը»։
Զելինսկու խոսքով՝ նաեւ պետք է համատեղ ելք գտնել՝ ստիպելու Ռուսաստանին կատարել ՄԱԳԱՏԷ-ի պահանջները։ Այսինքն՝ ապառազմականացնել Զապորոժեի ատոմակայանը։
«Մենք պետք է շարունակենք այս երկխոսությունը, Ռուսաստանին պատասխանատվության ենթարկենք որպես ագրեսոր պետություն, պատասխանատվության ենթարկենք յուրաքանչյուր ռուս մարդասպանի ու դահիճի՝ այս պատերազմի բոլոր հանցագործությունների, սարսափի յուրաքանչյուր դրսևորման համար։ Երբ ստեղծվեն այդ իրավական մեխանիզմները, երբ սկսեն գործել, սա կդառնա երկարաժամկետ խաղաղության ամենահզոր երաշխիքներից մեկը»,- ասաց Վլադիմիր Զելինսկին։
Նրա մասնակցությամբ նիստից հետո տեղի ունեցավ «Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի ագրեսիայի հետագա սրացումը» թեմայով զեկույցի քննարկումը։ Հայկական պատվիրակության անդամները չեն հերթագրվել ելույթների համար։ Նրանք չմասնակցեցին նաեւ փաստաթղթի քվեարկությանը, որում ՌԴ գործող ռեժիմը համարվում է ահաբեկչական:
Ի դեպ, քննարկմանը ելույթ ունեցող վրացի պատվիրակները հիշեցնում էին, որ Վրաստանի տարածքն էլ է ՌԴ-ի կողմից օկուպացված, իսկ թուրք պատվիրակները՝ գովերգում իրենց միջնորդությունը, որը ներդրվել է ռուս-ուկրաինական երկխոսության համար։