2026թ-ին Երևանում կանցկացվի աշխարհի ամենախոշոր գինու մրցույթը. Զարուհի Մուրադյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայկական գինու արտահանման ծավալները դեպի Եվրոպա աճել են նախորդ տարի, իսկ գների մասով արձանագրվել է մոտ 13 տոկոս բարձրացում։ Չնայած դրան՝ հիմնական շուկան շարունակում է մնալ Ռուսաստանը։
«Ռուսաստանը մեզ համար մնում է կարևորագույն շուկա, մենք մեր դիրքերն ամրապնդելու ենք և շարունակելու ենք այդ շուկայում դիրքավորել հայկական գինին, բայց ակտիվություն կա նաև Եվրոպայում», - ասում է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը։
Զարուհի Մուրադյանի խոսքով՝ եթե 2010 թվականին Հայաստանում գործում էր մոտ 25 գինեգործական ընկերություն, ապա անցած տարվա տվյալներով դրանց թիվը հասել է 178-ի։ Զուգահեռ զարգանում է նաև գինու զբոսաշրջությունը։
«Հայկական գինին պարզապես ալկոհոլային խմիչք չէ։ Դա շշալցված մշակույթ է, պատմություն ու ազգային արժեք, որը հնարավորություն է ստեղծում զարգացնել համայնքները, գյուղատնտեսությունն ու տնտեսությունը»,- ասում է Զարուհի Մուրադյանը։
2025 թվականը Հայաստանի գինեգործության համար ակտիվ ու բեկումնային տարի է եղել։ Ոլորտում իրականացվել են մի շարք համակարգային ծրագրեր, ընդլայնվել են արտահանման շուկաները, իսկ առաջիկայում սպասվում են խոշոր միջազգային իրադարձություններ։
«Աշխատելով մեր գինեգործական ընկերությունների հետ՝ այսօր մենք մեծ ընտանիք ենք դարձել, որը կրում է պատասխանատվություն ոլորտի զարգացման ուղղությամբ: Կարծում եմ, որ հիմնադրամը կարևորագույն գործընկերն է ոլորտի և կառավարության համար, քանի որ բարձրաձայնում է ոլորտի խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված ծրագրեր է իրականացնում», - շեշտեց տնօրենը:
Խաղողի տնկարկների միասնական համակարգ՝ առաջին անգամ Հայաստանում
Հիմնադրամի առաջնահերթ ծրագրերից մեկը խաղողի տնկարկների միասնական համակարգի ստեղծումն է։ Արդեն ավարտվել է ծրագրի առաջին խոշոր փուլը․ քարտեզագրվել ու սահմանազատվել են այգիները, հավաքագրվել են տառաթվային տվյալներ։
Առաջիկայում գործարկվելու է կայք․ ամբողջ տեղեկատվությունը մուտքագրվելու է միասնական հարթակում։
«Սա թույլ կտա վերահսկելի դարձնել խաղողի արտադրությունը, գինու ու կոնյակի թողարկումը, ինչպես նաև պետական աջակցության ծրագրերն իրականացնել տվյալների վրա հիմնված։ Կտեսնենք նաև՝ քանի գինեգործ չունի պայմանագիր, ու համապատասխան աջակցություն կտրամադրենք», - ընդգծեց Զարուհի Մուրադյանը։
Նրա խոսքով՝ հարթակն ու հավելվածը պատրաստ կլինեն 2026 թվականի մարտին, իսկ արդեն 2027-ից ամբողջ գործընթացը կկազմակերպվի այդ համակարգի միջոցով։
Հայաստանը կմասնակցի Wine Paris-ին
Հայաստանը շարունակում է մասնակցել խոշոր մասնագիտացված ցուցահանդեսների։ 2026 թվականի փետրվարի 9–11-ը հայկական գինին կներկայացվի Wine Paris ցուցահանդեսում, իսկ մարտին՝ Foodex Japan 2026-ին։ Զարուհի Մուրադյանը նշում է, որ Ճապոնիան ևս գինու սպառման ուղղությամբ զարգացող երկիր է: Եթե անցած տարի այնտեղ ներկայացված էր 10 գինեգործական ընկերություն, ապա այս տարի մասնակցության հայտ է ներկայացրել արդեն 17-ը։
«Ցուցահանդեսները միայն պայմանագրերի մասին չեն։ Դրանք երկիրը ներկայացնելու հնարավորություններ են։ Գինեգործները կարծիքներ են ստանում փորձագետների կողմից, հասկանում են տվյալ շուկան, գնային քաղաքականությունը և հետագայում արդեն ավելի պատրաստված են մուտք գործում այդ շուկաներ», - հավելեց Մուրադյանը։
Հայաստանը նպատակ ունի միջազգային շուկայում դիրքավորվել որպես հնագույն գինեգործական երկիր՝ շեշտադրելով տեղածին սորտերն ու ավանդական տեխնոլոգիաները։
«Մենք սահմանափակ այգիներ ունենք, դրա համար կարևորում ենք, որ յուրաքանչյուր կիլոգրամ խաղողից ստացվի որակյալ գինի», - ասաց Զարուհի Մուրադյանը։
Ըստ նրա՝ միջազգային մրցույթներում ստացվող բարձր գնահատականներն էլ վկայում են, որ ոլորտը զարգանում է ճիշտ ուղղությամբ։
Երևանում կհավաքվեն աշխարհի ավելի քան 400 գինու փորձագետներ
2026 թվականին Հայաստանը կհյուրընկալի «Concours Mondial de Bruxelles» միջազգային գինու մրցույթը՝ աշխարհում ամենախոշորը իր տեսակի մեջ։ Միջոցառմանը կմասնակցեն շուրջ 400 փորձագետ՝ 65 երկրից։
«2019-ին, առաջին անգամ մասնակցելով մրցույթին, հասկացա, որ սա երկիրը ներկայացնելու լավագույն հարթակներից է։ Երկար աշխատեցինք, և վերջապես 2025-ի փետրվարին ստացանք պաշտոնական համաձայնություն, որ Հայաստանը կարող է հյուրընկալել մրցույթը 2026-ին», - ավելացրեց հիմնադրամի տնօրենը։
Ծրագիրը կտևի 5 օր։ Հայաստան ժամանող հյուրերին կներկայացվի ոչ միայն գինեգործությունը, այլ նաև զբոսաշրջային ուղղությունները, մշակույթը։ «Սովորաբար միջոցառումը 4 օր է տևում, բայց մենք խնդրել ենք ևս մեկ օր հավելյալ տրամադրել, որ այցելենք Վայոց ձոր՝ Արենի», - հավելեց Զարուհի Մուրադյանը։