Բացել լրահոսը Փակել լրահոսը
1094740
A A
Քաղաքականություն

«Ապրելու երկիր» խմբակցությունը Սիսիանում վայր է դնում ավագանու իր մանդատները

«Ապրելու երկիր» խմբակցությունը նպատակահարմար չի համարում իր գործունեությունը գործող ավագանու կազմում և որոշում է կայացնում վայր դնել ավագանու անդամների մանդատները։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Սիսիանում «Ապրելու երկիր» խմբակցության ավագանու առաջին համարի ներկայացուցիչ Արա Զաքարյանը:

«Ապրելու երկիր» խմբակցությունը չմասնակցելու որոշում ուներ, որով պիտի ապահովվեր նիստի չկայացում և համայնքապետի ընտրության հարցը կրկին համայնքի բնակիչների լիազորության տիրույթ տեղափոխելուն։ Այս որոշման հիմքում ընկած էին սեպտեմբերի 13-ին ադրբեջանական ագրեսիայի պատճառով մեր համայնքի խախտված սահմանների պայմաններում քարոզարշավի դադարեցումը, որի հետևանքով մեր համաքաղաքացիները հնարավորություն չունեցան լիարժեք տեղեկացված ընտրություն կատարելու։

Հետևաբար, առաջին նիստի և հետագա 14 օրվա ընթացքում համայնքապետի ընտրության նիստի չկայացումը այդ իրավունքը կվերադարձներ բնակիչներին։

Ցավոք սրտի, քվորումն ապահովվեց, ինչը և նպաստեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուին 9 ձայնով համայնքապետ ընտրվել։ Ընդամենը 9 հոգի` 8+1, ինչը նույնիսկ ավագանու մեծամասնություն չէ, որոշեցին պետության համար ռազմավարական համայնքի առաջիկա 5 տարվա ճակատագիրը։ Սա գնահատում ենք անթույլատրելի և անընդունելի։

Այս իրավիճակում, «Ապրելու երկիր» խմբակցությունը նպատակահարմար չի համարում իր գործունեությունը գործող ավագանու կազմում և որոշում է կայացնում վայր դնել ավագանու անդամների մանդատները»,- գրել է նա։