Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Եկեք մենք մի դրամով աշխատենք, և բոլորին թոշակ բաժանենք. Սրբուհի Գալյան (տեսանյութ)

 «Եթե ուզում ենք բոլորը հավասար ստանան, եկեք մենք մի դրամով աշխատենք, ու բոլորին թոշակ բաժանենք», - այս արտահայտությամբ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը պատասխանեց պաշտոնյաների աշխատավարձերի և պարգևատրումների շուրջ ծավալված քննարկումներին՝ ընդգծելով, որ խոսքը գաղտնի կամ փակ որոշումների մասին չէ։

« Ես անզգուշություն ունեցա հնչեցնել թիվ հավելավճարների ու պարգևատրումների մասով, և այդ թիվը պտտվեց ժողովրդի շրջանում՝ առաջացնելով դժգոհություն, չնայած այդ 6-7 միլիոնը ամբողջ տարվա ընթացքում կատարված աշխատանքի մասին է: Դա եղել է կառավարության հրապարակված որոշում։ Ընտրությունը եղել է բարձրացնել աշխատավարձերը, ու ըստ կատարողականի գնահատել աշխատանքի արդյունավետությունը։ Այդ պարգևատրումը համարեք աշխատավարձ»,- ասաց նա։

Նախարարի խոսքով՝ նախարարությունում այսօր աշխատողների մոտիվացիան ու մթնոլորտը էականորեն փոխվել են նախորդի համեմատ։

«Մենք ձգտելու ենք 100 տոկոս կատարողական ապահովել, որ մեր բոլոր աշխատակիցները պարգևատրվեն, այսինքն՝ նույնն է՝ ստանան ավելի բարձր աշխատավարձ», - հավելեց նախարարը։

Թվայնացումը որպես համակարգային փոփոխություն

Սրբուհի Գալյանն առաջնահերթ խոսեց թվայնացման գործընթացի մասին՝ նշելով, որ նախորդ տարում գործարկվել է վարչական դատավարության էլեկտրոնային հարթակը, որի միջոցով քաղաքացիները կարող են վարչական դատավարությանը մասնակցել առցանց։

«Պետք է ուրախությամբ նշեմ, որ արձագանքները բավականին դրական են։ Սա այն իրավիճակն է, երբ քաղաքացիական դատավարության էլեկտրոնային համակարգի նախորդ խնդիրները վերհանելուց ու լուծելուց հետո ստեղծել ենք նոր համակարգ, որից արդեն քաղաքացիներն ու պրոֆեսիոնալները գոհ են», - նշեց նախարարը։

Այս պահին արդեն գործում են քաղաքացիական, վարչական դատավարության և սնանկության էլեկտրոնային համակարգերը։ Այժմ աշխատանքներ են տարվում քրեական դատավարության թվային հարթակի ստեղծման ուղղությամբ։

Թվայնացման հաջորդ կարևոր գործիքը ARLIS.am-ն է. «Ապագայում օրենսդրական նախագծերը հնարավոր կլինի մշակել հենց կայքի ներսում։ Մենք արդեն վերապատրաստել ենք պետական մարմինների աշխատակիցներին, որպեսզի կարողանան օգտվել նոր գործիքակազմից՝ հեշտացնելով նախագծերի մշակումը և դրանց շրջանառությունը»:

Սնանկության նոր օրենք՝ առողջացման գաղափարով

Նախարարը ներկայացրեց նաև Սնանկության մասին նոր օրինագիծը՝ նշելով, որ այսօր սնանկությունը հաճախ օգտագործվում է պարտատերերի պարտքից խուսափելու համար. «Շատ մեղմ են պայմանները, որոնց դեպքում անձը ճանաչվում է սնանկ, կամ չկան հետևանքներ սնանկ ճանաչվելուց հետո նրա վարքագծի համար»։

Նոր օրենսգիրքը նպատակ ունի համապարփակ կարգավորել թե՛ նյութական, թե՛ դատավարական մասերը։ «Կնախատեսվեն կանխարգելիչ վարույթներ, որ ֆիզիկական և իրավաբանական անձինք հնարավորություն ունենան առողջանալու, ոչ թե սնանկանալու», - նշեց նախարարը։ Նախագիծն արդեն ստացել է կառավարության հավանությունը և առաջիկայում կքննարկվի Ազգային ժողովում։

Դատարաններում հստակ ժամկետներ

Առաջին ընթերցմամբ ընդունվել է նաև նախագիծ, որով նախատեսվում են գործերի քննության կոնկրետ ժամկետներ բոլոր դատարաններում. «Մենք որդեգրում ենք կանխատեսելիության գաղափարը։ Քաղաքացին պետք է իմանա, որ իր գործի քննությունը կտևի, օրինակ, առավելագույնը մեկ տարի»։

