Բացել լրահոսը Փակել լրահոսը
համակարգչային հանցագործություն
A A
Պաշտոնական

Ոչ մի դեպքում այլ անձանց չտրամադրե՛լ բանկոմատային քարտերի պահպանվող վավերապայմանները. Դատախազություն

Վերջին ժամանակներում կրկին կտրուկ աճել են համացանցային առուվաճառքի հարթակներում ապրանքների վաճառքի հայտարարություններն օգտագործելով խարդախությամբ կատարված հափշտակության դեպքերը: Այս մասին են վկայում 2022 թվականի ընթացքում արձանագրված սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերի վերաբերյալ Գլխավոր դատախազությունում ստացված հաղորդումների ուսումնասիրությունը:

Առերևույթ հանցավոր արարք կատարող անձինք WhatsApp կամ այլ չվերահսկվող կապի միջոցներով կապ են հաստատում համացանցային առուվաճառքի հարթակներում օրինակ` List.am տարատեսակ ապրանքներ վաճառողների հետ և, հայտարարությամբ տեղադրված ապրանքները գնելու դիմաց էլեկտրոնային եղանակով վճարում կատարելու պատրվակով, նրանցից պահանջում ու ստանում են վերջինների բանկային քարտերի տվյալները, որից հետո, այդ տվյալներն օգտագործելով, հափշտակում են դրանց հաշվին առկա գումարը:

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ գրանցվել են նմանատիպ դեպքերի երկու տեսակ:

Մի դեպքում, ապրանքների վաճառքի վերաբերյալ հայտարարությունը առուվաճառքի նման հարթակներում տեղադրվելուց հետո արտերկրյա կամ տեղական հեռախոսահամարներով գրանցված «WhatsApp» հավելվածի միջոցով անհայտ անձինք կապ են հաստատում հայտարարություն տվողի հետ և խնդրում տրամադրել նրանց բանկային քարտի տվյալները` ապրանքը գնելու և գումարը բանկային քարտին փոխանցելու համար: Վերջիններս «գնորդին» տրամադրում են իրենց բանկային քարտի տվյալները, այդ թվում՝ կոդերը, որից հետո հանցագործների կողմից խաբեությամբ նրանց բանկային քարտից կանխիկացվում են եղած գումարները:

Մյուս դեպքում, հանցագործներն առցանց վաճառքի հանված ապրանքը գնելու պատրվակով, նույն միջոցներով կապ են հաստատում հայտարարություն տվողների հետ, ցանկություն հայտնում գնել ապրանքը: Սակայն, պատճառաբանելով, թե իբր այլ բնակավայրում են բնակվում, նրանք առաջարկում են «Հայ Փոստի» միջոցով կնքել էլեկտրոնային պայամանագիր, ըստ որի՝ վերջինս կատարում է որոշակի գումարի վճարում, իսկ դրա դիմաց առաքիչն ապրանքը տեղափոխում է տվյալ բնակավայր: Ապա հանցավորներն ուղարկում են այսպես կոչված «Հայ Փոստի» ծուղակային հղում, որտեղ անձինք գրանցվում են՝ գրանցելով նաև բանկային տվյալները և կոդերը, որից

անմիջապես հետո պարզում են, որ հղումը կեղծ է և իրենց վստահությունը չարաշահել են: Իսկ հանցավորը, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, կեղծ հղումով ստացված բանկային տվյալները ներբեռնելով, կարողանում է բանկոմատային քարտում եղած գումարը այլ խաղային կամ անձնական հաշիվների փոխանցելով, հափշտակել դրանք:

Դեպքերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է նաև, որ հանցավոր արարքները կատարողները գործում են նախօրոք մտածված սցենարով ու սխեմայով, առաջացնում շահագրգռվածություն անձի մոտ, որ տրամադրեն բանկոմատային քարտի պահպանվող տվյալները: Գնորդն առաջարկում է վճարել ապրանքի դիմաց՝ չսակարկելով վաճառվող առարկայի գինը, ինչը գայթակղում է վաճառողին հանցավորի թակարդն ընկնել ու նրա առաջարկը չմերժել՝ տրամադրելով իր կամ այլ ծանոթ կամ բարեկամի բանկոմատային քարտի պահպանվող տվյալները, որից հետո հանցավորը համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, այդպիսի տվյալները ներբեռնելով, կարողանում է ազատ օգտվել բանկոմատային քարտում եղած գումարից, փոխանցել այլ խաղային և անձնական հաշիվների՝ այսպիսով հափշտակելով դրանք:

Արդյունքում՝ բանկային քարտի սեփականատերը կամ վերջինիս հարազատը կամ մտերիմն ինքնակամ հանցավորին է տրամադրում, իհարկե խաբեության արդյունքում, բանկային քարտի պահպանվող տվյալները, որից էլ օգտվում են հանցավորները՝ հնարավորություն ստանալով իրագործելու իրենց հանցավոր դիտավորությունը:

2022 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում գրանցվել են նշված եղանակով կատարված հանցագործությունների 145 դեպքեր, որոնցից՝

· 134 դեպքով հանցավոր արարքներն ավարտվել են,

· 11 դեպքով հանցավոր արարքներն ավարտին չեն հասցվել հանցավորի կամքից անկախ պատճառներով՝ տվյալ բանկային քարտի հաշվին գումար չլինելու պատճառով:

Նշված դեպքերից՝

· 82-ով կայացվել են քրեական գործ հարուցելու մասին որոշումներ,

· 63-ով կայացվել են քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումներ՞

Նշված 82 քրեական գործերից բացահայտվել է ընդամենը երկուսը, որից մեկը կարճվել է տուժողի հետ կասկածյալի հաշտվելու հիմքով, իսկ մյուսն ընթացքի մեջ է:

Երկու քրեական գործերով վարույթները կարճվել են տուժողի բողոքի բացակայության հիմքով: Ընդհանուր վնասը կազմել է 18 մլն 147 հազար 818 դրամ:

Ընդ որում, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հանցավորը կամ հանցավորները, որպես կանոն, գործում են մեկ միասնական դիտավորությամբ և օգտագործում են բազմաթիվ անձանց տվյալները, այսինքն՝ հանցավոր արարքն ընդգրկում է մեկից ավելի դրվագներ: Ուսումնասիրության արդյունքներից ելնելով՝ ՀՀ դատախազությունը քաղաքացիներին հորդորում է՝ ոչ մի դեպքում այլ անձանց չտրամադրել իրենց բանկոմատային քարտերի պահպանվող վավերապայմանները՝ դրանց վրա առկա թվերը, հատկապես PIN կոդը. նման դեպքում էլեկտրոնային վճարահաշվարկային համակարգերի պաշտպանվածությունն օբյեկտիվորեն կարող է անզոր լինել արգելելու հանցավորների հասանելիությունը քարտային դրամական միջոցներին:

Գլխավոր դատախազություն