Փոփոխություններ դատավորների էթիկայի հանձնաժողովում

Էթիկայի և կարգապահական հարցերի դատավորների հանձնաժողովում նախատեսվում է ավելացնել երեք իրավաբան գիտնականի տեղ։ «Այստեղ ունեինք շահերի բալանսավորման խնդիր։ Մեր նպատակը գերատեսչական շահի իսպառ բացառումն է»,֊ասաց նա։

Անձնական տվյալների պաշտպանություն՝ առանձին մարմնով

Մշակվում է օրենսդրական նախագիծ՝ անձնական տվյալների պաշտպանության առանձին մարմին ստեղծելու համար. «Պետք է ունենանք բավարար ռեսուրսներով կառույց, որը կկարողանա ավելի արդյունավետ պաշտպանել մարդու անձնական տվյալները»։

Այլընտրանքային վեճերի լուծում և ՔԿՀ-ների բարելավում

Նախարարությունը շարունակում է զարգացնել արբիտրաժի և հաշտարարության ինստիտուտները՝ դատարանների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու համար։ Միաժամանակ լայնածավալ նորոգումներ են իրականացվել բոլոր քրեակատարողական հիմնարկներում, որոնք կշարունակվեն նաև հաջորդ տարի։ Այս պահին ՔԿՀ-ներում պահվում է 2869 անձ՝ 1406-ը կալանավորված, 1463-ը՝ դատապարտյալ։

Վերջին հինգ տարիների ընթացքում առաջին անգամ դատապարտյալների թիվը գերազանցել է կալանավորվածներին։ «Սա բավականին դրական ցուցանիշ է։ Նշանակում է՝ կալանքների թիվը նվազում է, իսկ դատական ակտերն ավելի արագ են մտնում օրինական ուժի մեջ», - հայտնեց նախարարը։

Նրա խոսքով՝ 2025 թվականին պայմանական վաղաժամկետ ազատվել է 170 անձ, 2024-ին՝ 138։

Միևնույն ժամանակ արձանագրվել են խիստ բացառիկ դեպքեր, երբ նախկինում ազատ արձակված անձը կրկին ենթադրաբար կատարել է քրեորեն հետապնդելի արարք։ «Չպետք է այնպես մատուցել, որ մշտապես նման դեպքերի ենք առնչվում», - ընդգծեց նախարարը։

«Մեր երկրում քաղբանտարկյալներ չկան»

Սրբուհի Գալյանը անդրադարձավ նաև քաղաքական բանտարկյալների թեմային. «Վերջերս Եվրոպական կառույցների կողմից համապատասխան զեկույցներն էլ հրապարակվեցին, և մեր ընդդիմախոսներն ու ընդդիմադիր քաղաքական ուժի ներկայացուցիչները շատ դառնացած, ընդ որում իրենք էլ են մասնակից այդ ամենի, նշում են, որ որևէ հղում քաղբանտարկյալներին չկա և այլն, իսկ ինչի՞ մասին է դա խոսում, որ, իրականում, գուցեև դրանք չկա՞ն», - ասաց նախարարը։

Եկեղեցի և իրավական սահմանափակումներ

Անդրադառնալով եկեղեցու թեմային՝ Սրբուհի Գալյանը նշեց, որ սահմանադրական դրույթի նպատակը այլ կրոնական կազմակերպությունների նկատմամբ հավասարության ապահովումն է. «Սահմանադրական դրույթն այն երաշխավորն է, որի առկայության պայմաններում այլ կրոնական կազմակերպություններ չեն կարող օրինակ՝ խոսել խտրական վերաբերմունքի մասին: Հաշվի առնելով եկեղեցու տեղն ու դերը մեր կյանքում ու պետությունում՝ ես կարծում եմ, որ սահմանադրական դրույթի փոփոխություն չպետք է լինի, բայց նշեմ, որ հարցը դեռևս խորհրդի կողմից չի քննարկվել», - ասաց նախարարը։

Ասուլիսի վերջում նախարարը միաժամանակ հիշեցրեց՝ կրոնական կազմակերպություններին օրենքով արգելված է նախընտրական քարոզարշավ իրականացնել. «Կրոնական կազմակերպություններին արգելված է նախընտրական քարոզարշավ իրականացնելը: Սա ես ասում եմ որպես տեղեկատվություն: Ո՞վ է ասել, որ եկեղեցականը կարող է զինված հեղաշրջում նախապատրաստել», - նշեց նա։